Jump to content

ՏՏՀ/Մոռ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՌ, ազնվամորի, Հայաստանում վայրի Մ. տարածված է Լոռու, Տավուշի և այլ մարզերում, իսկ Մալբորո, Անգլիական, Կրկնակի պտղաբերող սորտերը մշակում են գրեթե ամենուր։

Մ-ի սորտերի մեծ մասի հատապտուղները կարմիր են, հանդիպում են նաև դեղին և ծիրանագույն-սև հատապտուղներով սորտեր։

Հայաստանում Մ. հասունանում է հունիսի վերջին։ Կան նաև նույն տարում կրկնակի բերք տվող (գարնանը և աշնանը) սորտեր։ Որպեսզի Մ-ի հատապտուղները չվնասվեն, հավաքում են պտղակոթի և պտղակալի հետ։ Սովորական պայմաններում Մ. պահպանվում է 1 օր, 0 °C–ի ջերմաստիճանում՝ մինչև 1 շաբաթ։

Մ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, 25 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին), պեկտինային (դոնդողացնող) և արոմատիկ նյութեր։

Մ. օգտագործում են թարմ, ինչպես նաև մուրաբա, ջեմ, հյութ, դոնդող, թրմօղի, օշարակ, պաստեղ ևն պատրաստելու համար։ Չորացրած Մ., մուրաբան ու ջեմը հաճախ օգտագործում են որպես քրտնաբեր միջոց։

Մ-ի հատապտուղները հաճախ վարակվում են մորենու բզեզի թրթուրներով։ Թրթուրներից մաքրելու համար անհրաժեշտ է հատապտուղները 10-15 րոպե դնել սառը աղաջրի մեջ (1 լ ջրին՝ 20 գ աղ)։

Մ-ի աճեցման մասին տես Այգի հոդվածում։