Jump to content

ՏՏՀ/Ճակնդեղ (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱԿՆԴԵՂ (աճեցումը), ՀՀ-ում տարածված վաղահաս սորտերից է Եգիպտական տափակը, միջահասներից՝ Բորդոն։ Ճ. երկամյա բույս է, պահանջկոտ հողի բերրիության և խոնավության նկատմամբ։ Ստվեր չի սիրում։ Լավ է աճում թույլ թթվային և չեզոք, թափանցիկ, փուխր, ավազախառը, մոլախոտերից զերծ հողերում։ Լավագույն նախորդներն են կաղամբը, վարունգը, կարտոֆիլը և շարահերկ այլ բույսեր։ Հողամասը պետք է պարարտացնել օրգանական պարարտանյութերով։ Գարնան կրկնափորի ժամանակ հողը պարարտացնում են հանքային պարարտանյութերով՝ 1 մ²–ին՝ 15-20 գ ամոնիակային բորակ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 10-15 գ կալիումի քլորիդ։ Ճ. պետք է ցանել վաղ գարնանը։ Հողը փոցխում են, կրկնափորում և մարգոցում, նախօրոք հարթված մարգերում ցանում են 45-50 սմ միջշարային և 12-15 սմ միջբուսային հեռավորությամբ, 2-2,5 (թեթև հողերում), 3-5,5 սմ (ծանր հողերում) խորությամբ։ Ծիլերը երևալուց 3-5 օր հետո պետք է կատարել միջշարքերի փխրեցում և քաղհան։ Երբ բույսերն ունենում են 2-3 տերև, կատարում են առաջին նոսրացումը՝ թողնելով 4-6 սմ միջբուսային հեռավորություն։ Երկրորդ նոսրացումը կատարում են 20-25 օր հետո՝ թողնելով 10-15 սմ միջբուսային հեռավորություն։ Հաջորդ նոսրացումների ժամանակ բույսերի տերևները կարելի է օգտագործել սննդի մեջ։ Յուրաքանչյուր նոսրացման ժամանակ նաև քաղհանում են։ Վեգետացիայի ընթացքում 2 անգամ սնուցում են պարարտանյութերով. առաջինը նոսրացումից հետո (ազոտական), երկրորդը՝ միջշարքերում փրերի միակցման ժամանակ (ֆոսֆորկալիումական)։ Ամռան ընթացքում Ճ. պետք է ջրել 2-3 անգամ։ Բերքը հավաքում են մինչև աշնան ցրտահարությունները։