Jump to content

ՏՏՀ/Հագուստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԳՈՒՍՏ, սերտորեն կապված է նորաձևության հետ, որն արտացոլում է գեղեցկության մասին որոշակի, տվյալ ժամանակաշրջանին և հասարակական պայմաններին բնորոշ պատկերացումները։ Հասարակության զարգացմանը զուգընթաց այդ հայացքները փոփոխվում են, հետևաբար, փոփոխվում է և նորաձևությունը։ Հ. ընտրում են ըստ ճաշակի և նորաձևության։ Ճաշակով հագնվելը յուրատեսակ արվեստ է։ Դրան հասու լինելու համար բավական չէ գիտենալ նորաձևության պահանջները (նորաձևության հանդեսներից և պարբերական հրատարակություններից), անհրաժեշտ է նաև մշտապես կատարելագործել և զարգացնել ճաշակը։ Այդ գործում մեծ դեր են խաղում մարդու ընդհանուր բարեկրթությունը, բարոյագիտական և բարոյական սկզբունքները, նրա գեղարվեստական հետաքրքրություններն ու հակումները։

Հ-ի հարցում լավ ճաշակի առավել տարածված չափանիշ է բարեձևությունը (նրբագեղությունը)։ Այս հասկացությունն առաջին հերթին պայմանավորված է Հ-ի գույնի և ձևի կանոնավոր ներդաշնակությամբ, այսինքն, զգեստը կոշիկի, գլխարկի, պայուսակի, ձեռնոցների հետ համակցելը։ Զգեստի նրբագեղությունը դրվագման, առանձին տարրերի, զարդարանքի, համակցվող գույների քանակի և բնույթի չափի պահպանումն է։ Նրբագեղության հեշտ է հասնել երանգային և մերձավոր (բաց դարչնագույնը շագանակագույնի, երկնագույնը կապույտի), ինչպես նաև մեղմ (նուրբ դեղին, վարդագույն, բաց կանաչ, արծաթամոխրագույն, բաց մանուշակագույն) գույների համակցմամբ։ Նրբագեղ է համարվում նաև սև կամ կապույտ գույների համադրումը սպիտակի հետ։

Բարեձևությունը ոչ միայն Հ-ի գեղեցկությունն է, այլ կոնկրետ պայմաններում դրա կիրառության պատշաճությունը՝ մարդու զբաղմունքին, տարիքին համապատասխանությունը ևն։

Հ-ի նկատմամբ ճաշակը և վերաբերմունքը պետք է զարգացնել մանկուց։ Երեխաների ճաշակը դաստիարակվում է երեխայի համար Հ-ի ճիշտ ընտրությամբ և միաժամանակ ծնողների Հ-ի օրինակով։

Հ. կարելի է բաժանել մի քանի խմբերի. ամենօրյա աշխատանքային և տնային, տոնական և հանդիսավոր, մարզական պարապմունքների և քաղաքից դուրս հանգստի։ Կա նաև սեզոնային և հատուկ արտադրական Հ.։

Ամենօրյա Հ-ի համար խորհուրդ են տրվում բազմատեսակ գործվածքներ, տրիկոտաժե կտավ կամ այլ նյութեր, այդ թվում բնական կամ արհեստական կաշի կամ թավշակաշի, արհեստական մորթի, տարբեր նյութերի համակցումներ։ Նախընտրելի են մուգ և բաց երանգների, ոչ խոշոր և մանր նախշերով (զոլավոր կամ վանդակավոր) գործվածքները։

Տնային Հ. սովորաբար կարում են բամբակե, շտապելային, կիսաբրդե, հարթ կամ խավավոր մակերևույթով, նուրբ երանգներով, քիմիական մանրաթելերով գործվածքներից։ Կարող են օգտագործվել պտավոր, զոլավոր, վանդակավոր դասական նախշերով գործվածքները։ Այդպիսի Հ. պետք է ունենա պարզ դրվագում, երիզաժապավեններ, տրեզներ, հյուսած դետալներ, թեզանիքներ, օձիքներ։ Տան համար կանանց խորհուրդ են տրվում շրջազգեստներ, բլուզներ կիսաշրջազգեստների կամ տաբատների զուգակցությամբ, շրջազգեստ-խալաթներ, գոգնոց։ Ցանկալի է ունենալ նաև հանգստի ժամերին հագնելու տնային բարետես Հ.։ Այն կարող է լինել ուղիղ ձևվածքով շրջազգեստ, երկար կիսաշրջազգեստ (ձմռանը տաք, ամռանը թեթև և վառ գույների), տաբատ, բլուզ, բաճկոնակ կամ ժակետ մգդակված երկու ոչ թանկարժեք գործվածքներից այնպես, որ հնարավոր լինի հագնել երկու երեսից։ Տնային ժամանցի համար հարմար են շալերը, գլխաշորերը։

