Jump to content

ՏՏՀ/Միջատազերծում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԻՋԱՏԱԶԵՐԾՈՒՄ, վնասատու միջատների դեմ պայքարելու եղանակներ և միջոցներ։ Կարող է կիրառվել ինչպես կանխարգելման (միջատների առաջացումը կանխելու նպատակով), այնպես էլ դրանց ոչնչացման համար։ Լավագույն կանխարգելիչ միջոցներ են մաքրությունը և անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։ Տնային պայմաններում միջատազերծիչ միջոցառումներն իրականացվում են զանազան եղանակներով։ Առավել տարածված ու արդյունավետ են միջատների ոչնչացման քիմիական եղանակները։ Քիմիական նյութերը կիրառվում են փոշիների (դուստ), լուծույթների, ջրային էմուլսիաների և կախույթների, աերոզոլների, օճառների, մոմերի, մատիտների և այլ ձևերով։ Դուստը ցրում են պղպեղամանի նմանվող հատուկ սրվակներով կամ ռետինե տանձիկներով։ Հեղուկ միջոցները քսում են խոզանակով, վրձնով, հեղուկացրիչով, մխոցավոր փոշեցրիչով։ Միջատների օրգանիզմի մեջ թույնի ներթափանցման ուղիներից կախված, նրանց ոչնչացման համար կիրառվող քիմիական միջոցները բաժանվում են 3 խմբի։

Աղիքային ներգործության միջոցները միջատի օրգանիզմ են ընկնում սննդի հետ և նրան սպանում աղիքների մեջ ներթափանցելով։

Հպումային ներգործության միջոցները միջատների վրա ազդում են մաշկածածկույթով ներթափանցելով։

Շնչառական ներգործության միջոցները թունավորում են օդը և, ներթափանցելով շնչառական համակարգով, ազդում միջատի օրգանիզմի վրա։ Որոշ քիմիական նյութեր ունեն խառը ներգործության հատկություն։ Միջատների դեմ պայքարի միջոցների մեծ մասը մարդկանց և կենդանիների համար թունավոր է, ուստի դրանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում զգույշ լինել, որ պատրաստուկները չընկնեն մաշկի կամ աչքի մեջ, գործն ավարտելուց հետո խնամքով լվանալ ձեռքերը։ Այն ամանները, որոնց մեջ պահվել են թունավոր նյութերը, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել սննդամթերքի համար։ Չի կարելի նաև թույները պահել սննդամթերքի մոտ։ Թույնով մշակված սենյակներն ու իրերը պետք է խնամքով օդափոխել։

Որևէ պատրաստուկի տևական կիրառման դեպքում միջատները ձեռք են բերում պաշտպանունակություն (կայունություն), ուստի անհրաժեշտ է պարբերաբար փոխել դրանց դեմ կիրառվող պայքարի միջոցները։

Կենցաղում լայնորեն կիրառվում են Մ-ման մեխանիկական եղանակները (աղբամաքրում, զգեստի, գորգերի թափահարումով մաքրում ևն)։ Ճանճերի, մոծակների և այլ թռչող միջատների դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում լուսամուտներն ու դռները ցանցապատել։ Ճանճերին ոչնչացնելու համար կարելի է օգտագործել կպչուն նյութով պատած թղթե ժապավեն, ապակե և ցանցապատ ճանճորսիչներ։

Միջատների մեծ կուտակումների դեպքում անհրաժեշտ է դիմել աղտահանման կայաններ կամ քաղաքային, շրջանային սանիտարահամաճարակաբանական կայաններ։

Տես նաև Լվեր, Փայտոջիլներ, Մոծակներ, Ցեցեր, Մրջյուններ, Ճանճեր, Խավարասերներ: