Jump to content

ՏՏՀ/Մակրամե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱԿՐԱՄԵ, տարբեր հանգույցների որոշակի համադրությամբ ստացվող հանգուցահյուսք։ Օգտագործում են տարբեր հաստության թելեր, քուղ, պարան, տրեզ։ Մանր իրերը հյուսում են խիստ ոլորած բարակ թելերից։ Օգտագործում են նաև զանազան ուլունքներ, օղակներ ևն: Մ. հյուսում են թելերը կախված կամ աշխատանքային բարձի օգնությամբ։ Առաջին դեպքում կարելի է կրող թելը ձգել երկու պտուտակամամուլների միջև կամ ձողափայտ ամրացնել։ Աշխատանքային բարձը (50x30x10 սմ չափի) պատրաստում են պորոլոնից կամ ամուր ռետինից և վրան կտոր քաշում։ Պատրաստի բարձն ամրացնում են (մեխով կամ սոսնձով) փայտե թեք պատվանդանին, կրող թելը քորոցներով ամրացնում բարձին ձիգ պահելու համար։ Այդ թելից կախում են բանող թելերը և սկսում աշխատանքը հյուսվածքը վեր բարձրացնելով և ամեն անգամ անհրաժեշտ բարձրության վրա քորոցներով ամրացնելով։ Որոշ հանգույցներ (օրինակ, սիսեռանախշ) արվում են միջին տրամագծի մետաղե հելունով։

Աշխատանքի ընթացքում պետք է տարբերել 3 թել. կրող թելը (կարելի է փոխարինել ձողափայտով, օղակով), որին ամրացնում են հյուսվող թելերը, հանգուցայինը, որի վրա հանգույցներ են անում և բանողը, որով հանգույցներ են անում։

Թելի օղակաձև ամրակապում: Առաջին եղանակ, թելը երկտակում են և տեղավորում կրող թելի տակ օղակը դեպի վեր, օղակը վրա բերում կրող թելի վրա և ծայրերն անցկացնում օղակի միջով։ Երկրորդ եղանակ. թելը երկտակում են, տեղավորում կրող թելի տակ, ծայրերն իջեցնում թելի վրա՝ անցկացնելով օղակի միջով։

Թելերի ամրակապում ռեպսաձև հանգույցով։ Թեփ ամրացնում են առաջին եղանակով։ Ստացված հանգույցի երկու կողմից թելի ծայրերը փաթաթում են կրող թելի վրա և անցկացնում ստացված օղակների միջով։

Տափակ հանգույցներ։ Միակի աջակողմյան հանգույց. ձախ կողմի մի բանող թելը բերում են հանգուցաթելերի վրա, աջ կողմի բանող թելը ձախով անցկացնում հանգուցաթելերի տակով և հանում ձախ բանող թելի վրայով։

Միակի ձախակողմյան հանգույց. աջ կողմի բանող թելը բերում են հանգուցաթելերի վրա, ձախ կողմի բանող թելը աջով անցկացնում հանգուցաթելերի տակով և հանում աջ բանող թելի վրայով։ Այսպիսի հանգույցների շղթան կազմում է ոլորաքուղ։

Կրկնակի հանգույց, սկզբից հյուսում են միակի աջակողմյան, ապա ձախակողմյան հանգույցներ։ Կրկնակի հանգույցների շղթան կազմում է տափակ քուղ։ Տափակ հանգույցներ կարելի է հյուսել ցանկացած թվով թելերի վրա. գծագրերում նշվում է թելերի քանակը (հանգույցների ներսում կամ կողքը)։ Օրինակ, 1-3-1 նշանակումից պարզ է, որ հյուսում են 5 թելով՝ 3-ը հանգուցային և մեկական բանող թել ամեն կողմից։

Ռեպսաձև հանգույցներ։ Աջակողմյան հանգույց, հանգուցաթելը բռնում են աջ ձեռքով և բերում բանող թելերի վրա։ Բանող թելը բռնում են ձախ ձեռքով և փաթաթում հանգուցաթելի վրա։ Մեկ անգամ ևս կրկնում են հանգույցը։ Ձախակողմյան հանգույց․ հանգուցաթելը բռնում են ձախ ձեռքով և բերում բանող թելերի վրա։ Բանող թելը բռնում են աջ ձեռքով և փաթաթում հանգուցաթելի վրա։ Մեկ անգամ ևս կրկնում են հանգույցը։ Մետաքսե թելի վրա տարբեր բանող թելերով արված մի քանի ռեպսաձև հանգույցներից ստացվում է բրիջ (կամրջակ)։ Հանգուցաթելը հորիզոնական պահելու դեպքում ստացվում է հորիզոնական բրիջ, իսկ անկյան տակ պահելու դեպքում՝ թեք բրիջ։

Օղակաձև հանգույց։ Բանող թելը փաթաթում են հանգուցաթելին և դուրս բերում բանող թելի վրայով։

