ՏՏՀ/Համեմունք
ՀԱՄԵՄՈՒՆՔ, նախատեսված է սնունդն ավելի համեղ դարձնելու համար։ Շատ Հ-ներ նաև բարձրացնում են կերակրի սննդարարությունը։ Առավել տարածված են վանիլը, մեխակը, կոճապղպեղը, հիլը, դարչինը, դափնու տերևը, պղպեղը, չամանը, մանանեխը, կիտրոնաթթուն, աղը, քացախը ևն։ Չափավոր համեմած կերակուրն օգտակար է առողջ մարդու համար, քանի որ խթանում է հյութարտադրությունը, լավացնում ախորժակը և նպաստում դյուրամարսությանը։ Չափից ավելի Հ. վնասակար է, քանի որ գրգռում է մարսողական օրգանները։ Տանը պատրաստվող կերակուրները համեմում են ըստ ճաշակի։ Եթե Հ-ի քանակը նշվում է, ապա մոտավոր՝ «դանակի ծայրով», «3-4 պղպեղի հատիկ», «1-2 դափնու տերև», «1 հատ մեխակ»։ Կերակուրը կարելի է համեմել նաև կաթով, թթվասերով, կարագով, ձվով, ձիթապտղով, արմտիքով, անուշահոտ կանաչեղենով (ստեպղին, մաղադանոս, նեխուր, սամիթ ևն), կապարով, սոխով, ծովաբողկով, սխտորով։