Տան համար տղամարդկանց խորհուրդ են տրվում գոտիով կամ օղլակով, ուղիղ, ազատ բաճկոններ, բամբակե, ֆլանելե, վելվետե, վուշե ազատ վերնաշապիկներ։ Ամառային Հ. կարող է լինել ավելի բաց և վառ գույների (զոլավոր, վանդակավոր), քան ձմեռայինը։ Տնային տաբատները կարելի է կարել ջինսե, շտապելային, կիսաբրդե կամ վելվետե միագույն, ոչ թանկարժեք գործվածքներից։ Ցուրտ եղանակին հարմար են ինչպես հյուսած, այնպես էլ վատինով կամ սինթետիկ բամբակով մգդակած, նուրբ միագույն գործվածքներից կարված բաճկոնները կամ բաճկոնակները։ Տարեց տղամարդկանց խորհուրդ են տրվում շագանակագույն, մոխրագույն, բաց դարչնագույն, կապույտ, երիտասարդներին նաև կանաչ (մուգ կամ բաց խակի), մուգ կարմիր, բաց մանուշակագույն գույները։

Աշխատանքային Հ. կարում են ցանկացած գործվածքից և նյութերից, բացառությամբ դիպակի, մետաքսաթավշի, փայլուն թելով (լյուրեքս, ռեքսոր ևն) տրիկոտաժե գործվածքի։ Կանանց համար հատկապես հարմար են կոստյումները և լրակազմերը, որոնք աշխատանքային շաբաթվա ընթացքում կարելի է տարափոխել։

Հ-ի երկարությունը և համաչափությունը կախված է կնոջ տարիքից, հասակից, կազմվածքից։ Ավանդական են կոստյումները, շրջազգեստները, շրջազգեստ-կոստյումները։ Կոստյումը կարելի է կարել մեկ կամ երկու-երեք հարմար համակցված գործվածքներից։ Աշխատանքային շրջազգեստները, շրջազգեստ-կոստյումները սովորաբար կարում են գրպաններով, կոճակներով կամ երկար օղլակով։ Հարմար են շրջազգեստները, սարաֆանները, որոնք հագնում են բլուզների, նուրբ սվիտերների կամ ջեմպերների զուգակցությամբ։ Աշխատանքային Հ. կարելի է դրվագել սպիտակ (կամ բաց գույնի) օձիքով և թեզանիքներով, խիտ տրեզով, եզրաքուղով, քուղով, բազմազան կոճակներով, սեղմակոճակներով, շղթաներով, ճարմանդներով, գոտիներով։

Տղամարդկանց աշխատանքային վերնաշապիկները շատ բազմազան են. միագույն, վանդակավոր և նուրբ կամ խամրած զոլերով։ Հարմար են ինչպես մեղմ, այնպես էլ հագեցած՝ շագանակագույն, կանաչ և սև գույները։ Սպիտակ վերնաշապիկ հագնում են երեկոյան՝ կիրակնօրյա կոստյումի հետ։

Գուլպաներն ընտրում են կոստյումի կամ կոշիկի գույնին համապատասխան։ Դրանք լավ են համակցվում Հ-ի հետ, եթե միագույն են կամ ունեն քիչ նշմարվող նախշեր։

Ամենօրյա Հ. է համարվում նաև վերնահագուստը՝ բոլոր տեսակի վերարկուներ, դրսում հագնելու բաճկոններ։ Վերնահագուստի համար օգտագործում են ավանդական բրդե գործվածքներ, արհեստական և բնական կաշի ու մորթի, անջրանցիկ գործվածքներ (կապրոնից մինչև հատուկ մշակված բամբակե ջրամերժ գործվածքներ)։

Կանանց ավանդական ձմեռային վերարկուները կարում են խավամազոտ, խավավոր, հարթ կամ թեթևակի խոպոպիկավորված մակերևույթով բրդե միագույն պարզ գործվածքներից։ Օձիքների համար աղվամազոտ մորթիներից (աղվես, բևեռաղվես, ջրաքիս ևն) բացի, օգտագործում են կարակուլ։ Մարզական ոճի վերարկուները կարում են տվիդանման գործվածքներից (արհեստական կամ բնական)։ Ձմեռային վերարկուները կարող են ունենալ գոտկատեղում կտրված, գոտկատեղը կիսագրկող, ուղիղ (այդ թվում և գոտիով) կամ լայնացող ուրվագծեր։ Մարզական ոճի վերարկուները հիմնականում ուղիղ են։

Գարնանային-աշնանային վերարկուներն ավելի բազմազան են, քան ձմեռայինները։ Մարզական ոճի ավանդական դասական մոդելներից բացի ընդունված են կիսավերարկուները, որոնք հագնում են տաբատի կամ տաք կիսաշրջազգեստի զուգակցությամբ, թիկնոցները, առանց աստառի և երկերես վերարկուները, բնական և արհեստական կաշվից ու թավշակաշվից, արհեստական մորթուց, կրկնորդված (երկտակ) գործվածքից կարված մոդելները։ Ավանդական, դասական մոդելները կարում են թեթև դրապներից, խավավոր բրդե (ինչպես միագույն, այնպես էլ նախշերով վանդակավոր, զոլավոր) կամ տվիդանման խայտաբղետ գործվածքներից։ Նորաձև տարրերով այդ մոդելները խորհուրդ են տրվում միջին տարիքի և տարեց կանանց։ Կիսավերարկուները, թիկնոցները և միջեղանակային Հ-ի պակաս ավանդական տարբերակները խորհուրդ են տրվում երիտասարդ կանանց և նրանց, ովքեր նախընտրում են Հ-ի մարզական ոճը։

