Jump to content

ՏՏՀ/Մանանեխ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՆԱՆԵԽ, օգտագործում են կենցաղում (խոհարարության մեջ, լվացք անելիս, ամանեղեն լվանալիս), բժշկության մեջ (մանանեխի ծեփոններ, լոգանքներ)։

Խոհարարության մեջ Մ. մսեղեն կերակրատեսակների, խորտիկների համեմունք է (կծու համ է տալիս և առաջացնում ստամոքսահյութի գերարտադրություն՝ բարելավելով մարսողությունը)։ Օգտագործվում է նաև սոուսների (թանձրուկներ) պատրաստման համար։ Կերակրատեսակներին և թանձրուկներին Մ. ավելացնում են եփելուց հետո, քանի որ եփելիս Մ. կորցնում է կծվությունը։

Մ. պատրաստում են նաև տանը։ Մ-ի փոշին (50 գ) տրորում են, մաղում խոր ամանի մեջ, ավելացնում 2-3 ճաշի գդալ եռացրած ջուր և լավ խառնում, որ ստացվի խիտ զանգված։ Դրա վրա լցնում են տաք ջուր և առանց խառնելու թողնում 10-12 ժամ (դառնությունն անցկացնելու համար)։ Այնուհետև ջուրը թափում են, Մ. լավ խառնում և ավելացնում 2 ճաշի գդալ ձեթ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1/2 թեյի գդալ աղ։ Խնամքով խառնում են՝ ավելացնելով 2 ճաշի գդալ քացախ։

Մ. պետք է պահել մութ և սառը տեղում, քանի որ լույսից և բարձր ջերմությունից փչանում է։

Մ. մատուցում են ճենապակե, հախճապակե, ապակե հատուկ ամաններով։

Լվացքի համար Մ. առավել հաճախ օգտագործում են գունաթափվող բրդե (երբեմն նաև բամբակե և մետաքսե) իրեր լվանալիս։ Լուծույթ պատրաստելու համար Մ-ի փոշին քիչ ջրով բացում են, այնուհետև ավելացնում տաք ջուր (8-10 լ ջրին՝ 100-150 գ Մ-ի փոշի)։ Խառնելուց հետո թողնում են, որ կոշտ մասնիկներն անջատվեն, ապա լցնում գոլ ջրով (40-50 °C) լվացամանի մեջ։

Բժշկության մեջ Մ-ի օգտագործման մասին տես Մանանեխի ծեփոններ հոդվածում։