ՏՏՀ/Նախասենյակ
ՆԱԽԱՍԵՆՅԱԿ, կահավորանքի հիմնական տարրը կախարանն է։ Նեղ Ն-ներում շատ հարմար են պատի կախարանները։ Կախարանի կեռերի առավելագույն բարձրությունը հատակից պետք է լինի 190 սմ։ Թողարկում են նաև հատակադիր կախարաններ, որոնց վերևի հարթությունը նախատեսված է գլխարկների համար։ Մանկական հագուստի, հովանոցների, պայուսակների համար կարելի է փոքր բարձրության վրա կեռեր ամրացնել։ Դրա համար անհրաժեշտ է պատին մեխած ուղղաձիգ տախտակներին ամրացնել (միմյանցից 25-30 սմ հեռու) հորիզոնական ձողեր, որոնց վրա կհագցվեն մետաղե կեռիկներ։ Դրանք կարելի է տեղափոխել մի ձողից մյուսը՝ տեղադրելով պահանջվող բարձրության վրա։ Ձողերը ոչ հենարան են ծառայում կեռերի համար, այլև հագուստը հեռու են պահում պատից, պաշտպանում փոշուց: Կախարանը կարելի է ներկել յուղաներկով, պատել փայտի կազմվածքը ընդգծող անգույն լաքով:
Պատի այն հատվածը, որը հատկացված է կախարանին, ցանկալի է ծածկել խսիրով, ծղոտահյուս գորգով, շերտավոր պլաստիկով, թաղանթով, երեսպատված վահաններով, լինկրուստով, ինսուլաքով և այլ նյութերով: Տարածությունը բավարարելու դեպքում կարելի է օգտագործել կախիչներ, որոնց համար գլխիկների դարակից ցած, պատից 25-30 սմ հեռու անհրաժեշտ է հորիզոնական չճկվող ձող ամրացնել: Կախարանի տակ կարելի է սարքել կոշկապահարան (բարձրությունը՝ 50-70 սմ, խորությունը՝ 15 սմ), որի մեջ կոշիկները պահում են գրեթե ուղղաձիգ՝ կրունկները հենելով պահարանի վերին մասում ամրացված հորիզոնական ձողին: Վերին մասում կարելի է պատրաստել խորշ կամ գզրոցներ՝ մանր առարկաների (ձեռնոցներ, խոզանակներ, կոշիկի խնամքի պարագաներ) համար: Կոշկապահարանի վերին հարթությունը կարելի է օգտագործել որպես հեռախոսի պատվանդան:
Հայելին Ն-ի կահավորանքի պարտադիր տարրերից է: Նախընտրելի են ուղղաձիգ բարձր հայելիները, որոնք, ունենալով անդրադարձման մեծ մակերես, կարծես մեծացնում են Ն-ի չափերը։ Հայելու ստորին եզրի հեռավորությունը հատակից պետք է լինի առնվազն 30 սմ։ Հայելու մոտ անհրաժեշտ է դնել դարակ կամ փոքր սեղան՝ մանր պարագաների համար։ Ոչ մեծ հայելիները կարող են լինել շրջանաձև, ուղղանկյունաձև, ձվաձև՝ փայտե կամ մետաղական շրջանակով։ Մեծ հայելին պետք է ունենա ուղղանկյուն եզրագծեր։ Այն կարելի է փակցնել պատին կամ դռանը՝ կեռերով կամ զարդագեղ պտուտակներով։
Ն-ում անհրաժեշտ է ունենալ աթոռ, բազկաթոռ կամ փափկաթոռակ։ Տեղի խնայողության նպատակով կարելի է օգտագործել նաև կոշկապահարանի վերին հարթությունը։ Որպես նստարան կարող է ծառայել նաև ծալովի ոտքերով և հետգցովի դռնակով բարձր պահարանը։
Ն-ում հարմար են նաև սահովի դռներով ներկառուցված պահարանները։ Դրանց հեռավորությունը դիմացի պատից պետք է լինի առնվազն 130 սմ, իսկ խորությունը՝ 55 սմ։ Պահարանի անտրեսոլային մասում խորհուրդ է տրվում պահել սակավ օգտագործվող և սեզոնային իրեր։ Ներկառուցված պահարանում ցանկալի է նախատեսել հատուկ բաժանմունք երկար իրերի (դահուկներ, կարթեր ևն) համար։ Պահարանը տեղակայելիս կարելի է խորշ թողնել կախարանի և գլխարկների դարակի համար։ Եթե բնակարանում չկա տնտեսային իրերի հատուկ պահարան, ապա ներկառուցված պահարանի բաժանմունքներից մեկը (առնվազն 40x60 սմ չափերի) կարելի է հատկացնել դրանց (տես Ներկառուցված կահույք): Ժամանակակից բնակարաններում Ն. ընդհանուր սենյակից հաճախ առանձնացվում է ապակեպատ դռներով կամ բացովի միջնորմով, որը հնարավորություն է տալիս Ն. լուսավորել բնական լույսով։