Թիկնոցները փոխարինել են ամառային վերարկուներին։ Թաղանթային կամ «բոլոնիա» կտորներից կարված թիկնոցները կարող են օգտագործվել անձրևի ժամանակ։ Թիկնոցները կարում են տարբեր գույնի գործվածքներից։

Կոստյումները, ժակետները և թեթև բաճկոնները դարձել են դրսի հանդերձանքի անբաժանելի մասը։ Դրանք հագնում են ոչ միայն կիսաշրջազգեստների, այլ տաբատների զուգակցությամբ։ Հիմնականում օգտագործում են միագույն կամ մանր վանդակներով, նեղ, ոչ ցայտուն զոլերով գործվածքներ. Տղամարդկանց պիջակներին նմանվող ժակետներն ունեն միջին երկարություն, պարզ, ուղիղ ուսագիծ, գոտկատեղում մի փոքր նեղացված են։ Բաճկոններն ունեն պարզ, ազատ, ուղիղ կամ կոնքերի մասում հավաքված ձև։ Դրանք կարող են լինել միտակ, աստառով կամ երկտակ (2 բարակ գործվածքներից)։ Մոդելներն ունեն ընդգծված մարզական կամ մարզական գործնական բնույթ, պարտադիր են գրպանները, ձգիչ թեզանիքները կամ դրվագաշերտը, կցակարված կամ ներքևի եզրաշերտի միջով անցկացված գոտիները, սեղմակոճակները, շղթաները ևն։

Կիսաշրջազգեստները (ինչպես բրդե, այնպես էլ այլ գործվածքներից) բազմազան են. ուղիղ, նեղ կտրվածքով կամ մի դարսով, դարսախմբերով, վրաբերվող փեշով, մանրածալքավոր, գանգաձև (կլյոշ), փոթավոր, բոլորածալով ևն։

Կանանց տաբատները նույնպես բազմազան են. ուղիղ, ներքևի մասում նեղ, վերևում լայնացող։ Կարում են բազմապիսի գործվածքներից։

Բրդե գործվածքից կարված տղամարդկանց ավանդական դասական կամ մարզական ոճի վերարկուները նախատեսված են առավելապես միջին տարիքի և տարեց տղամարդկանց համար։ Դրանք կարում են թեթև, բայց դասական գործվածքներից (դրապ, թավշամահուդ, ռատին, դիագոնալ ևն)։ Մարզական մոդելների համար կիրառվում են նաև խայտաբղետ գործվածքներ, այդ թվում և տվիդ։ Երիտասարդ տղամարդկանց համար նախընտրելի են կիսավերարկուները, բնական և արհեստական կաշվից և մորթուց ձմեռային վերարկուները։ Հանովի տաք աստառով, այդ թվում և մգդակած, անջրանցիկ կտորներից կարված բաճկոնները, կիսավերարկուները առավել հաճախ են փոխարինում ավանդական վերնահագուստին։ Այստեղ գերակշռում է մարզական ոճը (դրվագակտորներ, գլխանոցներ, բազմաթիվ գրպաններ, գոտիներ, օղլակներ, քուղեր, սեղմակոճակներ ևն)։

Տղամարդկանց թիկնոցները պահպանում են ավանդական ձևերը (ինչպես, օրինակ, մակինտոշը) կամ էլ կարում են սովորական վերարկուների նման։

Դրսի բաճկոնների համար օգտագործում են մահուդանման կամ վանդակավոր, բրդե կամ խայտաբղետ վանդակավոր և անջրանցիկ խառնագործվածքներ։

Կանանց տոնական հագուստը անհատական է, ոչ միօրինակ։ Տարբերում են տոնական Հ-ի մի քանի յուրահատուկ տեսակներ, հանգստի, ամառային տոնական, իրիկնային տարվա ցանկացած եղանակի, հանդիսավոր իրադարձությունների։ Օգտագործում են տարբեր գործվածքներ, բնական և արհեստական մետաքս, բուրդ, տրիկոտաժե գործվածք, մետաքսաթավիշ, դիպակ, փայլուն թելերով գործվածք ևն։

Հանգստի Հ. (ինչպես արձակուրդի, այնպես էլ տարվա ընթացքում աշխատանքից ազատ ժամանակ կրելու) մի փոքր ավելի տոնական է ամենօրյա Հ–ից։ Այն պետք է լինի նորաձև, խնամքով կարված, սակայն ձևով բավականաչափ պարզ։ Դրանք նույն շրջազգեստները, կոստյումները, լրակազմերն են, որոնք հագնում են աշխատավայրում։ Դրանց տոնականություն է հաղորդում գլխավորապես զարդարանքը (արհեստական ծաղիկներ, զարդեր, ուլունքներ, ապարանջաններ ևն)։ Այդպիսի Հ-ով կարելի է գնալ թատրոն, թանգարան, ցուցահանդես, հյուր։ Ժամանակի ընթացքում այն կարելի է կրել առանց հատուկ զարդարանքի, որպես ամենօրյա Հ.։ Այդպիսի Հ-ի համար հարմար են բրդե և մետաքսե խիտ, ինչպես նաև տրիկոտաժե գործվածքները։

