ՏՏՀ/Ներկառուցված կահույք
ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՀՈՒՅՔ, բնակարանի կահավորանքի առավել հարմարավետ և փոքր ծավալ զբաղեցնող տեսակներից։ Ն.կ–ի տարատեսակներն են պատի պահարանը կամ միջնորմ-պահարանը, որոնք տեղակայվում են շինարարական կառուցվածքների որմնախորշերում, ներքին պատերի երկայնքով, կամ բաժանում են բնակարանի կից սենյակները՝ կատարելով միջնորմի դեր։ Այդ կահույքը բաղկացած է պատի մեջ ներկառուցված հատակից մինչև առաստաղ կամ պատից պատ հասնող տարբեր չափի տարրերից։ Ն.կ. ունենում է դուրսքաշովի և ծալովի աշխատասեղաններ, ճաշասեղաններ, մահճակալներ, արդուկելու հարմարանք ևն։
Ն.կ–ի օգտակար ծավալը մոտավորապես 2 անգամ մեծ է հատակի նույն մակերեսը զբաղեցնող փոխադրովի կահույքի ծավալից։ Ն.կ. ավելի հիգիենիկ է, քանի որ զբաղեցնում է սենյակի ամբողջ բարձրությունը և չունի մաքրման համար դժվար հասանելի հորիզոնական բարձր մակերևույթներ։ Այդ կահույքը սենյակը դարձնում է ավելի հարմարավետ, մեծացնում է հատակի ազատ մակերեսը։ Ըստ կառուցվածքի Ն.կ. լինում է բաժանմունքավոր (նկ. 1,ա), համապիտանի-քանդովի (նկ. 1,բ), հիմնակմախքով (նկ. 1,գ) և խառը (նկ. 1,դ)։ Ն.կ–ով կարելի է փոխարինել շարժական կահույքի տարրերի մեծ մասը։ Միջնորմ-պահարանները և պատի պահարանները կարող են ունենալ գրքերի, ամանեղենի, հագուստի, սպիտակեղենի, անկողնային պարագաների, ձայնադարանի, ռադիոսարքերի, տնտեսային իրերի, էլեկտրակենցաղային սարքերի բաժանմունքներ։
Ժամանակակից բնակարաններում Ն.կ-ով կահավորում են նախասենյակը, միջանցքը և ննջասենյակը։ Որոշակի հմտություն ունեցող տանտերն ինքը կարող է սարքել ներկառուցված կամ պատի պահարաններ։
Պատի պահարանի համար հետնապատ է դառնում շինարարական միջնորմը։ Պահարանի ներքևի մասում պատրաստվում է 7-10 սմ բարձրության և 5 սմ ներս ընկած պատվանդան։ Պահարանի դռնակները լինում են բացովի կամ սահովի, վրադրովի կամ ներդրովի (նկ. 2)։
Ընդհանուր սենյակի Ն.կ. պատրաստվում է որպես բաց և փակ բաժանմունքների (մի մասը կարող է լինել ապակեպատ) զուգակցություն։ Ներքևի հարկում (40-60 սմ բարձրության) տեղադրում են գզրոցներ՝ սպիտակեղեն, արդուզարդի պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր պահելու համար։ Միջին հարկում (40-60 սմ-ից մինչև 120-200 սմ բարձրության) դնում են կենցաղային ռադիոսարքեր, գրքեր, ամանեղեն, զարդագեղ իրեր։ Միջին հարկի պահարանները դռնակներով են կամ բաց խորշերի տեսքով։ Հեռուստացույցի, նվագարկիչի, մագնիտոֆոնի համար Ն.կ–ում պետք է լինեն խորշեր, իսկ դրանց էլեկտրալարերի համար անցքեր, որոնք հարմարեցնելիս պետք է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Պահարաններում և խորշերում հաճախակի օգտագործվող իրեր տեղավորելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ դարակի բարձրությունը չպետք է գերազանցի 190 սմ։