Հանգուցաշղթան ստացվում է իրար հաջորդող ձախակողմյան և աջակողմյան օղակաձև հանգույցներից։

Խեցենախշ. երկու կրկնակի տափակ հանգույց (1-2-1), չորս թեք կամրջակ։ Ուռուցիկ հանգույց ստանալու համար ծայրի երկու եզրային բրիջը ձգում են, իսկ երկու կենտրոնականները թողնում անփոփոխ։ Բրիջների տակ երկու կրկնակի տափակ հանգույցներ են անում (1-2-1)։

Սիսեռանախշ։ Հյուսում են 4 կրկնակի տափակ հանգույցից բաղկացած քուղ։ Հանգուցաթելերն անցկացնում են հանգուցային և բանող թելերի արանքով՝ քուղի վրայով։ Հանգուցաթելերը ձգում են այնպես, որ քուղն օղակաձև ոլորվի, ապա այն ամրացնում են միակի տափակ հանգույցով։ Գծագրերում թվերով նշվում է կրկնակի հանգույցների քանակը քուղի մեջ։

Ծոպի շրջակապում։ Լրացուցիչ թելը երկտակում են այնպես, որ մի ծայրը երկար լինի։ Թելի կարճ ծայրը պետք է 5-7 սմ երկար լինի ծոպի փաթաթվող մասի երկարությունից։ Թելը դնում են ծոպի թելախրձի վրա՝ ծալված մասով դեպի վար։ Թելի երկար ծայրը վերից վար փաթաթում են կարճ ծայրի և ծոպի թելախրձի շուրջը։ Գալարաշարն ավարտում են թելի ծալված մասին 1-2 սմ չհասած։ Թելի ծայրն անցկացնում են օղակի միջով, ապա, թելի կարճ ծայրը դեպի վեր ձգելով, ամրացնում։

Պայուսակ։ Պատրաստում են 234 մ երկարության և 2,5 մմ հաստության քուղ և 1 սմ տրամագծով 4 մետաղական օղակ։ Քուղը բաժանում են 5 մ երկարության՝ 46, 1,5 մ երկարության 1 և 70 սմ երկարության 3 մասերի։ Սկզբում, ըստ գծագրի, պատրաստում են բռնակները, աշխատանքային բարձին միմյանցից 25 սմ հեռավորության վրա (1) ամրացնում են երկու օղակ։ Օղակներից մեկին օղակաձև ամրակապում են 5 մ երկարության մեկ թել, որի ծայրերն անցկացնում են մյուս օղակի միջով։ Օղակների շրջակապումը շարունակում են այնքան ժամանակ, մինչև որ թելերի թիվը օղակների միջև հասնի ութի։ Թելի երկու ծայրով մի օղակից դեպի մյուսը տափակ քուղ (1-8-1) են հյուսում (2)։

Վերցնում են 1,5 մ երկարության լրացուցիչ թել, երկտակում և վրան ռեպսաձև հանգույցով ամրացնում 44 թել՝ յուրաքանչյուրը 5 մ երկարության։ Կրող թելի ծայրերը միացնում են և շրջանաձև հյուսում պայուսակը։ Սկզբնական բրիդի տակ հյուսում են 2-րդ բրիդը՝ 70 սմ երկարության լրացուցիչ թելի վրա։ Այնուհետև հյուսում են ըստ գծագրի (3)։ Աշխատանքն ավարտելուց հետո պայուսակը շուռ են տալիս շրջոնքի կողմը։ Հակադիր կողմերի թելերը հանգուցակապում են, ասեղով կարում և ավելորդ մասերը կտրում։

Կուլոն։ Վերցնում են 14 մ երկարության և 1 մմ հաստության թել և 8 մմ տրամագծով ուլունքահատ։ Կտրում են 60 սմ երկարության 14 թել և 2,5 մ երկարության 2 թել։ Կուլոնը հյուսում են ըստ գծագրի, վերցնում են 60 սմ երկարության 2 թել և մեջտեղից երկու ուղղությամբ հանգուցաշղթա հյուսում (2 սմ երկարության)։ Շղթան երկտակում են և ստացված 4 թելերով կրկնակի տափակ հանգույց հյուսում (1-2-1)՝ ստանալով շղթայական հանգույց։ Տափակ հանգույցի հանգուցաթելի վրա բանող թելով ռեպսաձև հանգույց են հյուսում։ Նույն թելին ռեպսաձև հանգույցով ամրացնում են 60 սմ երկարության 6 թել։ Ստացված բրիջի տակ հյուսում են երկրորդը։

Կուլոնը հյուսում են խեցենախշով՝ կենտրոնում տեղավորելով մեկ «խեցու» չափ ուլունքահատ։ Թելի ծայրերը կտրում են (թողնելով 1 սմ), անցկացնում հակառակ կողմը և ամրացնում (կարում կամ սոսնձում):

