Jump to content

ՏՏՀ/Ներկում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԵՐԿՈՒՄ, ներկանյութը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է նախապես պարզել, թե ինչ թելքից է գործվածքը։ Դրա համար գործվածքից հանում են մեկական երկայնակի և լայնակի թել, զգուշությամբ այրում լուցկիով։ Եթե թելն այրվում է արագ, համաչափ, պայծառ բոցով, արձակում այրվող թղթի հոտ, թողնում արագ ցրվող մոխիր, ուրեմն այն ունի բուսական ծագում (բամբակ, վուշ) կամ վիսկոզային է։ Ացետատային մետաքսը նույնպես այրվում է արագ, սակայն թելի ծայրին գոյանում է մուգ գորշ գույնի ամուր գնդիկ, բոցն անցնելուց հետո այրումը դադարում է՝ արձակելով քացախաթթվի հոտ։ Կապրոնը կամ նայլոնը ոչ թե այրվում, այլ հալվում են՝ գոյացնելով փափուկ գնդիկ։ Կենդանական ծագման (բուրդ, բնական մետաքս) թելերը վատ են այրվում, թելի ծայրին գոյանում է հեշտ փշրվող գնդիկ, այրումն ուղեկցվում է ոսկրի հոտով։

Տնային պայմաններում գործվածքները ներկելու համար օգտագործում են 4 տեսակ ներկանյութ. 1) բամբակե, վուշե և վիսկոզային թելքից գործվածքների, 2) բրդե գործվածքների, 3) բնական մետաքսից գործվածքների, 4) համապիտանի՝ բոլոր տեսակի թելերի և դրանց խառնուրդների (բացառությամբ ացետատային մետաքսի և սինթետիկ թելքի) համար։

Մեկ փաթեթ ներկանյութը նախատեսված է 400 գ զանգվածով իր ներկելու համար։ Բնական մետաքսե գործվածքները և իրերը ներկելու համար պահանջվում է 2 անգամ շատ ներկանյութ (200 գ գործվածքին՝ մեկ փաթեթ)։ Զանգվածային հարաբերակցությունը պահպանելու դեպքում սպիտակ իրերը կստանան նշված գույնը։ Գունավոր գործվածքներն այլ կերպ են գունավորվում (օրինակ, կապույտ ներկանյութով ներկված դեղին գործվածքը ձեռք է բերում կանաչ գույն)։

Ներկանյութի ընտրությունը գունավոր գործվածքները ներկելիս

Ներկվող գործվածքի գույնը Ներկանյութի գույնը Ներկված գույնը
Կարմիր
Կապույտ Մանուշակագույն
Դեղին Նարնջագույն
Շագանակագույն Կարմրաշագանակագույն
Կանաչ Շագանակագույն
Կապույտ
Կարմիր Մանուշակագույն
Դեղին Կանաչ
Շագանակագույն Մուգ շագանակագույն
Մոխրագույն Մուգ կապույտ
Դեղին
Կարմիր Նարնջագույն
Կապույտ Կանաչ
Շագանակագույն Դեղնաշագանակագույն
Մոխրագույն Սիսեռագույն
Շագանակագույն
Կապույտ Մուգ շագանակագույն
Կանաչ Խակի
Մանուշակագույն Մուգ շագանակագույն
Մոխրագույն Մուգ շագանակագույն
Կանաչ
Կարմիր Շագանակագույն
Շագանակագույն Խակի
Մանուշակագույն Կանաչաշագանակագույն
Մանուշակագույն
Դեղին Կանաչաշագանակագույն
Շագանակագույն Մուգ շագանակագույն
Կանաչ Կանաչաշագանակագույն
Մոխրագույն
Կարմիր Մուգ կապույտ
Կապույտ Մուգ կապույտ
Դեղին Սիսեռագույն
Շագանակագույն Մուգ շագանակագույն