Ամառային տոնական Հ-ի համար խորհուրդ են տրվում միագույն և դաջովի նախշերով մետաքսե թեթև գործվածքներ, վառ գույների չիթ, սատին, շտապել, մարկիզեթ, պոպլին, մետաքսե տրիկոտաժ, խառը գործվածքներ։

Ցանկացած եղանակի իրիկնային Հ. (մեկ-երկու շրջազգեստ կամ կոստյում) տարվա մեջ օգտագործվում է ընդամենը մի քանի անգամ։ Կարում են թավշից, դիպակից, փայլուն կամ կիսաթափանցիկ և տրիկոտաժե գործվածքներից։ Խորհուրդ չի տրվում այդպիսի Հ. հագնել ցերեկը։ Շրջազգեստները կարող են ունենալ տարբեր երկարություն։ Տեղին են բարդ ձևվածքները, բաց ուսերը, թևքերը, վիզը ևն, սազում են թանկարժեք զարդարանքը և փայլուն զարդերը։ Այդպիսի Հ. հագնում են համեմատաբար հազվադեպ։ Սովորաբար այն կարում են կոնկրետ իրադարձությունների համար և ընտրում են ամենատպավորիչ գործվածքները, դրվագում ժանյակներով, ժապավեններով, տրեզներով, մետաքսով, ուլունքով, ասեղնագործ բանվածքով։ Հ. կարող են լրացնել ուսարկուները և վզպատները (կրում են նաև ամռանը)։ Այդպիսի Հ. պահանջում է լրացումների և զարդարանքի խնամքով ընտրություն։ Սովորաբար այն կարում են երկար, մինչև թաթը կամ սրնքամասից ներքև։ Հանդիսավոր Հ-ի լրակազմի մեջ կարող է լինել ժակետ կամ պարեգոտ։

Տղամարդկանց տոնական հագուստը պակաս բազմազան է։ Սովորաբար այն նորաձև տարրերով ավանդական կոստյում է, բաց գույնի (հաճախ սպիտակ) վերնաշապիկ նորաձև կամ թիթեռնակապ փողկապով։ Որպես զարդարանք օգտագործվում են թևքաճարմանդները և փողկապի քորոցները։ Ձմեռային տոնական կոստյումի համար օգտագործում են մուգ երանգների, ամառայինի համար բաց գույնի նեղ զոլերով կամ մանր վանդակներով գործվածքներ։ Հարմար են համակցված կոստյումները (պիջակը և բաճկոնակը նույն, տաբատը այլ գույնի)։ Իրիկնային կոստյումը կարելի է կարել մետաքսե կամ կիսամետաքսե թեթև, ինչպես նաև առկայծող (խամրած փայլով) գործվածքներից։ Հանդիսավոր իրադարձությունների համար նախատեսված միագույն կոստյումի օձիքը և դարձածալերը կարելի է դրվագել նույն գույնի կերպասով։

Մարզահագուստը հագնում են ոչ միայն մարզվելիս, այլ նաև քաղաքից դուրս զբոսանքի և հանգստի ժամանակ։ Կարում են ոչ միայն մուգ, այլև բաց, վառ, հագեցած և հակադիր գույների տրիկոտաժե գործվածքներից։ Ձմեռային Հ. անպայման ներառնում է սվիտեր, անջրանցիկ գործվածքից ազդրերը ծածկող տաք բաճկոն, էլաստիկ գործվածքից տաբատ։ Ամառային մարզահագուստի լրակազմի մեջ պետք է լինեն թեթև բաճկոն, բամբակե խիտ գործվածքից տաբատ, կարճատաբատ, տղամարդկանց վերնաշապիկների նմանվող բամբակե բլուզներ կամ տրիկոտաժե մայկաներ, լողանալու պարագաներ։ Հարմար են կիսաշրջազգեստ-տաբատները կամ մինչև ծնկները հասնող տաբատները («բերմուդ»)։ Որոշ մարզաձևերով զբաղվելու համար օգտագործում են հատուկ Հ. և կոշիկ։