Քուղը հյուսում են առանձին. վերցնում են 2,5 մ երկարության 2 թել և հյուսում անհրաժեշտ երկարության հանգուցաշղթա։ Շղթայի ծայրն անցկացնում են կուլոնի օղակի միջով, ծայրերն ամրացնում (կարում կամ սոսնձում), ապա ամրացման տեղը շրջակապում։

Լրագրապանակ հյուսելու համար վերցնում են 2 մմ հաստության 300 մ թել, 1 սմ տրամագծի փայտե կամ պլաստմասսայե 9 ուլունք, 40 սմ երկարության 3 ձողափայտ։ Լրագրապանակը բաղկացած է 2 կտորից՝ հիմնական և գրպանի։

Հիմնական կտորի համար անհրաժեշտ է 4 մ երկարության 42 թել։ Թելերը երկտակում են և օղակաձև ամրակապում ձողափայտին։ Հյուսում են ըստ գծագրի։ Ուլունքահատի միջով անցկացնում են երկու հանդիպական թեք բրիջների հանգուցային թելերը (1)։ Հորիզոնական բրիջը հյուսում են 40 սմ երկարության լրացուցիչ թելի վրա (2)։

Գրպանի կտորի համար անհրաժեշտ է 2 մ երկարության 42 թել։ Թելերը երկտակում են, ռեպսաձև հանգույցով ամրացնում 2-րդ ձողափայտին, ապա հյուսում ըստ գծագրի։ Հիմնական և գրպանի կտորները միմյանց միացնելու համար հիմնական կտորի թեյերի վրա, առաջինից 0,5 սմ հեռավորությամբ, հյուսում են երկրորդ հորիզոնական բրիջը։ Բրիջը հյուսում են 3-րդ ձողափայտի վրա։ Գրպանի կտորը դնում են հիմնականի վրա և գրպանի պաստառի թելերը հելունով անցկացնում հիմնական կտորի հակառակ կողմը՝ երկու հորիզոնական բրիջների միջև (ձողափայտից վերև)։ Գրպանն ամրացնելու հաճար վերջինիս թելերի վրա հակառակ կողմից հորիզոնական բրիջ են հյուսում։

Այնուհետև վերցնում են 16 մ երկարության 2 թել և 4 մ երկարության 1 թել։ Դրանք մեջտեղի մասում ամրացնում են աշխատանքային բարձին և 3 թելի վրա ոլորաքուղ հյուսում։ 4 մետրանոց թելը հանգուցային է, 16 մետրանոց թելերը՝ բանող։ Քուղի մի կողմի երկարությունը 30 սմ է։ Քուղի թելերը ռեպսաձև հանգուցակապում են լրագրապանակի վերևի ձողափայտին՝ հիմնական կտորից աջ և ձախ։ Ոլորաքուղը շարունակում են հյուսել մինչև գրպանի ձողափայտին հասնելը, ռեպսաձև հանգույցով ամրակապում գրպանի ձողափայտին, ապա շարունակում հյուսել մինչև երրորդ ձողափայտին հասնելը։ Քուղը դարձյալ ձողափայտին են ամրացնում ռեպսաձև հանգույցով և աշխատանքն ավարտում ծոպերով։

Կապիչներով գոտի։ Անհրաժեշտ է երկու գույնի նրբաքուղ (29 մ մուգ և 14 մ բաց)։ Կտրում են 6 մետրանոց՝ 4 մուգ, 6 մետրանոց՝ 2 բաց, 2 մետրանոց՝ 2 մուգ, 2 մետրանոց՝ 1 բաց և 1 մետրանոց՝ 1 մուգ թելեր։ Թելերը, մեջտեղի մասում, աշխատանքային բարձին են ամրացնում հետևյալ հերթականությամբ. 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 մուգ, 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 բաց, 6 մետրանոց՝ 1 բաց, 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 մուգ և 6 մետրանոց՝ 1 մուգ։

Գոտին գործում են մեջտեղից երկու ուղղություններով՝ ըստ գծագրի. 1 մետրանոց լրացուցի մուգ թելի վրա՝ 4 հորիզոնական բրիջներ (1)։ Օղակաձև հանգույցներով հյուսում են երեք քուղ՝ յուրաքանչյուր 3 թելի վրա (2), օղակաձև հանգույցներով մեկ քուղ՝ 9 թելերի վրա (1-7-1) (3)։ Քուղի մեջտեղի 3 թելերը կտրում են և ծայրերն ամրացնում քուղի ներսում (4)։ Գոտին ավարտում են յուրաքանչյուրը 20 սմ երկարության 3 հանգուցաշղթայով (կապիչներ)։

Ճարմանդով գոտի հյուսելու համար անհրաժեշտ է 1 մմ հաստության 48 մ թել և ճարմանդ։ Կտրում են 8 մետրանոց 6 թել։ Թելերը երկտակում են, օղակաձև ամրակապում ճարմանդին, և գոտին հյուսում ըստ գծագրի։ Վերջում թելերի ծայրերը կտրում են (թողնելով 1 սմ), դուրս բերում հակառակ կողմը և ամրացնում (կարում կամ սոսնձում)։