Մուգ գույնի իրերը կարելի է ներկել նույն գույնի ավելի մուգ երանգով կամ էլ սև։ Սև կարելի է ներկել բոլոր գույների իրերը, սակայն դրանք կպահպանեն սկզբնական գույնի երանգը։ Դրանից խուսափելու համար մուգ կարմիր, շագանակագույն իրերը ներկելիս սև ներկանյութի յուրաքանչյուր փաթեթին պետք է ավելացնել 1/3 փաթեթ կանաչ կամ մուգ կանաչ ներկանյութ, կանաչ իրերը ներկելիս՝ 1/5 փաթեթ մանուշակագույն կամ շագանակագույն ներկանյութ։

Բնական մետաքսը ներկում են հատուկ կամ բամբակե գործվածքների համար նախատեսված նյութերով։ Ներկելուց առաջ պետք է ստուգել ներկանյութի ազդեցությունը գործվածքի մի փոքր կտորի վրա այն տաք ներկալուծույթի մեջ ընկղմելով և պահելով 5-10 րոպե։

Ն-ման պարագաները։ Իրը պետք է ներկել արծնապատ մաքուր ամանի մեջ։ Այն պետք է ազատ տեղավորվի ամանի մեջ և Ն-ման ընթացքում ծածկված լինի ներկալուծույթով։ Որքան մեծ է ներկալուծույթի ծավալը, այնքան հավասարաչափ է ներկվում իրը։ Լավագույն արդյունքն ստացվում է, երբ լուծույթի ծավալը (միլիլիտրերով) 30–40 անգամ ավելի է ներկվող իրի զանգվածից (գրամներով)։ Օրինակ, եթե ներկվող իրի զանգվածը 200 գ է, ապա լուծույթի ծավալը պետք է լինի 6000-8000 մլ, այսինքն՝ 6-8 լ։

Իրը շրջելու համար անհրաժեշտ են 2 հարթ, ամուր փայտաձողեր։

Իրը Ն-ման նախապատրաստելը: Ներկանյութի անհրաժեշտ քանակը որոշելու համար Ն-ից առաջ իրերը կամ գործվածքները պետք է չոր վիճակում կշռել, այնուհետև մաքրել կեղտաբծերը (տես Կեղտաբծերի հանում) և լվանալ։ Բամբակե և վուշե նոր գործվածքը, ինչպես նաև բամբակե մանվածքը պետք է 40-45 րոպե եռացնել օճառասոդային լուծույթում՝ օսլայի շերտը հեռացնելու համար։ Ավելորդ ճարպը հեռացնելու համար բրդե և կիսաբրդե մանվածքը պետք է լվանալ և պարզաջրել գոլ ջրով։ Այն իրերը, որոնց վրա կեղտաբծեր են մնացել, կարելի է ներկել միայն շատ մուգ գույնով։

Ներկելուց առաջ մետաղե կոճակները, ճարմանդները և զարդերը պիտի կտրել, որպեսզի ժանգաբծեր չառաջանան։ Բրդե մանվածքի կարժերը անհրաժեշտ է մի քանի տեղից կապկպել, որպեսզի շրջելիս մանվածքը չխճճվի, և շարել ամուր պարանի վրա։ Աստառով իրեր ներկելիս անհրաժեշտ է մի քանի տեղից քանդել աստառը, որպեսզի իրը ջրի երես չբարձրանա։

Ներկալուծույթի պատրաստումը։ Անհրաժեշտ քանակությամբ ներկանյութը լցնում են ոչ մեծ ամանի (բաժակ, թաս) մեջ և քիչ-քիչ, անընդհատ խառնելով, ավելացնում եռացրած գոլ ջուր մինչև համասեռ խմորանման զանգված ստանալը։ Այնուհետև, շարունակելով խառնել, ավելացնում են եռացրած տաք ջուր՝ 1 փաթեթ ներկանյութին 0,5 լ։ Ստացված լուծույթը քամում են մաքուր լաթով, լցնում գոլ (40-50 °C) ջրով լցված ներկամանի մեջ և խառնում։

Ներկում։ Իրը (կամ գործվածքը) թրջում են գոլ ջրում, թեթևակի քամում, խնամքով ուղղում և ընկղմում ներկալուծույթի մեջ։ Որպեսզի իրը հավասարաչափ ներկվի, պետք է այն, որքան հնարավոր է, հաճախակի շրջել։ Ներկալուծույթի մեջ աղ կամ քացախ ավելացնելիս (գույնն ամրակայելու համար) անհրաժեշտ է իրը մի փոքր բարձրացնել և լուծույթը խառնել։