Խիստ տարբերակում չկա երիտասարդների ամենօրյա և տոնական Հ-ի միջև։ Գերակշռում է մարզական, աղջնակների և աղջիկների համար ազգային և ռոմանտիկ ոճը։ Սվիտերները, ջեմպերները, մայկաները, բաճկոնակները, տաբատները (վելվետե և ջինսե), բաճկոնները (թեթև և մգդակած), վերնաշապիկները կարող են կրել ինչպես աղջիկները, այնպես էլ պատանիները։ Դա վերաբերում է նաև կոշիկներին (կրոսովկաներ, կիսակոշիկներ), գլխարկներին (կեպիներ, պանամաներ), վզարկուներին, հեսկիներին, գոլֆերին։ Երիտասարդների Հ. աչքի է ընկնում պայծառությամբ, տարաոճ իրերի (օրինակ, մարզական ոճի տաբատ և փոթազարդ կամ ասեղնագործ բլուզ, դաջովի գործվածքից փոթավոր կիսաշրջազգեստ և մարզական բաճկոն կամ սվիտեր ևն) համադրությամբ։ Տարածված են բաճկոնները, կոմբինեզոնները և կիսակոմբինեզոնները, բազմատեսակ տաբատները (աղջիկների համար)։ Տոնական Հ. լինում է ավանդական (շրջազգեստ աղջիկների, պիջակ կամ կոստյում տղաների համար) կամ ռոմանտիկ և ազգային։ Ավարտական հանդեսների և նշանակալից հանդիսությունների ժամանակ աղջիկների համար հարմար են բոլորածալերով, ժանյակներով, ժապավեններով, ասեղնագործած, իսկ պատանիների համար թեթև, ոչ վառ գույնի բաճկոնները, բաց միագույն վերնաշապիկները։

Հ-ի արտաքին տեսքի համար մեծ նշանակություն ունի ներքնազգեստը։ Թեթև գործվածքներից կարված Հ-ի տակից պետք է հագնել առանց ժանյակների միագույն, բաց գույնի Հ-ի տակից միայն Հ-ի երանգի, թափանցիկ Հ-ի տակից առանց նախշի և զարդակտորի, ցանկալի է մարմնագույն հարթ ներքնազգեստ։ Տաբատ հագնող կանայք պետք է հագնեն կարճ շապիկ կամ մայկա, զուգագուլպաներ։ Գեր կանանց խորհուրդ է տրվում հագնել իրանակալ կամ կիսաիրանակալ։ Ուսակապերը պետք է լինեն բավականաչափ լայն և չափավոր ձգված։ Տղամարդկանց խորհուրդ են տրվում կարճ, սպիտակ կամ գունավոր տրիկոտաժե վարտիքներ, իսկ ձմռանը տրիկոտաժե երկար (մինչև ծնկները հասնող) վարտիքներ, երկար գուլպաներ (գոլֆեր)։

Հ-ի և արտաքին ներդաշնակության նախապայմաններից հիմնականը ինքնաքննադատական վերաբերմունքն է սեփական արտաքինի նկատմամբ։ Պակաս կարևոր չէ նաև իմանալ, թե մարմնի որ թերությունը պիտի թաքցնել կամ կերպափոխված ցույց տալ։ 30-40 տարեկանում կինը պետք է մշակի սեփական Հ-ի որոշակի ուղղություն (ոճ) և հետևի դրան։

Գեր կանանց խորհուրդ չի տրվում շատ կարճ, պիրկ գրկող, լայն, կոնքերի մասում փոթավորված կիսաշրջազգեստներ, լայն թևքերով նուրբ մետաքսե տրիկոտաժից կարված շրջազգեստներ (կարելի է բլուզներ), շատ խոշոր նախշերով, փայլուն գործվածքներ։

Հ-ի խնամքը։ Ճաշակով հագնվելու համար բավական չէ, որ Հ. լինի գեղեցիկ և նորաձև, այն պետք է լինի նաև լավ խնամված, մաքուր, արդուկած։ Բրդե և սինթետիկ գործվածքներից Հ. պետք է ժամանակ առ ժամանակ օդափոխել։

Տրիկոտաժե Հ. պետք է պահել ծալած վիճակում։ Կիսաշրջազգեստի և տաբատի համար անհրաժեշտ են հատուկ կախիչներ։ Մորթիներով դրվագված Հ-ի կամ մորթե վերարկուների վրա չի կարելի այլ Հ. կախել, մորթին կարող է տրորվել։ Տարվա եղանակների հերթագայման հետ պետք է իրերը կարգի բերել (մաքրել, լվանալ, արդուկել), խնամքով դասավորել, ցանել կամ դնել հակացեցային միջոցներ և պահել (2-3 անգամ ստուգել, հատկապես մորթե և բրդե իրերի պահպանվածությունը)։

Պիտակների պայմանական նշանները ցուցումներ են լվանալու, չորացնելու, մաքրելու, արդուկելու ձևերի մասին։

Լվանալու կանոնների նշաններ. նշված թվանշանը ցույց է տալիս, թե ինչ ջերմաստիճանի ջրով կարելի է իրը լվանալ մեքենայով։ Եթե նկարում լվացքի թասի մեջ ձեռք է պատկերված, ապա իրը պետք է լվանալ ձեռքով, 40 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրում, արագ, առանց մզելու։

