ՏՏՀ/Հեռատեսություն
ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տեսողության թերություն, որի դեպքում խանգարվում է դիտվող առարկայի (հատկապես մոտ գտնվող) պարզորոշ պատկերը։ Լինում է բնածին և ձեռքբերովի։ Գրեթե բոլոր երեխաները ծնվում են հեռատես, բայց աճի ու զարգացման ընթացքում Հ-յան աստիճանն աստիճանաբար փոքրանում է և մոտավորապես 10 տարեկանում մեծամասնության տեսողությունը բնականոնանում է։ Թույլ և նույնիսկ միջին աստիճանի (մինչև +3 դիօպտր) Հ-յան դեպքում տեսողության սրությունը լինում է բնականոն և հատուկ ակնոցներով շտկելու անհրաժեշտություն չի զգացվում։ Առավել բարձր աստիճանի (+5 դիօպտրից բարձր) Հ-յան դեպքում տեսողության սրությունը երբեմն խանգարվում է և նույնիսկ ակնոցների օգտագործման դեպքում չի հասնում բնականոնի։ Ուժեղ արտահայտված Հ-յան դեպքում, եթե ակնոց չեն օգտագործում, հաճախ առաջանում է աչքերի արագ հոգնածություն, գլխացավ, բութ ցավեր ճակատի և աչքերի շրջանում, աչքերում ճնշման զգացում։ Կարդալիս տառերն սկսում են միաձուլվել։ Պարապմունքների ժամանակ ընդմիջումը ժամանակավոր վերացնում է այդ երևույթները, սակայն շուտով դրանք նորից ի հայտ են գալիս։
Համառ գլխացավերի դեպքում դպրոցականները պետք է դիմեն բժշկի և Հ-յան հայտնաբերման դեպքում անպայման ակնոց կրեն։ Երեխաների Հ. երբեմն կարող է շլության առաջացման պատճառ դառնալ։