Բամբակե, վուշե և վիսկոզային մետաքսից իրեր և գործվածքներ։ Մինչև 40-50 °C տաքացրած ներկալուծույթի մեջ ընկղմում են ներկվող իրը և աստիճանաբար տաքացնում մինչև թույլ եռալը։ Եռալուց 15-20 րոպե հետո խառնելով լցնում են 1 լ ջրում լուծած 2 ճաշի գդալ կերակրի աղ (1 փաթեթ ներկանյութի հաշվով), խառնում և թույլ եռքով շարունակում Ն. ևս 30-40 րոպե։ Այնուհետև վերցնում են կրակից և հովանալու համար 30 րոպե թողնում ներկալուծույթի մեջ։ Ներկված իրը հարկավոր է հանել, թողնել, որ ջրքամվի և լավ պարզաջրել։

Բաց գույնով ներկելիս աղը երկու անգամ պակաս են լցնում։

Վիսկոզային թելքից իրերն ու գործվածքները ներկում են նույն եղանակով՝ լուծույթը տաքացնելով մինչև 30 °C և Ն. շարունակելով 60-70 °C–ի պայմաններում։ Աղ չեն ավելացնում։

Բուրդ և բրդե իրեր։ Ներկալուծույթի մեջ խառնելով լցնում են 1 լ ջրում լուծված 1 ճաշի գդալ քացախաթթվային էսենցիա կամ 1 1/2 բաժակ քացախ և 1 ճաշի գդալ աղ (1 փաթեթ ներկանյութի հաշվով)։ Իրն ընկղմում են լուծույթի մեջ, աստիճանաբար տաքացնում մինչև եռալը, ներկում 1 ժամ։ Եթե լուծույթը դեռևս պահպանում է գույնը, իսկ իրն անբավարար է ներկված, ապա պետք է թողնել, որ լուծույթը մի փոքր հովանա, ավելացնել 3/4 բաժակ քացախ, և թույլ եռքով ներկել ևս 30 րոպե։ Ներկված իրը հովացնում են լուծույթում՝ չդադարեցնելով խառնելը, ապա հանում են, թողնում ջրքամվի և պարզաջրում։

Մեկ կարժը 3-4 գույնով ներկելը։ Կարժը մի քանի գույնով (գույների աստիճանական անցումով) ներկելու համար կարժը թույլ փաթաթում են բաց գույնի թղթե թելով։

Ներկելուց առաջ կարժը մասամբ թրջում են, մոտավորապես 1/3 կամ 1/4 մասը։ Կարժը կախում են բաքի վրա դրված ձողից այնպես, որ թաց մասն ընկղմվի լուծույթի մեջ։ Մի մասը ներկելուց հետո թրջում են հակառակ ծայրը և նույն եղանակով ներկում այլ գույնով։ Կարժը չորացնում և այնպես են փաթաթում, որ ներկված մասերը լինեն մեջտեղում, չներկվածները՝ ծայրերում։ Այսպիսով, մեկ կարժը ներկվում է 4 գույնով՝ հաշված սկզբնականը։

Բնական մետաքսե և կիսամետաքսե իրեր և գործվածքներ։ 1 լ տաք ջրում լուծում են կերակրի աղը (1 ճաշի գդալ 1 փաթեթ ներկանյութի հաշվով), խառնելով լցնում ներկալուծույթի մեջ, ընկղմում ներկվող իրը և աստիճանաբար տաքացնում մինչև եռալը։ Ներկում են թույլ եռքով, 30-45 րոպե, այնուհետև իրը 30 րոպե թողնում են հովացող ներկալուծույթի մեջ՝ չդադարեցնելով խառնելը։ Ներկված իրը հանում են, թողնում ջրքամվի և պարզաջրում։ Այս եղանակով բնական մետաքսե և կիսամետաքսե իրեր ներկելու համար, հատուկ ներկանյութերից բացի, օգտագործում են նաև բամբակե գործվածքների համար նախատեսված որոշ ներկանյութեր։ Այդ տեսակի իրերը և գործվածքները կապույտ և մուգ կապույտ գույնով կարելի է ներկել բրդի համար նախատեսված ներկանյութերով՝ բրդի ներկման եղանակով։