Նորաձևության բառարան։ Վաղ ժամանակներից նորաձևությունը ծնունդ է տվել նոր բառերի, տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել է առանձնահատուկ բառապաշար։ Այն առկա է նաև մեր կենցաղում։ Հ. ընտրելիս ավելի լավ կողմնորոշվելու, նորաձևության հանդեսների հանձնարարականները ճիշտ հասկանալու, դերձակին ճիշտ կողմնորոշելու համար անհրաժեշտ է իմանալ Հ-ին, կոշիկին, տրիկոտաժե իրերին վերաբերող հիմնական տերմինների, անվանումների (այդ թվում և խոսակցական) իմաստները։ Ստորև բերվում է նորաձևության հանդեսներում հանդիպող և կենցաղում օգտագործվող ժամանակակից նորաձևության տերմինների ոչ մեծ բառարան։

Ազգային ոճ. տարբեր երկրների ժողովուրդների զգեստների տարրերով Հ-ի ոճի տարածված անվանում։

Ապաշ. օձիքի ձև, որը մի անկյունով միացնում է բուն օձիքը և ոչ մեծ դարձածալեր։ Այդ ձևի օձիքով վերնաշապիկն անվանում են ապաշ վերնաշապիկ։

Գլխանոց. Հ-ի մաս, որն անցկացնում են գլխարկի վրայից կամ էլ վերջինի փոխարեն։ Գլխանոցը կարվում կամ ամրացվում է (կոճակներով, սեղմակոճակներով) Հ-ի վզին կամ օձիքատակին։ Լայնորեն կիրառվում է տղամարդու, կանանց, մանկական Հ-ի ամենատարբեր տեսակներում (խալաթներ, անջրանցիկ թիկնոցներ, բաճկոններ, վերարկուներ)։

Գոդե. ներքևի մասում շեշտակի լայնացող կիսաշրջազգեստ (տես Մոդելավորում):

Գոլֆ. Հ-ի որոշ տարրերի անվանում, որոնք նախկինում կապված են եղել գոլֆ խաղալու Հ-ի ոճի հետ։

Գոլֆ տաբատ. կարճ, նախկինում առավելապես վանդակավոր, ծնկներից քիչ ներքև, կցակարովի (կոճակներով կոճկվող) թեզանիքներով տաբատ։

Գոլֆ դարս. կիսաշրջազգեստի առաջամասում միակողմանի, իսկ բաճկոնի թիկնամասում ուսակարից կամ դրվագակտորից սկսվող և գոտկատեղում կարված դարսեր։ Երկու տարբերակն էլ ապահովում են շարժումների ազատությունը։

Գոլֆ գուլպա. կարճ գուլպա կամ երկար, մինչև ծնկները հասնող կիսագուլպա՝ ռետինաքուղով։

Դարձածալ. վերարկուի, ժակետի, պիջակի առաջամասի վերևի հետծալված անկյունը։ Ժամանակակից Հ-ի մեջ լայնորեն տարածված են օձիքի հետ միացված դարձածալերը։ Կարող են լինել նաև առանց օձիքի կամ էլ անհամաչափ (միակողմանի) դարձածալեր։ Երիտասարդական ամառային Հ-ի մեջ օգտագործում են գունավոր, հաճախ տարբեր գույների դարձածալեր։

Դեկոլտե. լանջաբացվածք, կանացի շրջազգեստի վզի մեծ փորվածք։ Ժամանակակից Հ-ի մեջ օձիքով չի երիզվում։ Դեկոլտեն լինում է միայն առաջամասում, միայն թիկնամասում, ինչպես նաև երկուսում միաժամանակ։ Կարելի է բացել նաև ուսերը («մեծ դեկոլտե»)։

Դիսկո. պարի երեկույթների, դիսկոտեկների երիտասարդական Հ.։ Շրջազգեստը, տաբատը, բլուզը, կոմբինեզոնը կարում են թեթև, երբեմն փայլուն գործվածքից կամ տրիկոտաժից։

Զանգապան (սռնապան, հեսկի). Հ-ի առարկա, լրացնում է կոշիկը, ծածկում ոտնաթաթից մինչև ծունկը կամ էլ մի փոքր վեր։ Տրիկոտաժե գունավոր զանկապանները հագնում են մարզակոշիկի հետ կամ էլ մարզումների ժամանակ։

Զարդանախշ (դեկոր). տպանախշերով, ասեղնագործությամբ, ապլիկացիայով Հ-ի դրվագում։ Հ. զարդանախշել կարելի է նաև գործվածքի դաջովի և հյուսած նախշերով, գեղազարդիչ դետալներով (օձիք, վարդակապ, գոտի)։

Թրենչկոտ. մինչև օձիքը կոճկվող, ծալովի օձիքով, գոտկատեղում թեթևակի սեղմված, հետնամասի կտրվածքով (շինելի գրատի նմանությամբ) տղամարդու վերարկու, որը լայնորեն տարածված էր 60-ական թթ. սկզբին։ Այժմ թրենչկոտ են անվանում տղամարդու և կանանց մինչև օձիքը կոճկվող վերարկուները։

Կարդիգան. առանց օձիքի երկարավուն ժակետ։ Անվանումն առաջացել է անգլիացի տղամարդկանց ժամանցի Հ-ից, որը հագնում էին XIX դ. սկզբին, այնուհետև սկսեցին այդպես անվանել մարզական ոճի հյուսած բրդե ջեմպերը։