Ցանկալի է վերևի հարկի բաժանմունքները պատրաստել փակ՝ հաճախակի մաքրելուց խուսափելու համար։ Ն.կ–ի վերին հարկի համար նախընտրելի են պահարանի վերին հորիզոնական եզրին ամրացվող և դեպի վեր բացվող դռնակները։ Այդպիսի կառուցվածքը դյուրացնում է բարձր պահարաններից օգտվելը։
Ննջասենյակի ներկառուցված և պատի պահարաններում հիմնականում պահվում են հագուստ և սպիտակեղեն, իսկ համակցված պահարանում դրվում է սպիտակեղենի մի քանի արկղերից բաղկացած դարակաշար, որի վերևում կարելի է կախել կարճափեշ, իսկ կողքին՝ երկարափեշ հագուստ (նկ. 3)։ Ներքևում տեղ է մնում կոշիկների ձողի համար։ Պահարանի դռնակի ներսի մակերևույթին կարելի է ամրացնել փողկապների ձող և մանր իրերի արկղ։ Զգեստապահարանի խորությունը պետք է լինի առնվազն 55 սմ։ Ննջասենյակի պահարանն առավել հարմար է տեղադրել լուսամուտի դիմացի պատի երկայնքով։ Սովորաբար այդ պատի մեջ գտնվող մուտքի դռան վերևում անտրեսոլ են սարքում։
Շատ հարմար են նախասենյակի ներկառուցված պահարանները։ Դրանք բաղկացած են ներքևի և անտրեսոլային հարկերից։ Նախասենյակի ներկառուցված պահարաններում կարելի է ներքևի հարկի ամբողջ բարձրությամբ բաց խորշ նախատեսել կախարանի համար։ Նպատակահարմար է ունենալ տնտեսային պահարան, որի ներքևի մասը հատկացվում է զանազան տնտեսային իրերին (դույլեր, թասեր, փոշեծուծ)։ Պահարանի աջ մասում պահում են երկար իրեր (դահուկներ, կարթեր ևն), ձախ մասի դարակներում՝ մանր, իսկ վերին մասում՝ սակավ օգտագործվող իրեր։ Պահարանի ներքին մակերևույթին կարելի է կեռեր ամրացնել փոշեծուծի մասեր և զանազան գործիքներ կախելու համար։ Լողասենյակում լվացքի մեքենայի համար որոշակի տեղ չունենալու դեպքում այն կարելի է տեղավորել նախասենյակի տնտեսային պահարանի մոտ ներկառուցված պահարանի խորշում։ Լվացքի մեքենայի վերևում կարելի է կախել լվացվելիք սպիտակեղենի արկղ, որի ծակոտված դռնակը հարմարության համար ամրացնում են հորիզոնական ծխնիներով։ Ն.կ–ի նեղ՝ ընդամենը 30 սմ լայնության բաժանմունքներից մեկում կարելի է արդուկ պահել և հարմարեցնել հետգցովի արդուկատախտակ։ Խորհուրդ է տրվում պահարանի այդ բաժանմունքը ներսից երեսպատել ջերմամեկուսիչ նյութով և ծածկել ցինկապատ թիթեղով։ Ն.կ–ի մեկ այլ տեսակ է միջնորմ-պահարանը, որի միջոցով, ցանկության դեպքում, կարելի է փոխել բնակարանի սենյակների բնույթը, ինտերիերը (նկ. 4, 5)։ Նկ. 6-ում պատկերված է միջնորմ-պահարանների տեղակայման մի քանի տարբերակ։ Բնակարանի հատակագծի 1-ին տարբերակը նախատեսված է 4 հոգանոց (ծնողներ, դպրոցական և մինչև 3 տարեկան երեխա) ընտանիքի համար։ Բնակարանը բաղկացած է ընդհանուր սենյակից, դպրոցականի սենյակից և ծնողների ննջասենյակից, որտեղ դրվում է մանկական մահճակալը։ Երեխայի մեծանալուն զուգընթաց կարելի է փոքրացնել ծնողների ննջասենյակը՝ ընդարձակելով մանկական սենյակը (2-րդ տարբերակ)։ 3-րդ տարբերակը նախատեսված է նույն կազմի ընտանիքի համար, սակայն ներկառուցված պահարանների դիրքի փոփոխությամբ ծնողների ննջասենյակի մուտքը մեկուսացվել է, սենյակների մակերեսների վերաբաշխման հաշվին մեծացել է խոհանոցի և նախասենյակի մակերեսը։ 