Կիսաբրդե գործվածքներ և իրեր ներկում են համապիտանի և բամբակե գործվածքների համար նախատեսված ներկանյութերով, բնական մետաքսի ներկման եղանակով՝ ավելացնելով 1 կրկնակի քանակության աղ։

Ցածր ջերմաստիճանում լավ են ներկվում բուսական թելքերը, իսկ բարձր ջերմաստիճանում (հատկապես եռացնելիս)՝ բուրդը, ուստի Ն-ման վերջում, եռացնելիս պետք է գործվածքի նմուշը հանել ներկալուծույթից, չորացնել արդուկով և ստուգել բրդե և բամբակե թելերի ներկվածքի որակը։ Եթե բրդե թելն ավելի բաց գույնի է, քան բամբակե թելը, ապա Ն. պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև իրը ներկվի հավասարաչափ։ Եթե երկարատև եռման (45 րոպեից մինչև 1 ժամ) դեպքում էլ դա չի հաջողվում, ապա պետք է ավելացնել 1/2 բաժակ քաղախաթթվային էսենցիա և Ն. շարունակել ևս 15 րոպե (այս դեպքում պարտադիր չէ իրը ներկալուծույթի մեջ թողնել հովանալու)։ Եթե բրդե թելերը բամբակե թելերից մուգ են ներկվել, ապա պետք է Ն. դադարեցնել և իրը հովացող լուծույթում պահել մինչև հավասարաչափ ներկվածք ստանալը։ Հակառակ դեպքում պետք է ավելացնել ներկանյութ և 65-70 °C–ում Ն. շարունակել ևս 30 րոպե։

Ներկված գործվածքների և իրերի մշակումը։ Ներկված իրը պարզաջրում են գոլ ջրով, ջուրը փոխում այնքան, մինչև պարզի։ Այնուհետև իրը պարզաջրում են սառը ջրով։ Բնական մետաքսե իրերը պետք է պարզաջրել սառը ջրով՝ ավելացնելով քացախ (5 լ ջրին 1 ճաշի գդալ քացախաթթվային էսենցիա կամ 1/4 լ քացախ)։ Պարզաջրած իրը քամում և չորացնում են։ Բրդե, մետաքսե և տրիկոտաժե իրերը չի կարելի կախել. ավելի լավ է դրանք փաթաթել սրբիչի կամ սավանի մեջ և մի քանի անգամ քամել, այնուհետև փռել, հարդարել և չորացնել։ Թեթև իրերը կարելի է չորացնել կախիչի վրա։ Խորհուրդ չի տրվում ներկված իրերը կախել ջեռուցիչ սարքերի մոտ և արևի տակ։

Վատ ներկվելու պատճառները և դրանց վերացման եղանակները։ Տնային պայմաններում ներկելու դեպքում հաճախ ներկվածքը ստացվում է ոչ հավասարաչափ, բծերով, ոչ դիմացկուն, որը, հիմնականում, ներկանյութի ոչ ճիշտ ընտրության, ներկման կանոնների խախտման հետևանք է։

Անհավասարաչափ ներկվածքը գլխավորապես վատ խառնելու, ներկալուծույթի փոքր ծավալի, Ն-ման ընթացքում իրի ջրի երես բարձրանալու, սկզբնական ներկվածքի անհավասարաչափ խունացման, կեղտաբծերի առկայության և կեղտոտ ամանների օգտագործման արդյունք է։

Բամբակե և վիսկոզե գործվածքների ներկվածքը կարող է հավասարաչափ դառնալ դրանք օճառաջրում 30-40 րոպե տաքացնելով, անհրաժեշտության դեպքում նաև կրկնակի Ն-ով։ Բրդե իրերի ներկվածքը հավասարաչափ է դառնում դրանք անուշադրի սպիրտի լուծույթում (5 լ ջրին՝ 50 գ) 30 րոպե տաքացնելու (40-50 °C) դեպքում։ Եթե ներկելուց հետո իրը գունաթափվում է, պետք է այն նորից պարզաջրել կամ լվանալ ներկանյութի ավելցուկը հեռացնելու համար։