Կարճատաբատ. տղամարդու, կանանց և մանկական կարճ, ծնկներից վեր տաբատ։ Եվրոպական մի շարք երկրներում և Ամերիկայում կարճ տաբատն ավանդական Հ. է, հագնում են բոլոր տարիքի մարդիկ։

Կիլտ. վանդակավոր կիսաշրջազգեստ առջևից վրաբերովի փեշով, հետնամասի և կողքերի դարսերով։ Կիսաշրջազգեստների այս ձևը փոխառվել է Շոտլանդիայի լեռնաբնակների ազգային Հ-ից, այդ պատճառով էլ երբեմն անվանում են «շոտլանդական կիսաշրջազգեստ»։ Առավել տարածված են վրաբերվող մասի ուղղաձիգ եզրի ծոպերը, միայն հետնամասի կամ հետնամասի և կողքերի մանրածալքերը, բարակ կաշեգոտիներին ամրացված 3-4 ճարմանդներով, կոճակներով կամ մեծ զարդաքորոցով (ինչպես բան ազգային զգեստում) կոճկվածքը։

Կիմոնո. ճապոնական ազգային Հ.. որն իրենից ներկայացնում է նկարազարդ կամ ասեղնագործ նախշերով խալաթ։ Դարասկզբից սկսեցին «կիմոնո» անվանել հատուկ ձևվածքի (ամբողջաձևված), այսինքն, առաջամասի և թիկնամասի հետ ձևված թևքը։ Այդպիսի թևքը հատկապես տարածված է կանանց թեթև շրջազգեստներում։

Կլյոշ կիսաշրջազգեստի ձևվածք, որն ունի կոնքերից ազատ թափվող փոթածալքեր։ Տարբերում են կիսակլյոշ (ձևվածքը կիսաշրջանաձև), կլյոշ (ձևվածքը շրջանաձև) և տապակներով կլյոշ։ «Կլյոշ» բառը ֆրանսերեն նշանակում է «զանգ» (XIII դ. այդպես էին անվանում առանց թևքերի, գլխանոցով, մորթե աստառով և մինչև ոտնաթաթերը հասնող ճամփորդական մեծ թիկնոցները):

«Կլյոշ» են կոչվում նաև կանացի փափուկ լայնեզր (նրբաթաղիքից կամ հյուսած) գլխարկները։

Կովբոյ. տղամարդու վերնաշապիկ վանդակավոր գործվածքից։ Ունի ուղիղ ձևվածք, կոճակներով կոճկվող թեզանիքներով երկար թևքեր, լանջագրպաններ։ Երբեմն օձիքի անկյունները կոճկվում են կոճակներով։

Մակինտոշ. անջրանցիկ թիկնոց։ Կոչվել է ի պատիվ շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշի, որն անցյալ դարի 30-ական թթ. կաուչուկի բարակ շերտով սոսնձել է կտորի երկու շերտ՝ այն դարձնելով անջրանցիկ։ Մակինտոշի համար բնութագրական են ուղիղ ուրվագիծը, հետծալովի օձիքը (դարձածալերով և առանց դարձածալերի), հետնամասի փորակը, կտրովի թեք գրպանները, գոտին և թևքերի զոլակները։

Միտենկի. բաց մատներով ձեռնոց։ Ի հայտ է եկել XVI դ.։ Պատրաստել են մետաքսից, թավշից, ժանյակից, նույնիսկ մորթուց։ Ձեռնոցի նման ձևը կիրառվել է տարբեր աշխատանքներում։

«Չղջիկ». ամբողջական ձևվածքով թևքի տարբերակներից մեկի անվանում։ Առավել հաճախ կիրառվում է կանանց Հ-ի մեջ, թեթև շրջազգեստների մոդելներում։ Այս ձևի առանձնահատկությունն այն է, որ թևքի փորվածքն իջեցվում է համարյա մինչև գոտկատեղ, իսկ դաստակի հատվածում խիստ նեղանում է՝ գրկելով այն։

Պարեգոտ, պատմուճան (տունիկա). զանազան երկար բլուզների անվանում։ Հաճախ հագնում են կիսաշրջազգեստի և տաբատի, երբեմն նաև թեթև շրջազգեստի հետ։

Պոլո. մարզական թեթև վերնաշապիկ փափուկ օձիքով, մինչև կրծքամեջտեղը կոճկվածքով, հաճախ կարճ թևքերով։ Տերմինը փոխառվել է տիբեթական լեզվից (այդպես է կոչվել գնդակով խաղը), սակայն, որպես նորաձևություն, մուտք է գործել Անգլիայից։

Ջինս. բամբակե խիտ գործվածքից տաբատ։ Եղել է ամերիկյան ֆերմերների և դոկերների աշխատանքային Հ.։ 50-ական թթ. վերջերին-60-ական թթ. սկզբներին լայն տարածում է ստացել, իսկ 70-ական թթ. սկզբներին դարձել երիտասարդության նախասիրած Հ.։ Ենթադրվում է, որ «ջինս» անվանումն առաջացել է Ջենովա իտալական նավահանգստի անունից, որտեղից ջինսի գործվածքը արտահանվել է Ամերիկա։ Ֆրանսիայում, ըստ արտադրության տեղի, գործվածքն ունի և այլ անվանում՝ «դենիմ» («Նիմ քաղաքից»)։

