Jump to content

ՏՏՀ/Ճուտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃՈՒՏ, մինչև 7 ամսական մատղաշ հավ և աքաղաղ։ Կախված բտվածության և մշակման աստիճանից տարբերում են առաջին և երկրորդ տեսակի Ճ.։

Հասուն թռչնի մսեղիքից Ճ-ի մսեղիքը տարբերվում է կրծքոսկրի չոսկրացած (կռճիկանման) ելուստով։ Ճ-ի մսեղիքի մաշկը նուրբ է, առաձգական, ոտքերի թեփուկները հարթ են, իսկ աքաղաղների չզարգացած կատարները նման են ելունդների։ Ճ. մատուցում են տարբեր թանձրուկների և խավարտների հետ։

Ճ-ի եփելը (տապակել, շոգեխաշել) տևում է մոտավորապես 25-30 րոպե։ Պատրաստի Ճ. մատուցում են ամբողջական (եթե այն շատ փոքր է) կամ մասերի բաժանած։ Ճ-ի մսեղիքի առաջնային մշակման և մասնատման մասին տես Թռչնամիս հոդվածում։

Ճ. տապակած. Ճ-ի նախապատրաստած մսեղիքը կրծքի երկայնքով բաժանում են 2 մասի, շրջում, տափակացնում, աղ և պղպեղ ցանում (ներսից և դրսից), դնում (մեջքի վրա) լավ տաքացրած և յուղած տապակի մեջ, ծածկում ափսեով, վրան ծանրություն դնում և տապակում։

Առանձին մատուցում են թանձրուկ (օրինակ, տղեմալի) և ծեծած սխտոր (արգանակով կամ ջրով բացած)։

2 փոքր Ճ-ի համար՝ 2 ճաշի գդալ յուղ, թանձրուկը, աղը, պղպեղը և սխտորը՝ ըստ ճաշակի։

Ճ. ջեռեփած. Ճ-ի մսեղիքին աղ են ցանում, երկու կողմից թեթևակի տապակում (կարագով կամ յուղով), ապա ջեռեփում ջեռոցի մեջ։ Պատրաստի Ճ-ի վրա լցնում են գոյացած հյութը, զարդարում կանաչիով (մաղադանոս, գինձ, սալաթ)։

Որպես խավարտ կարելի է մատուցել տապակած կարտոֆիլ, սալաթ։