Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղաքարերը շարժվում են միայն ազատ կամ սեփական քարերով զբաղեցրած բնիկներով («երկար» խաղ)։ «Կարճ» խաղի ժամանակ կարելի է հարվածել հակառակորդի անպաշտպան (երբ բնում մեկ խաղաքար է) «քարին»՝ այն հանելով «խաղից դուրս» և նրա տեղը դնելով սեփական «քարը»։ Խաղից դուրս եկած «քարը» կրկին խաղի մեջ է մտնում հերթական քայլի ժամանակ խաղացողի գցած զառի թվանշանների համաձայն՝ բ (սպիտակների) և դ (սևերի) խաղադաշտերում։ Հաղթում է նախատեսված փեղկում «քարերն» ավելի արագ հավաքող և ապա հանող խաղացողը։ Երկու խաղատեսակում էլ հաշիվը վարվում է նույն կերպ, հաղթողը վաստակում է մեկ միավոր, եթե այդ պահին հակառակորդը հանել է առնվազն մեկ «քար»։ Հակառակ պարագայում հաղթողը վաստակում է երկու միավոր («մարս» է անում)։ Նոր խաղահերթը սկսում է նախորդում հաղթողը։ Վերջնական հաղթանակը տրվում է հինգ կամ վեց («չորս» հաշվի վրա «մարս» է գրանցվում) միավոր հավաքողին։ Խաղն ընթանում է հերթականությամբ նետված զառերի ցույց տված նիշերի հաշվառումով։ 1 նիշի դեպքում «քարը» տեղափոխվում է մեկ բնիկ, 6-ի՝ վեց ևն։ Զույգ բերելիս (օրինակ, 1-1, 2-2, ... 6-6) խաղացողն իրավունք ունի քառակի տեղափոխության (օրինակ, 4-4-ի ժամանակ չորս անգամ չորս բնիկ)։ «Երկար» Ն-ի խաղասկզբին զույգ բերելիս խաղացողները առաջին քայլի ժամանակ կատարում են մեկ «քարի» տեղաշարժ նախնական դիրքից 1-1, 2-2 և 5-5 զառի դեպքում, իսկ 3-3, 4-4 և 6-6 բերելիս տեղափոխում են երկու «քար» (3-3-ի դեպքում մեկը՝ 3, մյուսը՝ 3x3 բնիկ, 4-4-ի դեպքում՝ զույգ քարերը 4x2 բնիկ, իսկ 6-6-ի դեպքում՝ զույգ քարերը 6-ական բնիկ)։

1964-ից Հայաստանում անցկացվում են քաղաքային և հանրապետական մրցումներ, 1991-ին կազմավորվել է Ն-ու հանրապետական ֆեդերացիա։ 1950-ին ստեղծվել է միջազգային ֆեդերացիա, որը կազմակերպում է առանձին երկրների, աշխարհամասերի և համաշխարհային առաջնություններ։

ՆՐԲԱՍՂՈՑՈՒՄ, անհրաժեշտ գործիքներն են նրբասղոցը, տարբեր համարի սղոցիկները, փոքր մուրճը, բիզը, տափաշուրթը, կծաքցանը, դանակը, խարտոցը, նրբախարտոցները, հաստոցը (հենատախտակ), ինչպես նաև սոսնձելու պարագաները։

Սովորաբար, Ն-ման համար օգտագործում են 3-5 մմ հաստության, գերադասելի է կեչու եռաշերտ, առանց ճաքերի ու ոստերի նրբատախտակը, կարելի է օգտագործել նաև պլաստմասսաներ, ցելուլոիդ, պլեքսիգլաս ևն։ Չոր նրբատախտակը երկու կողմից մաքրամշակում են զմռնիտաթղթով, ապա պատճենաթղթի միջոցով փոխանցում նկարը և սուր փայտիկով կամ մատիտով խորացնում կամ մգացնում նկարի եզրագծերը։ Նախ սղոցում են նկարի արտաքին, ապա ներքին եզրագծերը (եզրագծի ներսի մասում բզով անցք բացելուց հետո)։ Նրբասղոցի կոթից բռնելով, սղոցիկի ազատ ծայրն անցկացնում են անցքով, մանրամասը տանում մինչև ներքևի սեղմիչ պտուտակը, իսկ սղոցիկի ազատ ծայրն ամրացնում վերևի սեղմիչ պտուտակով։ Այնուհետև մանրամասը դնում են հաստոցի վրա և սղոցում։ Նրբատախտակը ձախ ձեռքով ամուր սեղմում են հաստոցին։ Սղոցիկը պետք է գտնվի ձախ ձեռքի բութ մատի և մնացած մատների արանքում ուղղաձիգ դիրքում։ Սղոցիկը հավասարաչափ վեր ու վար են շարժում, թեթևորեն առաջ սեղմելով (ուժեղ սեղմելիս սղոցիկը կարող է կոտրվել)։ Եզրագծի շրջադարձերը, անկյունները հարկավոր է սղոցել ձեռքի ավելի փոքր և հաճախակի շարժումներով՝ առանց սղոցիկը առաջ շարժելու, միաժամանակ ձախ ձեռքով զգուշորեն պետք է պտտել մանրամասը, որպեսզի սղոցիկի ատամները անհրաժեշտ ուղղություն ընդունեն։ Մանրամասների միացման տեղերը մշակում են խարտոցով։

Պատրաստի մանրամասները մաքրամշակում են զմռնիտաթղթով, արտաքին եզրերը հավասարեցնում տափակ խարտոցով, ներքին մանր կտրույթները՝ նրբախարտոցով։ Մաքրամշակումից և հարմարեցումից հետո մանրամասները սոսնձում են (տես Սոսնձում), ապա մաքրում եզրերից դուրս եկած սոսինձը։

Նրբասղոցած շինվածքը կարելի է ներկել, պատել լաքով, օլիֆով, մոմով կամ խածատել։ Օլիֆը պետք է քսել գոլ վիճակում։ Մոմապատում են 2 եղանակով. 1. սղոցած իրը փոքր-ինչ տաքացնում են կրակի վրա, վրձնով քսում հալեցրած մոմը և մի քանի րոպեից փայլեցնում լաթով, 2. մոմը լուծում են զտած տաք բևեկնայուղի մեջ (1:2 հարաբերությամբ), գոլ վիճակում քսում շինվածքին և մի քանի րոպեից փայլեցնում լաթով։

Թափանցիկ պլեքսիգլասի վրա նկարը փոխանցում են անմիջականորեն որևէ սուր գործիքով (օրինակ, բզով) և զգուշորեն սղոցում խոշորատամ սղոցով։ Անցքերը գայլիկոնում են ձեռքի գայլիկոնիչով կամ գայլիկոնիչ հաստոցով։ Սղոցելուց հետո անհարթությունները մշակում են նրբախարտոցով: Սղոցվող իրը պետք է սեղանի մակերևույթի հետ 30-40° անկյուն կազմի և գտնվի սղոցողի աչքերից 30 սմ հեռավորության վրա։ Ն. պետք է կատարել կարճատև դադարներով (յուրաքանչյուր 10-15 րոպեից հետո)։

ՇԱԽՄԱՏ, ճատրակ, սեղանի խաղ (2 մրցակցի միջև), 32 ֆիգուրներով, 64 վանդականի խաղատախտակի վրա։ Մրցակիցները քայլերը կատարում են որոշակի կանոններով և հերթականությամբ։ Խաղի նպատակն է «մատ» հայտարարել հակառակորդի արքային (այսինքն՝ այնպիսի հարձակում կազմակերպել, որից հնարավոր չէ պաշտպանվել)։ Շ-ի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարից ոչ ուշ տարածված է եղել խաղի նախնական տեսակներից մեկը՝ չատուրանգան (որի նպատակն էր ոչնչացնել հակառակորդի ֆիգուրները)։ Հայաստանում շախմատը տարածված է եղել դեռևս 9-րդ դարում։ Մատենադարանում եղած ձեռագրերում շախմատի մասին հիշատակվում է 12-13-րդ դարերից։

Խաղի կանոնները։ Յուրաքանչյուր կողմից խաղին մասնակցում են արքա, թագուհի, 2-ական նավակ, փիղ, ձի (ֆիգուրներ) և 8-ական զինվոր։

Ֆիգուրների քայլերը։ Արքան քայլում է բոլոր ուղղություններով 1 դաշտ, թագուհին՝