Jump to content

ՏՏՀ/Շախմատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇԱԽՄԱՏ, ճատրակ, սեղանի խաղ (2 մրցակցի միջև), 32 ֆիգուրներով, 64 վանդականի խաղատախտակի վրա։ Մրցակիցները քայլերը կատարում են որոշակի կանոններով և հերթականությամբ։ Խաղի նպատակն է «մատ» հայտարարել հակառակորդի արքային (այսինքն՝ այնպիսի հարձակում կազմակերպել, որից հնարավոր չէ պաշտպանվել)։ Շ-ի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարից ոչ ուշ տարածված է եղել խաղի նախնական տեսակներից մեկը՝ չատուրանգան (որի նպատակն էր ոչնչացնել հակառակորդի ֆիգուրները)։ Հայաստանում շախմատը տարածված է եղել դեռևս 9-րդ դարում։ Մատենադարանում եղած ձեռագրերում շախմատի մասին հիշատակվում է 12-13-րդ դարերից։

Խաղի կանոնները։ Յուրաքանչյուր կողմից խաղին մասնակցում են արքա, թագուհի, 2-ական նավակ, փիղ, ձի (ֆիգուրներ) և 8-ական զինվոր։

Ֆիգուրների քայլերը։ Արքան քայլում է բոլոր ուղղություններով 1 դաշտ, թագուհին՝ բոլոր ուղղություններով ցանկացած դաշտ, նավակը՝ ցանկացած դաշտ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով, փիղը՝ անկյունագծով ցանկացած դաշտ, ձին քայլում է Г-աձև (ձին միակ ֆիգուրն է, որ կարող է անցնել զբաղված դաշտերի վրայով), զինվորը 1 դաշտ առաջ՝ ուղղաձիգ ուղղությամբ (սկզբնական դիրքից երկու դաշտ քայլելու իրավունք ունի)։ Եթե ֆիգուրի շարժման ճանապարհին կանգնած է հակառակորդի որևէ ֆիգուր, ապա այն կարող է վերցվել՝ հեռացվել խաղատախտակից, նրա տեղն զբաղեցնում է այն ֆիգուրը, որով վերցնում են։ Զինվորը վերցնում է միայն անկյունագծով հարևան դաշտի ֆիգուրը։ Վերջին հորիզոնական շարքին հասած զինվորը խաղացողի ցանկությամբ փոխարինվում է որևէ ֆիգուրով (բացի արքայից)։ Եթե զինվորը 2 դաշտ քայլելիս անցնում է հակառակորդի զինվորի հարվածի տակ գտնվող դաշտով, ապա հակառակորդի զինվորը կարող է վերցնել այդ զինվորը և անկյունագծով անցնել նույն դաշտը։

Խաղի ընթացքում մեկ անգամ հնարավոր է փոխատեղում (արքայի և նավակի միաժամանակյա քայլ), եթե արքան և նավակը դեռևս ոչ մի քայլ չեն կատարել և դրանց միջև եղած դաշտերն ազատ են, «շախ» չի հայտարարված և արքան չի անցնում հակառակորդի սպառնալիքի տակ գտնվող դաշտի վրայով։ Խաղն ավարտվում է կողմերից մեկի հաղթանակով, եթե նա «մատ» է հայտարարել կամ հակառակորդը սպառել է սահմանված ժամանակը կամ անձնատուր եղել։

Խաղն ավարտվում է ոչ-ոքի, եթե խաղատախտակի վրա ուժերի հարաբերությունն այնպիսին է, որ անհնար է մատ հայտարարել, եթե կողմերից մեկը ոչ մի քայլ չունի կատարելու, բայց արքան հարվածի տակ չէ («պատային» դրություն), եթե որևէ կողմի արքան չի կարող թաքնվել շախերից («հավերժական շախ»), եթե կողմերը համաձայնվել են ոչ-ոքի։