ՏՏՀ/Հարինգ
ՀԱՐԻՆԳ, ծովատառեխ, ձուկ, որն օգտագործվում է հիմնականում աղով պահածոյված վիճակում։ Հ-ի ճարպի պարունակությունը տարվա ընթացքում խիստ փոփոխվում է. ամռան վերջին ձուկը գիրանում է, և ճարպը կազմում է Հ-ի զանգվածի 20-30 %, իսկ գարնանը՝ ձվադրման շրջանում՝ մինչև 4 %: Ըստ միջավայրի, որսի շրջանի և ճարպոտության, տարբերում են Հ-ի հետևյալ տեսակները. ատլանտյան ճարպոտ (ճարպը՝ 12 % և ավելի), ատլանտյան (ճարպը՝ 12 %-ից պակաս), սպիտակծովային (ճարպը՝ 12 %), խաղաղօվկիանոսային ճարպոտ (ճարպը՝ 12 % և ավելի), խաղաղօվկիանոսային (ճարպը՝ 12 %-ից պակաս)։
Ձկնորսանավերով որսած Հ. տեղում աղ են դնում կամ սառեցնում։ Հ-ները լինում են թույլ (8-10 %), միջին (10-14 %) և թունդ (14 %-ից բարձր) աղայնության։ Աղ դրած Հ. աղազրկելու նպատակով խորհուրդ է տրվում նախապես թրջել սառը ջրով, կաթով կամ թունդ, սառը թեյով։ Օգտագործելուց առաջ պետք է հեռացնել Հ-ի փորոտիքը, մաշկը, կողոսկրերը, ողնաշարի ոսկրերը և խռիկները։ Հ. կարելի է մատուցել թարմ վարունգի, լոլիկի, աղ դրած սնկի, խաշած ճակնդեղի, կարտոֆիլի, գազարի և օղակաձև կտրտած կանաչ կամ գլուխ սոխի հետ։ Աղ դրած Հ.՝ սոուսով տապակած. նախապես թրջած Հ-ի փորոտիքը հանել, գլուխը կտրել (կարելի է անջատել սուկին), թավալել ալյուրի մեջ և ձեթով տապակել։ Այնուհետև պատրաստել սոուսը. 1 գլուխ սոխը մանր կտրտել և յուղով տապակել, ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր և 1 ճաշի գդալ թթվասեր, լավ խառնել և եռման հասցնել։ Պատրաստի սոուսը լցնել տապակած ձկան վրա և մատուցել խաշած կարտոֆիլի հետ։
Աղ դրած Հ.՝ ջեռեփած. յուղոտ Հ. նախապես թրջել, ապա անջատել սուկին։ Խաշած և կտրտած կարտոֆիլը լցնել յուղած կաթսայի մեջ։ Մանր կտրտած սոխը (1 Հ-ին՝ միջին չափի 2 գլուխ սոխ) տապակել կարագով (կամ յուղով), ավելացնել 4-5 ճաշի գդալ թթվասեր, 2 րոպե եփելուց հետո՝ մանր կտրտած մաղադանոս։ Այնուհետև կաթսայում եղած կարտոֆիլի վրա շերտ-շերտ շարել Հ-ի կտրտած սուկին, մանր կտրտած խաշած ձու, լցնել սոուսը, ցանել աղացած պաքսիմատ, վրան դնել մի քանի կտոր կարագ (կամ մարգարին) և 20 րոպե եփել նախապես տաքացրած ջեռոցում։
Խավարտը՝ կտրտած պոմիդոր։
Հ. աղացած. Հ-ի սուկին, նախապես թրջած սպիտակ հացը և գլուխ սոխը 2-3 անգամ աղալ մսաղացով, ապա ավելացնել ձեթ, քացախ, շաքարավազ և լավ խառնել։
500 գ Հ-ին (250 գ սուկի)՝ 2 գլուխ սոխ, 1–2 ճաշի գդալ ձեթ, 100 գ սպիտակ հաց, 1 թեյի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ քացախ։
Թարմ Հ. տապակած. թարմ Հ-ի սուկին կամ կտորները գործվածքի վրա ցամաքեցնել, վրան ցողել կիտրոնի հյութ (ըստ ցանկության), թողնել 30 րոպե, այնուհետև թավալել ալյուրի կամ աղացած պաքսիմատի մեջ և տապակել։
Խավարտը՝ եփած բրինձ, բանջարեղեն կամ տապակած կարտոֆիլ։
Տապակած Հ-ի հետ կարելի է մատուցել հալած յուղ կամ թթվասեր։