ՏՏՀ/Նարդի
ՆԱՐԴԻ, Արևելքի ժողովուրդների հնագույն և տարածված սեղանի խաղ։ Լայն ճանաչում ունի արաբական երկրներում. Հնդկաստանում, Իրանում, Պակիստանում, Թուրքիայում, կովկասյան և այսրկովկասյան ժողովուրդների շրջանում ևն։ Արևելքից Ն. տարածվել է Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Ավստրալիայում։ Հայտնի են Ն-ի «երկար», «կարճ», «բանտ», «գարնան վարդ», «իշխանական», «ուսանողական» ևն խաղատեսակներ։
Խաղի կանոնները։ Խաղատախտակը երկփեղկ է: Փեղկերի երկարությունը 60 սմ է, լայնությունը՝ 30 սմ։ Յուրաքանչյուր փեղկի գլխամասերում կան 6-ական բնիկներ, որոնցով տեղաշարժվում են «քարերը»՝ նկ. 1 և 2-ում սլաքների ցույց տրված ուղղությամբ։ Խաղում են երկուսով, 15-ական շրջանաձև տափակ, գույնով տարբերվող խաղաքարերով, որոնք նախապես դասավորվում են փեղկերի եզրերի բնիկներում։ Խաղաքարերը շարժվում են միայն ազատ կամ սեփական քարերով զբաղեցրած բնիկներով («երկար» խաղ)։ «Կարճ» խաղի ժամանակ կարելի է հարվածել հակառակորդի անպաշտպան (երբ բնում մեկ խաղաքար է) «քարին»՝ այն հանելով «խաղից դուրս» և նրա տեղը դնելով սեփական «քարը»։ Խաղից դուրս եկած «քարը» կրկին խաղի մեջ է մտնում հերթական քայլի ժամանակ խաղացողի գցած զառի թվանշանների համաձայն՝ բ (սպիտակների) և դ (սևերի) խաղադաշտերում։ Հաղթում է նախատեսված փեղկում «քարերն» ավելի արագ հավաքող և ապա հանող խաղացողը։ Երկու խաղատեսակում էլ հաշիվը վարվում է նույն կերպ, հաղթողը վաստակում է մեկ միավոր, եթե այդ պահին հակառակորդը հանել է առնվազն մեկ «քար»։ Հակառակ պարագայում հաղթողը վաստակում է երկու միավոր («մարս» է անում)։ Նոր խաղահերթը սկսում է նախորդում հաղթողը։ Վերջնական հաղթանակը տրվում է հինգ կամ վեց («չորս» հաշվի վրա «մարս» է գրանցվում) միավոր հավաքողին։ Խաղն ընթանում է հերթականությամբ նետված զառերի ցույց տված նիշերի հաշվառումով։ 1 նիշի դեպքում «քարը» տեղափոխվում է մեկ բնիկ, 6-ի՝ վեց ևն։ Զույգ բերելիս (օրինակ, 1-1, 2-2, ... 6-6) խաղացողն իրավունք ունի քառակի տեղափոխության (օրինակ, 4-4-ի ժամանակ չորս անգամ չորս բնիկ)։ «Երկար» Ն-ի խաղասկզբին զույգ բերելիս խաղացողները առաջին քայլի ժամանակ կատարում են մեկ «քարի» տեղաշարժ նախնական դիրքից 1-1, 2-2 և 5-5 զառի դեպքում, իսկ 3-3, 4-4 և 6-6 բերելիս տեղափոխում են երկու «քար» (3-3-ի դեպքում մեկը՝ 3, մյուսը՝ 3x3 բնիկ, 4-4-ի դեպքում՝ զույգ քարերը 4x2 բնիկ, իսկ 6-6-ի դեպքում՝ զույգ քարերը 6-ական բնիկ)։
1964-ից Հայաստանում անցկացվում են քաղաքային և հանրապետական մրցումներ, 1991-ին կազմավորվել է Ն-ու հանրապետական ֆեդերացիա։ 1950-ին ստեղծվել է միջազգային ֆեդերացիա, որը կազմակերպում է առանձին երկրների, աշխարհամասերի և համաշխարհային առաջնություններ։