ՏՏՀ/Ներկացրիչ էլեկտրական
ՆԵՐԿԱՑՐԻՉ էլեկտրական, նախատեսված է մետաղե, պլաստմասսայե, փայտե և այլ իրերի հարթ ու ձևավոր մակերևույթների ներկման կամ լաքապատման, ինչպես նաև շինություններում օդի խոնավացման և զանազան հեղուկների փոշեցրման համար։ Ն. բաղկացած է ներկընդունիչ և ծայրափողակ-փոշեցրիչ ունեցող պոմպից, էլեկտրաթրթռիչից (որը շարժման մեջ է դնում պոմպը) և փոշեցրվող հեղուկի բաքից։ Պոմպն ու թրթռիչը տեղադրված են պլաստմասսայե իրանի մեջ, որին ներքևից ամրացվում է հեղուկի բաքը։ Ն. միացվում և անջատվում է բռնակոթի վրա գտնվող սեղմնակոճակով։
Ն-ից արտամղվող հեղուկի քանակը և շիթի լայնությունը կարգավորվում են մատուցման բռնակի պտույտով։ Ն-ի աշխատանքի արդյունավետությունը և լաքաներկի ծածկույթի որակը զգալիորեն կախված են փոշեցրվող հեղուկի մաքրությունից և մածուցիկությունից, ուստի օգտագործելուց առաջ ներկը կամ լաքը հարկավոր է լավ խառնել, ապա քամել մետաղե կամ թանզիֆե մաղով։ Հեղուկի մածուցիկությունը կարելի է որոշել կաթիլի անկմանը հետևելով. վերջին կաթիլները չպետք է թելի պես ձգվեն (ծորան)։ Աննշան մածուցիկություն ունեցող ջուրը և լուծիչները կարելի է օգտագործել առանց լրացուցիչ նոսրացման։
Ծայրափողակի կամ պոմպի խցանման դեպքում հարկավոր է հանել ծայրափողակը, մաքրել անցքը և լվանալ լուծիչով, այնուհետև անջատել բաքը, հանել պոմպը և լուծիչով խնամքով լվանալ։