Jump to content

ՏՏՀ/Մորթի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՐԹԻ, մուշտակամորթ գազանների (աղվես, սկյուռ, սամույր, բևեռաղվես, կզաքիս, կնգում, ջրասամույր ևն), ընտանի կենդանիների (ոչխար, այծ, ճագար ևն), ծովային գազանների (ծովաշուն, փոկ ևն) մշակված մաշկը։

Մորթեղենի խնամքը։ Մորթե իրերը կրելու ժամկետը կարելի է երկարացնել և գեղեցիկ տեսքը պահպանել միայն ճիշտ խնամքի դեպքում։ Մորթե հագուստը կամ գլխարկը հանելուց հետո պետք է թափ տալ ձյունը կամ անձրևի կաթիլները հեռացնելու, ինչպես նաև տրորած մազերն ուղղելու և հարդարելու համար։ Վերարկուները կամ վերնահագուստի այլ տեսակները պետք է կախել կախիչներից, որպեսզի Մ. չտրորվի, հավասարաչափ չորանա, ինչպես նաև չձգվի և չկորցնի ձևը։ Խորհուրդ չի տրվում մի վերարկուն կախել մյուսի վրա, խոնավ մորթե գլխարկները դնել իրար վրա։ Թաց Մ. չի կարելի չորացնել ջեռուցիչ սարքերի մոտ։ Մ-ու թաղքած մասերը պետք է սանրել հատուկ մետաղական կամ սովորական (ոչ շատ խիտ ատամներով) սանրով։

Ոչ մեծ պատռվածքը կամ քանդված կարը պետք է օղակարով կարել մորթափառի երեսից № 60-80 բամբակե թելով։ Եթե, այնուամենայնիվ, հարկ է կարել մազածածկույթի կողմից, ապա պետք է պատռված տեղում այն սանրել և մազերը բռնելով կարել սովորական պատկարով։ Մ-ու մեծ պատռվածքի դեպքում պետք է դիմել մուշտակագործի։

Մ-ու պահպանումը։ Մորթեղենը գերադասելի է պահել ցածր ջերմաստիճանում։ Շատ բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև բարձր խոնավության դեպքում Մ. փչանում է, կաշվե հյուսվածքը կոշտանում է, կորցնում ճկունությունը։ Լույսի, հատկապես արևի, ազդեցությամբ Մ. գունազրկվում է. սպիտակ կամ բաց գույնի մազածածկույթով (կնգում, բևեռաղվես, սպիտակ նապաստակ) կամ սպիտակ մազագալարներով (արծաթե աղվես, դեղնամոխրագույն աղվես) Մ. լույսի ազդեցությամբ դեղնում է։ Դեղնած Մ. շատ դժվար է մաքրել տնային պայմաններում։ Լույսի ազդեցությունից պաշտպանելու համար, խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում, մուգ տոպրակներում (վերարկուները, ժակետները պետք է անպայման կախել, այլ ոչ թե դարսել)։ Մորթե իրերը հատկապես պետք է պահպանել ցեցերից:

Մորթեղենի մաքրումը։ Ոչ շատ կեղտոտված և ճարպոտված մորթե իրերը կարելի է մաքրել տնային պայմաններում։ Գլխարկներից, օձիքներից ճարպաբծերը հեռացնում են բենզինով թրջած մաքուր լաթով։ Անհրաժեշտ է մազերը շփել նույն ուղղությամբ, ոչ շատ ճարպոտված իրերը՝ մազերի, ճարպոտված, ոչ երկար մազածածկույթով իրերը՝ մազերին հակառակ ուղղությամբ։ Այնուհետև թողնել, որ չորանան և սանրել նոսր ատամներով սանրով (գերադասելի է մետաղական)։ Մ-ու վրայից ճարպի և քրտինքի բծերը կարելի է հեռացնել նաև անուշադրի սպիրտի և կերակրի աղի խառնուրդով (0,5 լ ջրին 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ և 4 թեյի գդալ կերակրի աղ)։ Լուծույթով թրջած լաթով կամ հագուստի խոզանակով շփել մազածածկույթը, թողնել, որ չորանա և սանրել։ Սպիտակ մորթե իրերը լավ է մաքրել կարտոֆիլի ալյուրով, որից հետո դրանք թափ տալ և սանրել։ Եթե մորթե իրերի կամ մորթամաշկի հյուսվածքը մի փոքր կոշտացել է և կորցրել է ճկունությունը, ապա այն կարելի է մասամբ վերականգնել՝ թրջելով կերակրի աղի և քացախաթթվային էսենցիայի լուծույթով (1 լ ջրին 1 ճաշի գդալ էսենցիա և 3 թեյի գդալ կերակրի աղ)։ Արհեստական Մ-ու խնամքի համար թողարկում են հատուկ պատրաստուկ, որի օգտագործման եղանակը նշված է հանձնարարականում։