ՏՏՀ/Հանքային ջուր
են ազդում նյութափոխանակության, սիրտանոթային համակարգի, ներզատիչ գեղձերի, ստամոքսի, լյարդի գործունեության վրա։ Ռադոնային ջրերն օգտագործում են Պյատիգորսկ, Ծղալտուբո և այլ առողջավայրերում։
Ազոտային Հ. ջ-երի արդյունավետությունը պայմանավորված է մաշկի վրա ջերմաստիճանային և մեխանիկական (գազի պղպջակների) ազդեցությամբ։ Օգտագործում են նաև ողողումների, ինհալացիայի, աղիքների լվացումների և խմելու համար։ Ազոտային լոգանքները մեղմացնում են ցավը, նպաստում արյան շրջանառության, որոշ ներզատիչ գեղձերի, նյութափոխանակության կարգավորմանը։
Բալնեոթերապևտիկ բուժամիջոցները բարերար ներգործություն են ունենում օրգանիզմի վրա։ Կարևոր դեր են խաղում ջրի ջերմաստիճանը, զանգվածը, գույնը, հոտը (խմելիս), այն պայմանները, որոնցում կատարվում է բուժումը, բուժման տևողությունը, հաճախականությունը, ինչպես նաև օրգանիզմի սկզբնական վիճակը։ Հաշվի առնելով այդ գործոնները, օրգանիզմի վիճակը և հիվանդության առանձնահատկությունը՝ բժիշկը բալնեոթերապիա նշանակում է անհատապես։ Սովորաբար առողջավայրերում Հ. ջ. խմում են անմիջականորեն աղբյուրից։ Բազմաթիվ առողջավայրերում կառուցվում են ըմպելասրահներ (տաղավարներ), որտեղ Հ. ջ. կարելի է խմել ամբողջ տարին։
Որոշ հանքային ջրերի համափոխարինելիությունը
Առավել հաճախ նշանակվող հանքային ջրեր | Փոխարինող հանքային ջրեր |
---|---|
Բորժոմ | Լուժանսկայա, Նաբեգվալի, Պոլյանա, Կվասովա, Սաիրմե, Սվալյավա, Ուժերա |
Եսենտուկի 4 | Արզնի, Ջավա, Եսենտուկի 17, Զվարե, Սեմիգորսկայա |
Եսենտուկի 17 | Արզնի, Ջավա, Եսենտուկի 4, Զվարե, Սեմիգորսկայա |
Կարլովի Վարի (Վրժիդլո) | Ջերմուկ, Ժելեզնովոդսկ, Իստի-Սու |
Արզնի | Եսենտուկի 4, Եսենտուկի 17, Ջավա, Զվարե, Սեմիգորսկայա |
Ջերմուկ | Մոսկովսկայա, Սկուրի, Սմիոնովսկայա, Սլավյանովսկայա |
Նարզան | Արաշան, Արզնի, Դարասուն, Դիլիջան, Եսենտուկի 20, Մոսկովսկայա |
Լայնորեն օգտագործում են նաև շշերով Հ. ջ.։ Շշալցումը կատարվում է սննդի արդյունաբերության ձեռնարկություններտւմ և հատուկ գործարաններում։ Դրանց մեծ մասը կարելի է օգտագործել որպես զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժաբեր ըմպելիք։ Որոշ Հ. ջ-եր օգտագործվում են միայն բուժման նպատակներով։ Դրանք վաճառվում են դեղատներում։ Օգտագործելիս պետք է առաջնորդվել բժշկի խորհուրդներով։
Շշալցված Հ. ջ. ստամոքսաղիքային և այլ հիվանդությունների դեպքում նշանակվում են բուժական այլ միջոցների (սննդային թերապիա, ֆիզիոթերապիա ևն) հետ համակցված։ Ներքին բուժման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է Հ. ջ-ի օգտագործման կանոններից (բաժնեչափ, պարբերականություն, սննդի ընդունման ժամանակի հետ առնչություն ևն), ջերմաստիճանից ևն։ Տանը Հ. ջ-ով բուժումը պետք է կատարել միայն բժշկի նշանակումով (խստորեն կատարելով հանձնարարականները)։ Բժշկի նշանակած Հ. ջ-ի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել համարժեք քիմիական բաղադրությամբ և ազդեցությամբ այլ ջրով (տես աղյուսակը)։ Թեև բազմաթիվ Հ. ջ-եր (Բորժոմ, Նարզան, Ջերմուկ ևն) վաճառվում են առանց սահմանափակման և օգտագործվում են որպես սեղանի ըմպելիք, մարսողության օրգանների, երիկամների հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ ունեցողներն առանց բժշկի հետ խորհրդակցելու չպետք է դրանք օգտագործեն, քանի որ դա կարող է վնասել։
Կա նաև քիմիապես մաքուր աղերից պատրաստվող արհեստական Հ. ջ., որը նման է բնականին, սակայն չի կարելի դրանք նույնացնել։ Տարածված են ածխաթթվային, սուլֆիդային, ազոտային և ռադոնային արհեստական Հ. ջ–երը։ Դրանք օգտագործում են առողջավայրերում (համապատասխան ջրի բացակայության դեպքում), ֆիզիոթերապևտիկական բուժարաններում և հիվանդանոցների բաժանմունքներում։ Արհեստական Հ. ջ-երը ներքին բուժման համար լայն տարածում չեն ստացել։ ՀՀ հարուստ է քիմիական տարբեր բաղադրություն ունեցող Հ. ջ-երով. Արարատ, Արզնի, Բջնի, Դիլիջան, Լիճք, Հանքավան, Ջերմուկ, Սևան։ Գերիշխում են ածխաթթվային ջրերը։ Դրանց մեծ մասն առաջանում է փոքր ու միջին խորություններում, ունեն 3-8 գ/լ հանքայնացում։ Որոշ վայրերում, ուր Հ. ջ-երը ձևավորվում են մեծ խորություններում (մինչև 2000-2500 մ), հանքայնացումը հասնում է 40 գ/լ և ավելի։ Ջերմաստիճանը տատանվում է 4 °C–ից (Գռիձոր) մինչև 64 °C (Ջերմուկ) սահմաններում։
ՀՀ տարածքում հայտնաբերված ավելի քան 400 բնական ելքերից հատկապես աչքի են ընկնում Ջերմուկի ելքերը, որոնք համաշխարհային ճանաչում ստացած Կարլովի Վարիի ջրերի նմանակն են։ Տես նաև Լոգանքներ բուժական: