Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիլիկատային ներկալուծույթները կիրառում են շենքերի ճակատային մակերևույթները (սվաղ, քար, աղյուս) ներկելու համար։

Ջրային ներկալուծույթները քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով։ Նախ ներկում են առաստաղը, այնուհետև պատերը, լուսամուտները, դռները և վերջում՝ հատակը։ Առաստաղը ցանկալի է ներկել երկու անգամ, նախ ներկը քսել լուսամատից ընկնող լույսին ուղղահայաց ուղղությամբ, ապա թարմ քսած ներկը տարածել (երբեմն՝ ներկ ավելացնելով) ընկնող լույսի ուղղությամբ։ Ներկացրիչով ներկելիս շիթն ուղղում են ոչ թե ուղիղ գծով, այլ պարուրագծով։ Պատերը նույնպես ներկում են երկու անգամ՝ նախ հորիզոնական, ապա ուղղաձիգ ուղղություններով։ Առաստաղը և պատերը ներկելուց հետո խորհուրդ է տրվում լուսամուտները 4-5 ժամ փակ պահել։

Յուղաներկային աշխատանքները։ Յուղաներկերը և արծնաներկերն օգտագործում են փայտե, մետաղե և սվաղած մակերևույթները ներկելու համար։ Ն. ա. սկսելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել վատ կպած հին ներկը։ Ամուր կպած ներկը չեն հեռացնում, այլ լվանում են սոդայի 2-5 %-անոց լուծույթով կամ գոլ ջրով ու օճառով։ Հին ներկաշերտը հեռացնելիս օգտվում են հատուկ փափկացնող մածուկից, որի պատրաստման համար պահանջվում է 0,5 կգ մաղած կավիճ, 0,5 կգ ասբեստի փոշի կամ կրախմոր։ Նշված նյութերին ավելացնում են կաուստիկ սոդայի 20 %-անոց լուծույթ՝ ստանալով խմորանման զանգված։ Մածուկը քսում են հին ներկաշերտին, թողնում 2-3 ժամ, փափկած ներկաշերտը մաքրում քերիչով կամ մածկաթիակով, մաքրած մակերեսը լվանում քացախաթթվի 2 %-անոց լուծույթով, ապա՝ մաքուր ջրով։ Ներկելուց առաջ մակերևույթը ներկաստառում են մեկ կամ երկու անգամ։ Մեկ անգամ ներկաստառելու դեպքում օգտագործում են գունավորած օլիֆ կամ հատուկ ներկաստառ։ Կրկնակի ներկաստառման դեպքում առաջին շերտի համար օգտագործում են օլիֆ, երկրորդի համար՝ ներկաստառման լուծույթ։ Վերջինս պատրաստում են օլիֆի (1 կգ), թանձրալեսած յուղաներկի (0,5-1 կգ) և լուծիչի (70-100 գ) խառնուրդից։

Օգտագործելուց առաջ ներկը հարկավոր է խնամքով խառնել և քամել։ Եթե նույն ներկի տարբեր տուփերում երանգները տարբեր են, անհրաժեշտ է դրանք լցնել մի ամանի մեջ և լավ խառնել։ Թանձրացած ներկը նոսրացնում են բևեկնայուղով, ուայթ-սպիրտով կամ օլիֆով։

Խորհուրդ է տրվում յուղաներկը քսել բարակ հավասար շերտով. հորիզոնական մակերևույթի հաստ ներկաշերտը կնճռոտվում է, իսկ ուղղաձիգ մակերևույթին առաջանում են հոսաբծեր։

Վրձինը պետք է բռնել ներկվող մակերևույթին ուղղահայաց և ներկը տարածել հավասարաչափ։ Պատերը վրձնով ներկելիս խորհուրդ է տրվում ներկը քսել հորիզոնական շերտերով, ապա տարածել ուղղաձիգ շարժումներով։ Փայտ ներկելիս վերջնահարդարումը պետք է կատարել թելքերի ուղղությամբ։

Ջրաէմուլսային Ն. ա.։ Ջրաեմուլսային ներկերով կարելի է պատել ամեն տեսակի մակերևույթները։ Ներկելուց առաջ մակերևույթը հարկավոր է մշակել այնպես, ինչպես յուղաներկով աշխատելիս։ Ներկաստառման համար չի կարելի օգտագործել պղնձարջասպ պարունակող լուծույթներ։ Սովորական ջերմաստիճանային պայմաններում (18-23 °C) ներկածածկույթը չորանում է 1,5-2 ժամվա ընթացքում։

Խորհուրդ է տրվում ներկը քսել երկու շերտով, ընդ որում երկրորդ շերտը՝ առաջինի չորանալուց հետո։

ՆԵՐԿԱՑՐԻՉ էլեկտրական, նախատեսված է մետաղե, պլաստմասսայե, փայտե և այլ իրերի հարթ ու ձևավոր մակերևույթների ներկման կամ լաքապատման, ինչպես նաև շինություններում օդի խոնավացման և զանազան հեղուկների փոշեցրման համար։ Ն. բաղկացած է ներկընդունիչ և ծայրափողակ-փոշեցրիչ ունեցող պոմպից, էլեկտրաթրթռիչից (որը շարժման մեջ է դնում պոմպը) և փոշեցրվող հեղուկի բաքից։ Պոմպն ու թրթռիչը տեղադրված են պլաստմասսայե իրանի մեջ, որին ներքևից ամրացվում է հեղուկի բաքը։ Ն. միացվում և անջատվում է բռնակոթի վրա գտնվող սեղմնակոճակով։

Ն-ից արտամղվող հեղուկի քանակը և շիթի լայնությունը կարգավորվում են մատուցման բռնակի պտույտով։ Ն-ի աշխատանքի արդյունավետությունը և լաքաներկի ծածկույթի որակը զգալիորեն կախված են փոշեցրվող հեղուկի մաքրությունից և մածուցիկությունից, ուստի օգտագործելուց առաջ ներկը կամ լաքը հարկավոր է լավ խառնել, ապա քամել մետաղե կամ թանզիֆե մաղով։ Հեղուկի մածուցիկությունը կարելի է որոշել կաթիլի անկմանը հետևելով. վերջին կաթիլները չպետք է թելի պես ձգվեն (ծորան)։ Աննշան մածուցիկություն ունեցող ջուրը և լուծիչները կարելի է օգտագործել առանց լրացուցիչ նոսրացման։

Ծայրափողակի կամ պոմպի խցանման դեպքում հարկավոր է հանել ծայրափողակը, մաքրել անցքը և լվանալ լուծիչով, այնուհետև անջատել բաքը, հանել պոմպը և լուծիչով խնամքով լվանալ։

ՆԿԱՐՆԵՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ, բնակարանի հարդարանքի կարևոր տարրերից են նկարները (յուղաներկ, ջրաներկ, պաստել, վերատպություններ, վիմատիպ նկարներ, լուսանկարներ ևն)։ Դրանք կարելի է կախել ընդհանուր սենյակում, ննջասենյակում, մանկական սենյակում, խոհանոցում, նախասենյակում։

Ջրանկարները սովորաբար երիզում են սպիտակ կամ գունավոր (բաց գույնի) թղթից պատրաստված ներդիրակալով (պասպարտու), որը պատրաստում են հետևյալ կերպ. թղթի (սվարաթղթի) վրա նկարի չափերից փոքր բացվածք