Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրացնում են պիտակ նրանում պահվող ձայնասկավառակների համարներով։ Ձ-ի բաժինները կարելի է նշել տարբեր գույնի պիտակներով։

Մագնիսական ժապավենում ժամանակի ընթացքում տեղի է ունենում պատճենի աղավաղում (հնչյունագրերի շավիղների փոխադարձ մագնիսականացում), խորհուրդ է տրվում ձայնագրությունները պարբերաբար նորացնել։

Ձայնասկավառակները և մագնիսական ժապավենները պետք է պահել ջեռուցման սարքերից և արևի ճառագայթներից հնարավորին չափ հեռու, գործածել խնամքով՝ պահպանելով բոլոր կանոնները։

Անհրաժեշտ է հետևել մագնիտոֆոնների և նվագարկիչների անձնագրերում բերված բոլոր կանոններին։ Ձայնասկավառակը պետք է բռնել եզրերից և պիտակից, որպեսզի մատները չդիպչեն ձայնագրված մասերին և չկեղտոտեն։ Խազեր ունեցող և մաքուր ձայնասկավառակները անհրաժեշտ է նվագարկել տարբեր ասեղներով։ Վնասված ասեղն անպայման պետք է փոխել, որպեսզի ձայնասկավառակի վրա խազեր չառաջանան։ Խորհուրդ է տրվում ձայնասկավառակի փոշին մաքրել ֆլանելե գործվածքով կամ հատուկ խոզանակով։

ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ (մարզական), ակտիվ հանգստի և ֆիզիկապես կոփվելու եղանակ։ Մարզասարքերով ձուկ որսալը թույլատրվում է ամենուրեք, բացառությամբ պետական արգելոցների տարածքների, ձկնաբուծության համար օգտագործվող և որոշ այլ ջրամբարների։

Մարզասարքեր են կարթերի բոլոր տեսակները։ Ցանցերը, ուռկանները, թարփերը, վերհանները արդյունահանման սարքեր են, որոնց օգտագործումը սիրողական նպատակներով խստորեն սահմանափակված է կամ արգելված։ Օրենքով ամենուրեք խստիվ արգելվում է պայթուցիկ նյութերով, էլեկտրականությամբ, թմրեցնող միջոցներով, հրազենով և եռաժանիով Ձ.։ Այն համարվում է որսագողություն և պատժվում օրենքով։ Ելնելով տեղական պայմաններից՝ համապատասխան մարմինները սահմանում են մեկ ձկնորսի կողմից օրվա որսի թույլատրելի չափը, Ձ-յան ժամկետը, ինչպես նաև ձկների այն տեսակների ցանկը, որոնց որսը արգելված է։

Ձ. ամենաօգտակար մարզաձևերից է։ Այն բարերար է ներգործում առողջության վրա. ամբողջ օրը թարմ օդում լինելը, կարգորոշված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգեկան հանգստությունը նպաստում են նյարդային, սիրտանոթային, շնչառական համակարգերի կարգավորմանը։

Միաժամանակ Ձ. զերծ չէ որոշ վտանգներից։ Ձմռանը կարթով ձուկ որսալիս չպետք է մոռանալ, որ ջրերի սառցապատ մակերևույթներին կարող են առաջանալ ձյունածածկ անցքեր և ձկնորսը կարող է ընկնել դրանց մեջ։ Պետք է հիշել նաև, որ երբեմն մերձափնյա սառույցները պոկվում են և ձկնորսի հետ միասին քշվում բաց ջրատարածք։ Ամենից հաճախ դա լինում է ծովերի և խոշոր լճերի ափերին։ Ձմռանը, եթե ձկնորսը բավարար չափով տաք չի հագնված և երկար ժամանակ գտնվում է անշարժ վիճակում, կարող է մրսել և հիվանդանալ։ Ձկնորսը պետք է կարողանա լավ լողալ և թիավարել։

Հաշվի առնելով, որ ձկնորսները պարբերաբար չեն ենթարկվում բժշկական հատուկ քննության, խորհուրդ է տրվում տարեց հասակում կամ որևէ քրոնիկ հիվանդության դեպքում հաճախակի խորհրդակցել բժշկի հետ։ Ամռանը հագուստը պետք է լինի օդաթափանց, թեթև, արևից և անձրևից պաշտպանող, շնչառությունը չարգելակող։ Գերադասելի է բաց գույնի հագուստը, որի դեպքում անդրադարձվում են արևի ճառագայթները, պետք է դնել գլխարկ։ Ձմռանը հագուստը պետք է լինի շատ տաք (բրդե ներքնաշորեր, բամբակե և բրդե գուլպաներ, բրդե սվիտեր, բամբակե բաճկոն և տաբատ, կիսամուշտակ)։

Քամուց և տեղումներից պաշտպանվելու համար ցանկալի է ունենալ թեթև անձրևանոց։ Կոշիկը նույնպես պետք է լինի շատ տաք։ Ձեռքերին բրդե ձեռնոցներ և մորթուց թաթմաններ։

Ձ-յան գնալուց առաջ օգտակար են տաք կերակուրն ու թեյը։ Ոգելից խմիչքներ օգտագործելն արգելվում է։ Յուրաքանչյուր ձկնորս պետք է տիրապետի ցրտահարման դեպքում ցուցաբերվող օգնության ձևերին և խեղդվողին փրկելու միջոցներին։

Ձկնորսական գույքին, բացի կարթով ձուկ որսալու համապատասխան իրերի հավաքածուից, վերաբերում են նաև հատուկ արկղը՝ դրանք պահելու համար, դանակը, լապտերը, մոծակներից պաշտպանվելու միջոցները, լուցկին, դեղարկղիկը։


Ամռանը որսած կենդանի ձուկը նպատակահարմար է պահել շիվերից պատրաստված զամբյուղում, որը քուղով իջեցնում են ջրի մեջ (1-1,5 մ խորությամբ)։ Այս եղանակը հարմարավետ է նավակով ձուկ որսալիս։ «Քնած» ձուկը պետք է հանել զամբյուղից, թեթևակի չորացնել, մաքրել, ծածկել եղինջով կամ չոր սեզով և պահել հով տեղում։

Խոշոր ձուկը կարելի է հագցնել մետաղալարի վրա՝ այն անցկացնելով ձկան ստորին ծնոտի միջով՝ քուղով ընկղմել ջրի մեջ։ Ձուկն այսպես կենդանի է մնում 2-3 օր։ Տեղափոխելուց առաջ ձուկը պետք է անշնչացնել, թեթևակի չորացնել և դնել զամբյուղի մեջ՝ ծածկելով եղինջով կամ չոր սեզով։

Ձուկը կարելի է պահել աղ արած վիճակում, թեփուկներով, պետք է մաքրել ձկան փորոտիքը և խռիկները, լաթով չորացնել և թեթևակի աղ անել։ Այս դեպքում, սակայն ձկան համը որոշ չափով կորչում է։

ՄԱԿՐԱՄԵ, տարբեր հանգույցների որոշակի համադրությամբ ստացվող հանգուցահյուսք։ Օգտագործում են