4-րդ տարբերակը հնարավորություն է տալիս ընդարձակել ընդհանուր սենյակը, որը դիրքով առանձնացված է սենեկախորշում տեղավորված ննջարանից։ Մեծ մանկական սենյակը հնարավորություն է տալիս առանձնացնել ննջարանի և պարապելու հատվածները։ Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանող միջնորմ-պահարանում ճաշասեղանի բարձրությամբ պատրաստված մատուցապատուհանը հնարավորություն է տալիս ավելի արագ սպասքավորել ընդհանուր սենյակում բացված սեղանը, ուտեստներն անմիջապես մատուցել խոհանոցից և հավաքել ամանեղենը։ Մատուցապատուհանը փակվում է հետգցովի դռնակով, որը հորիզոնական դիրքում դառնում է փոքր ճաշասեղան։ Պահարանի դռնակների մի մասը կարող է բացվել դեպի ընդհանուր սենյակ, մյուս մասը՝ դեպի խոհանոց։ Ընդհանուր սենյակի կողմից պահարանի բաժանմունքներում դրվում են ամանեղենը, խմիչքը, հեռուստացույցը, գրքերը, խոհանոցի կողմից՝ խոհանոցային ամանեղենն ու պիտույքները, մթերքը, սառնարանը։
Ծնողների ննջասենյակում և մանկական սենյակում կարելի է օգտագործել 60 սմ խորության միջնորմ-պահարան՝ լուսամուտին մոտ գտնվող սեկրետերով։ Աշխատատեղը բնական լույսով ճիշտ լուսավորելու համար կիրառում են տարբեր կառուցվածքի սեկրետերներ. ծնողների ննջասենյակում դրա աշխատանքային հարթության երկար կողմը դրվում է լուսամուտին ուղղահայաց, իսկ մանկական սենյակում՝ զուգահեռ։ Կողքին դրվում են զգեստապահարանը և սպիտակեղենի պահարանը, որոնց մի մասը բացվում է դեպի ծնողների ննջասենյակ, մյուս մասը՝ ղեպի մանկական սենյակ՝ նկատի ունենալով մահճակալների դիրքը։ Ներկառուցված պահարանի լուսամատից առավել հեռու գտնվող հատվածը ծառայում է տնտեսային պիտույքների համար և բացվում է դեպի նախասենյակ կամ միջանցք։
Ներկառուցված պահարանի հարդարանքն ընտրում են սենյակի բնույթին և բնակարանի ընդհանուր ինտերիերին համապատասխան։ Խորհուրդ չի տրվում Ն.կ–ի հարդարման համար օգտագործել մուգ գույնի ողորկած փայտ, քանի որ մեծ մակերես ոնեցող պահարանները կարծես փոքրացնում են սենյակի չափերը։ Նախասենյակի և մանկական սենյակի պահարանների մակերևույթները կարելի է պատել արծնաներկով կամ նիտրաարծնաներկով։ Կարելի է նաև օգտագործել բաց գույնի փայտի կազմվածքի և սպիտակ նիտրաարծնի զուգակցությունը։
Առավել տարածված են ներկառուցված պահարանների հարթ վահանաձև դռները։ Ն.կ–ին զարդագեղ տեսք են տալիս լողաթավոր դռները, որոնք նախշով և չափերով կարող են հարմարեցվել մուտքի դռան լողաթներին։ Ննջասենյակում որպես ներկառուցված պահարանի դռնակներ կարելի է օգտագործել հարթ շրջանակներ, որոնց վրա ներսի կողմից ձգված է խիտ գործվածք։ Վարագույրների, ծածկոցների և պահարանների դռնակների համար կարելի է օգտագործել նույն գործվածքը։
Ներկառուցված պահարանը կարելի է սարքել շինարարական նրբատախտակից, փայտաթելքավոր սալերից և այլ փայտանյութերից, ապա պաստառապատել։ Ն.կ–ի կարևոր տարրերից են փականքները, մղլակները, բռնակները, որոնք պետք է համապատասխանեն բնակարանի ընդհանուր ինտերիերին։