Jump to content

ՏՏՀ/Հակահամաճարակային միջոցառումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հակահամաճարակային միջոցառումներ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 305
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ընդգրկում են բնակավայրերի կոմունալ բարեկարգումը (լավորակ ջրով ապահովում, կոյուղու կառուցում, բնակավայրերի մաքրում), մթերքի պատրաստման, տեղափոխման, պահպանման, վաճառքի սանիտարական ու անասնաբուժական հսկողությունը և ընդհանուր կանխարգելման այլ միջոցառումներ։ Կարևոր է վարակիչ հիվանդությունների հանդեպ բնակչության անընկալության բարձրացումը (տես Կանխարգելիչ պատվաստումներ): Խիստ կարևոր են վարակիչ հիվանդության եզակի դեպքերի, առավել ևս զանգվածային բռնկումների (համաճարակ) հետագա տարածումը կանխող միջոցառումները։ Դրանցից են հիվանդների վաղ հայտնաբերումը, հոսպիտալացումը կամ տնային պայմաններում մեկուսացումը (տես Մանկական վարակիչ հիվանդություններ): Հիվանդի գտնվելու վայրը (բնակարան, մանկական հիմնարկ և այլն) վարակազերծվում է, կազմակերպվում է (գաղտնի շրջանի ժամկետում) հիվանդների հետ շփված անձանց բժշկական հսկողություն (մաշկի և լորձաթաղանթների զննում, մարմնի ջերմաստիճանի չափում և այլն), կատարվում է նաև լաբորատոր (այդ թվում բակտերիաբանական) հետազոտություն չարտահայտված ախտանշաններով հիվանդներին և վարակակիրներին հայտնաբերելու նպատակով։ Որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում, կանխարգելիչ նպատակով, հիվանդների հետ շփված անձանց ներարկում են գամմա-գլոբուլին, բակտերիաֆագեր և այլ պատրաստուկներ։

Մանկական վարակիչ հիվանդությունների դեպքում տանը հիվանդի հետ շփված երեխաներին, որոշակի ժամկետում կամ մինչև լաբորատոր հետազոտության արդյունքներ ստանալը, չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկներ, եթե հիվանդը հոսպիտալացված չէ, ապա մեկուսացման ժամկետը երկարացվում է։ Դիֆթերիայի, մենինգոկոկային վարակիչ հիվանդությունների, որովայնային տիֆի ժամանակ մանկական հիմնարկներում հիվանդացած աշխատողներին ազատում են աշխատանքից մինչև հետազոտման արդյունքներ ստանալը։ Հետազոտման ժամանակ հայտնաբերված բակտերիակիրները բուժման կուրս են անցնում։ Աղիքային վարակիչ հիվանդությունների բակտերիակիրներին (եթե կապված են սննդամթերքի հետ) ազատում են աշխատանքից, իսկ երեխաներին արգելում մանկական հիմնարկ հաճախել։ Այդտեղ վարակիչ հիվանդություններ գրանցվելիս համապատասխան խմբի վրա սահմանվում է կարանտին, արգելվում է նորեկների ընդունումը, խմբից խումբ երեխաների տեղափոխումը։ Հիվանդությունը կրկնակի գրանցվելիս կարանտինի ժամկետը համապատասխանաբար երկարացվում է։

Մեկուսացման և կարանտինի ժամկետները: Դիֆթերիայի ժամկետը մինչև բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունքի ստանալն է։ Կապույտ հազինը՝ 7-14 օր (եթե հիվանդը չի հոսպիտալացվել՝ մինչև 25 օր)։ Կարմրուկինը՝ կարմրուկով չհիվանդացած և չպատվաստված երեխաների համար 17 օր է, գամմա-գլոբուլին ստացածներինը՝ 21 օր։ Մենինգոկոկային վարակիչ հիվանդություններինը՝ մինչև բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունքի ստանալը, կարանտինի ժամկետը խմբում 10 օր է։ Ջրծաղիկինը՝ մինչև 10 տարեկան չհիվանդացած երեխաների համար 21 օր։ Քութեշինը՝ նախադպրոցական հիմնարկներ, ինչպես նաև դպրոցի 1-ին և 2-րդ դասարաններ հաճախող երեխաների համար 7 օր, հիվանդին տանը թողնելու դեպքում՝ 17 օր։ Անգինայով և քութեշով հիվանդների հետ շփված երեխաների մեկուսացման ժամկետը 22 օր է (անգինայով հիվանդանալու օրվանից հաշված)։ Վիրուսային լյարդաբորբի (Բոտկինի հիվանդություն, վարակիչ դեղնախտ) կարանտինի ժամկետը խմբում 35 օր է, սակայն գամմա-գլոբուլին ստացած երեխաներին թույլատրվում է հաճախել կարանտինային խումբ։