Jump to content

ՏՏՀ/Հայաստանի Հանրապետության պետական և հիշատակի օրերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի Հանրապետության պետական և հիշատակի օրերը
Տոներ և հիշատակի օրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճաрյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։ Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կան իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։

Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով, նրան մասնակցում էին թագավորն ու թագուհին, արքունի զորքը, նախարարները, հայոց մեծամեծները։ Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։ Որոշ տոներ էլ մոռացության են մատնվել։ Հայկական տոներին հատուկ են մեծ բազմությունների հավաքները, մրցախաղերը, ձիարշավները, երգն ու պարը, ասմունքը, փոխադարձ նվիրատվությունները, ճոխ ճաշկերույթները։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։

Հայոց ազգային սովորույթներից է ընտանիքի անդամների ծննդյան, ամուսնության տարելիցները, նրանց կյանքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունները հանդիսավորապես նշելը։ Հարազատների մասնակցությամբ անցկացվող ընտանեկան այդ տոնակատարությունները նպաստում են ընտանիքի ամրապնդմանը, տոհմական ավանդույթների պահպանմանը, հայրենի հողի հանդեպ սերն անշեջ պահելուն։

Հայոց պետական անկախության ներկա ժամանակաշրջանում բոլոր հնարավորություններն ստեղծվել են ընտանեկան այդ հանդիսությունների շարքում ներառել նաև ազգային, պետական ու եկեղեցական տոները, որոնք խորհրդանշում են մեր ազգային համերաշխությունը, մեր միասնական գոյամարտը, հայկական պետական կառույցի հաստատումը, մեր հազարամյա երազանքների իրականացումը։

Սակայն բոլոր նշանավոր իրադարձությունները չեն, որ ուրախառիթ են։ Կան նաև նահատակների, մարտիրոսների օրեր, մեռելոց օրեր, բոլորովին վերջերս էլ՝ Ազատամարտիկների հիշատակի օրեր։ Եկեղեցական կարևոր տոները կոչվում են նաև տաղավար (Սբ. Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Համբարձում, Աստվածածին, Խաչվերաց)։

Հայաստանի Հանրապետությունում սահմանված են հետևյալ տոներն ու հիշատակի օրերը.

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը՝ ծննդյան տոներ։

Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։

Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկաթյան տոն (ոչ աշխատանքային օր)։

Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)։

1915-ի այս օրը և հետագա մի քանի օրում Օսմանյան կայսրության պարագլուխների հրամանով Կ.Պոլսում ձերբակալվեցին և դեպի Միջագետքի անապատներն աքսորվեցին շուրջ 800 հայ մտավորականներ՝ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, որով սկսվեց Մեծ եղեռնը։ Նրանց մեծ մասն սպանվեց աքսորի ճանապարհին։ Ապրիլի 24-ը յուրաքանչյուր տարի նշվում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում և Սփյուռքում որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր։

Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)։

1945-ի մայիսի 9-ին ֆաշիստական Գերմանիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր բազմահազար զավակներին, որոնք Խորհրդային Միության և դաշնակիցների զինված ուժերի շարքերում մարտնչել են ֆաշիզմի դեմ։

Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր)։

Այդ օրը 1918-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասում վերականգնվեց հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորության անկումից շուրջ 9 հարյուրամյակ հետո։ Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը։ Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով։

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»։

Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օր (ոչ աշխատանքային օր)։

Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեով։ Դրանով Հայաստանի բազմադարյա պատմության մեջ սկսվել է նոր դարաշրջան։

Դեկտեմբերի 7-ը՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օր։

Պաշտոնական տվյալների համաձայն երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրել։ Այդ ծանր օրերին Հայաստանին օգնության ձեռք են մեկնել հայ սփյուռքը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ և միություններ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմեր։ Վերականգնման աշխատանքները Աղետի գոտում շարունակվում են։ ԱՄԱՆՈՐ, ամանոր նշանակում է Նոր տարի։ Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։ 17-րդ դարի տաղասաց Դավիթ Սալաձորցին գրել է.

Գարուն տարի, ամիսք ճյուղ,
Սևավ սպիտակ պտուղ շարուն,
Երկոտասան ամիսք, որ կան,
Մարտն է խարիսխ, հիմն տարուն։

Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը։ Պահպանվել ու մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից գրի առնված չափածո այն պատկերը, որն Ամանորին նվիրված ամենահին ստեղծագործությունն է հայ գրականության մեջ.

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եվ զառավօտն Նաւասարդի.
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանեաք,
Որպէս օրեն էր թագաւորաց։

Ուսումնասիրողները հավաստում են, որ այս խոսքերը պատկանում են հայոց Արտաշես Բ թագավորին (մ.թ.ա. 30-20 թթ.)

Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։ Անցյալում մեծաթիվ ուխտավորներ էին հավաքվում հատկապես Բագրևանդ գավառի Բագավան ավանում, ուր տոնը նշելու էր գնում հայոց արքունիքն ու զորքը։ Քրիստոնեությունը Հայաստանում ընդունվելուց հետո նավասարդ-օգոստոս ամսին նշվող այս տոնը պաշտոնապես փոխարինվեց Սբ․ Կարապետ Հովհաննուն նվիրված տոնով, հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները քանդելու հետ վերացան Բագավանի տոնահանդեսները։ Որպես նոր տարի Նավասարդը շարունակեց նշվել, բայց արդեն նոյեմբեր ամսին, այգեկութից հետո, մասնավորապես մինչև 20-րդ դարի սկիզբը նոյեմբերի 10-ին հաջորդող կիրակի օրը այն նշվում էր Արցախում, Տավուշում, Սյունիքում և այլուր։

Հաջորդ օրը տոնական խնջույքների, կալերում խմբապարերի և երիտասարդական խաղերի, ձիարշավների օրն էր։ Այդ օրն առավոտից սկսած միջոցներ էին ձեռք առնում տարվա առատությունն ու հաջողությունը ապահովելու։ Ուշադիր հետևում էին, որ սեղանը միշտ առատ լիներ, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն։ Վաղ առավոտյան հոգ էին տանում նաև անասունների ու հանդերի մասին, առատ կեր տալիս անասուններին, ցորեն ու գարի շաղ տալիս դաշտերում։ Նույն ակնկալությամբ տուն մտած հյուրին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ իր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) նվիրում մտերիմներին։

1080 թվականին Հովհաննես Սարկավագ Իմաստասերը հայկական տոմարի համար տարեսկիզբ է ընդունել օգոստոսի 11-ը։ 1616-ին Ազարիա Ջուղայեցին (1707-ին՝ նաև Վարդան Կարբեցին) առաջարկեց հայկական օրացույցի մի տարբերակ, ըստ որի տարեսկիզբ էր ընդունվում մարտի 21-ը։ 1758-ին Սիմեոն Ա Երևանցին մի նոր օրացույց կազմեց, որտեղ տարվա սկիզբ էր ընդունում հունվարի 6-ը (Քրիստոսի ծննդյան օրը)։ Գրիգորյան նոր տոմարը, որ կիրառության մեջ է մտել 1582 թվականին Հռոմի Գրիգորիս Երրորդ պապի շրջաբերականով և հաջորդել է Հուլյան (հին) տոմարին, Հայաստանում ընդունվել է 1920 թվականին, իսկ հայ առաքելական եկեղեցին այն պաշտոնապես ընդունել է 1923-ին։

Հայերը հունվարի 1-ը Նոր տարվա սկզբի տոն են ընդունել վերջին հարյուրամյակին։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման հայոց մեջ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տարվա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։ Այսպես, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նյութական պարտքերը, լուծել-ավարտել վիճելի հարցերը, հաշտեցնել հակամարտող կողմերին ևն։ Նոր սկսվող տարվա հաջողությունն ապահովելուն էին միտված, օրինակ, զանազան հմայական իմաստ ունեցող խմորեղենների և մթերքի որոշ տեսակների գործածությունը, ինչպիսիք էին կլոր, մեջը ծակ՝ ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները։ Գյուղերում թխում էին կովի պտուկներ, արոր, գութան, քաղաքներում՝ ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն (մկրատ, մատնոց, ուրագ, քսակ ևն)։ Շատ տեղերում թխում էին նաև մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ ընտանիքի անդամների թվի համեմատ և ընտանի կենդանիների տեսակներից մեկական (եզան, կովի, ոչխարի ևն)։ Թխվելու ընթացքում ուռչելը, կուտ դառնալը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Որոշ վայրերում թխում էին նաև «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի «չարիքը» անցնող ջրի նման չքանար։

Նոր տարվա գալուստը ուղեկցվում էր «նորոգելու» գործողություններով՝ նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նորոգված կրակարան ևն։ Նոր տարվա սկիզբը համարվում էր դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի կեսգիշերը և այդ ակնթարթին վերագրվում էր երկնային մեծ զորություն։ Կեսգիշերին սկսվում էին ընտանիքի անդամների փոխադարձ շնորհավորանքները։ Այդ ակնթարթի երկնային զորությունը լիարժեք օգտագործելու նպատակով ջանում էին այդ պահին օրհնած ջուր բերել տուն։ Նոր տարին շնորհավորում էին հոսող ջրի մեջ հատուկ թխված հացիկներ, ցորեն-գարու հատիկներ գցելով և երգելով.

Քեզի կուտամ ցորեն, գարի,
Դուն ալ ինձի տուր բարի,
Շնորհավոր Նոր տարի։

Միաժամանակ այդ ջրի մեջ թրջում էին ծիսական խմորեղեն, որից ուտում էին իրենք, և մի խուրձ խոտ, որով կերակրում էին տան թռչուններին ու կենդանիներին։