Jump to content

ՏՏՀ/Հոդախախտում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոդախախտում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 312
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ, ոսկրերի հոդային ծայրերի կայուն տեղաշարժ, որից խանգարվում է հոդի գործունեությունը։ Տարբերում են բնածին (պայմանավորված սաղմնային շրջանում հոդերի, հաճախ կոնքազդրային, ոչ ճիշտ զարգացմամբ) և ձեռքբերովի (վնասվածքային և ախտաբանական, այսինքն՝ հիվանդությունների հետ կապված) Հ-ներ։ Առավել հաճախ առաջանում են վնասվածքային՝ հատկապես ուսային և արմնկային հոդերի, ինչպես նաև ազդրի, ծնկան, մատերի, ծնոտի և այլ Հ-ներ։ Հ. կոչվում է բաց, երբ ուղեկցվում է հոդի խոռոչը թափանցող վիրավորումներով։ Հ-ման ախտանշաններն են հոդի խիստ ցավոտությունը և ձևախախտումը, տվյալ մասում շարժումների անհնարինությունը կամ սահմանափակումը։

Հ. պետք է ուղղի բժիշկը (կամ բուժակը)՝ վնասվածքից կարճ ժամանակ անց կամ առաջին երկու օրից ոչ ուշ։ Այդ ժամկետից ուշ ուղղումը, երբեմն առանց վիրահատության, դառնում է անհնարին։ Մինչև բժշկի գալը հոդախախտված հոդի վրա (առաջին ժամերին) պետք է սառը դնել (ոչ մի դեպքում չի կարելի տաքացնող կոմպրես)։ Անհրաժեշտ է սահմանափակել վնասված ծայրանդամի շարժումները, դնել անշարժացնող վիրակապ կամ բեկակալ։ Վերքը, քերծվածքը պետք է կապել ախտահանված վիրակապով։