Jump to content

ՏՏՀ/Հավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎ, միսը պարունակում է 7,5-13 % ճարպեր, 20-24 % սպիտակուցներ։ Պատրաստում են բազմապիսի կերակրատեսակներ, սառը և տաք խորտիկներ, ինչպես նաև օգտագործում տարբեր սալաթներ պատրաստելու համար։

Հ-ի հասակը որոշում են մաշկի գույնով և ոտքերի տեսքով։ Մատղաշ թռչնի մաշկը, որպես կանոն, սպիտակ է, նուրբ, լավ երևում են երակները (հատկապես թևատակերի), ոտքերը ծածկված են մանր թեփուկներով։ Հասակավոր Հ-ի մաշկը սովորաբար կոշտ է, դեղնավուն երանգով, ոտքերը պինդ են և ծածկված կրային մակաշերտով՝ կոշտ և խոշոր թեփուկներով։ Աքաղաղների հասակը կարելի է որոշել կատարի մեծությամբ։ Մատղաշ աքաղաղների (մինչև 6 ամսական) կատարի տեղում ոչ մեծ փափուկ ելունդներ են, իսկ հասակավոր աքաղաղների կատարները մեծ են, ոսկրացած։

Արգանակ պատրաստելու համար ցանկալի է օգտագործել միջին բտվածության, հասակավոր, բայց ոչ ծեր Հ-ի մսեղիքը, քանի որ ճտերի և ծեր Հ-ի եփուկը բավականաչափ թափանցիկ և բուրավետ չէ։ Հ-ի մսեղիքի ճարպի ավելցուկները (առավելապես որովայնի ներքևի մասի) կարելի է կտրել, հալել և օգտագործել պաշտետ պատրաստելիս, թռչնամիս տապակելիս ևն։

Տապակելու համար հարմար են ոչ ծեր Հ֊երը և աքաղաղները։ Ավելի լավ է ծեր թռչնի միսն օգտագործել աղացած կերակրատեսակներ (կոտլետ, տեֆտելի ևն) պատրաստելու համար։ Սառը խորտիկների և սալաթների համար օգտագործում են ցանկացած բտվածության և հասակի Հ-ի մսեղիք։ Տես նաև Թռչնամիս, Ճուտ, Ապուր, Հարիսա, Ազգային կերակրատեսակներ, Սոուս։