Ջինսի ոճ. մարզական տեսքի Հ., ունի յուրատեսակ ձևվածք, թակալակարեր, վրադիր գրպաններ, մետաղական սեղմակոճակներ, օղլակներ։ Պարտադիր չէ այդ ոճի Հ. կարել ջինսե կտորից, հարմար է ցանկացած խիտ գործվածքը կամ վելվետը։

Ռեգլան. թևքի ձևվածքի տարատեսակ, այդպիսի թևքերով վերարկու (կոչվում է այդ ձևվածքի գյուտարարի՝ անգլիացի գեներալի անունով)։

Ռետրո (հետադարձ). նորաձևության ուղղություն, որն օգտագործում է անցած տարիների մոդելների տարրերը, դետալները, ձևերը։ Ռետրոնորաձևությունը ճշգրտորեն չի կրկնում անցյալի ձևերն ու հնարները, այլ օգտագործում է դրանցից մի քանիսը և ստեղծում նոր մոդելներ (թեթևակի հիշեցնում են երբևիցե հագածը)։ Ռետրոնորաձևության շնորհիվ գործածության մեջ մտան ասեղծնագործած բլուզները և զգեստները, գոդե կիսաշրջազգեստները, ուսաբարձիկները, փոթաժապավենները, սեղմակները, արծաթագույն և ոսկեգույն կոճակները։

Սաբո. փայտե (փայտի ամբողջական կտորից պատրաստված) կամ փայտե ներբանով կաշվե կոշիկներ բաց կրունկով։ 60-ական թթ. վերջերից նորաձևության մեջ տարածվել են սկզբում կաշվե կոպիտ երեսը փայտե ներբանին զարդամեխերով ամրացված, այնուհետև հաստ ձուլածո պոլիուրեթանային ներբանով սաբոները։

Սարաֆան. պարսկական ծագումով բառ է և նշանակում է «գլխից մինչև ոտք հագնված»։ Այժմ սարաֆան են անվանում առանց թևքերի, բաց վզով և ուսերով զգեստը։

Սարոնգ. երկար կիսաշրջազգեստ առանց միացման կարի, կոնքի շուրջը վրաբերվող փեշով։ Այդպիսի կիսաշրջազգեստներ հագնում են Հնդկաստանում և Ինդոնեզիայում։ 70-ական թթ. թափանցել է եվրոպական նորաձևության մեջ։ Այդ կիսաշրջազգեստի փեշի վրաբերվածքը պետք է լինի խոր՝ ընդհանուր շրջագծի 1/3-ից մինչև կեսը։

Սաֆարի ոճ. Հ., որում լայնորեն օգտագործվում են Աֆրիկայում ապրող եվրոպացիների զինվորական Հ-ի տարրերը։ «Սաֆարի» անվանումը նշանակում է «որս աֆրիկյան սավաննաներում»։ Այդ տարազին հատկանշական են ուսադիրներ, վրադիր գրպաններ, թակալակարեր, ուղիղ ուրվագիծ, գույնը՝ խակի, բաց դարչնագույն, տարբեր երանգների սպիտակ։

Սպենսեր. կարճ պիջակ (տղամարդու) կամ ժակետ (կանանց), որը հասնում է մինչև գոտկատեղը։ Կարող է լինել միաշար կամ երկշար կոճկվածքով, օձիքով, դարձածալերով կամ առանց դրանց։ Առաջին անգամ օգտագործվել է XIX դ. անգլիացի տղամարդկանց կոստյումներում։

Սուպատ. գաղտնի կոճկվածք (զոլակով կամ կափույրով ծածկված): Օգտագործվում է Հ-ի բոլոր տեսակներում։

Տոք. կանացի անեզր գլխարկ։ Այդ գլխարկը երբեք նորաձևությունից դուրս չի գալիս, փոփոխվում է միայն առանձին մասերի համամասնությունը։ Կարում են նրբաթաղիքից, փափուկ ծղոտից, կտորից, մորթուց։

Տուրբան (չալնա, գլխափաթթոց). Արևելքի երկրներում լայնորեն տարածված գլխարկ։ Ժամանակակից նորաձևության մեջ չալմայի ձևերը լայնորեն տարափոխվում են, տարածված են թավշից, նրբաթավշից, կերպասից կարված, զանազան թելերից հյուսված տարատեսակները։

Ֆիգարո. կարճ, գոտկատեղից վերև, առավել հաճախ առանց օձիքի ժակետ (կոճկվող կամ առանց կոճկվածքի)։ Օգտագործվում է գլխավորապես կանանց և երեխաների Հ-ի մեջ, կիսաշրջազգեստի, տաբատի կամ շրջազգեստի հետ։ Ֆիգարոն եղել է իսպանական Հ-ի բաղկացուցիչ մաս։