Jump to content

ՏՏՀ/Ճոճ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃՈՃ, տնամերձ հողամասում, բակում Ճ. պատրաստելու համար անհրաժեշտ են 120 մմ տրամագծով, 2,9 մ երկարության երկու կանգնակ, 120 մմ տրամագծով, 1,5 մ երկարության մարդակ, երկու կեռ, 24 մմ հաստության, 150-200 մմ լայնության և 1,5 մ երկարության տախտակ նստարանի համար, մոտ 6 մ երկարության ճոպան կամ կապրոնե պարան։ Փայտե կանգնակները կեղևահանում են, ռանդում և թրջում հականեխիչ նյութերով։ Կանգնակները (տես նկարը) խրում են հողում մինչև 0,9 մ, իրարից մոտ 1 մ հեռավորությամբ։ Փոսում՝ կանգնակների տակ, որքան հնարավոր է քար են լցնում և լավ տոփանում։ Անհրաժեշտ է հիշել, որ Ճ-ի հենակները շատ են ծանրաբեռնվում, ուստի դրանք պետք է խնամքով տեղադրվեն և ամուր լինեն։ Ավազե կամ այլ փխրուն գրունտում Ճ. տեղադրելիս խորհուրդ է տրվում կանգնակներն ամրապնդել դիմհարներով, որոնք մեխերով ամրացնում են կանգնակին (1 մ բարձրությամբ) և գրունտում խորացնում մինչև 0,5 մ։ Մարդակը կանգնակին միացնում են բութակով, իսկ ամրապնդելու համար լրացուցիչ ամրացնում պողպատաապավենով։ Ճ-ի համար թողարկվում են պարույրով և կորացած վերջավորությամբ, ինչպես նաև ներպտուտակվող կեռեր, պտուտակամետով կեռ-հեղույսներ (կապօղակ-հեղույս)։ Վերջինս տեղադրելիս անպայման պետք է պտուտակամետի տակ դնել մեծ և հաստ տափօղակ։

Նստարանի երկարությունը 400-500 մմ է։ Ներքևից դրան ամրացնում են 24-50 մմ կտրվածքի մակերեսով երկու չորսու։ Ճոպանը (պարանը) անցնում է նստարանի երկու անցքով կամ կտրվածքով։ Որպեսզի ճոպանը դուրս չսահի կտրվածքներով նստարանի տակից, այն ամրացնում են զոլակով։ Ճոպանը կախում են կեռից օղակներով և արտաքին կողմից շրջանաձև կամ ձվաձև ակոսով մետաղե պահունակով, որը ճոպանը պահպանում է մաշվելուց։ Ճ-ի համար թողարկված ճոպաններն ունեն հյուսված պահունակ։ Եթե նման ճոպան չկա, ապա պահունակի շուրջը օղակ են անում, որի ծայրը (200 մմ երկարության) ճոպանի հետ ամրացնում են պղնձե մետաղալարով, իսկ հետո փաթաթում մեկուսիչ ժապավենով։