ՏՏՀ/Շիկացման լամպ
ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ, օգտագործում են շինությունների լուսավորման նպատակով, ավտոմեքենաների ցոլալապտերներում, կարի մեքենաներում և գրպանի լապտերներում՝ թեթևակի լուսավորման համար, լուսանկարչության մեջ ևն։ Կենցաղային լուսավորման սարքերում կիրառվում են 15 Վտ-ից մինչև 300 Վտ հզորության, 220 Վ կամ 127 Վ լարման Շ. լ-եր։
Շ լ-երի տարատեսակներ են կրիպտոնային և երկպարույր լամպերը։ Կրիպտոնային լամպերը, սպառելով միևնույն քանակության էլեկտրաէներգիա, սովորական լամպերի համեմատությամբ ունեն ավելի մեծ լուսատացք. թողարկվում են 40, 60, 75 և 100 Վտ հզորությամբ։ Երկպարույր լամպերն ունեն արտաքնապես հաստ շիկացման լար՝ աղեղի կամ կիսաօղակի ձևով. այդպիսի լարը վոլֆրամե մի պարույր է, որն իր հերթին փաթաթված է մեկ ուրիշ, ավելի բարակ պարույրից և ունի սովորական լարից ավելի մեծ պայծառություն։ Երկպարույր լամպերի անոթների չափերը միևնույն հզորության լուսավորման այլատեսակ Շ.լ–երի անոթներից ավելի փոքր են։
Լամպակոթի կամ լամպանոթի գմբեթամասի վրա դրվում է գործարանային դրոշմ՝ լարման (վոլտերով) և հզորության (վատտերով) նշումով (օրինակ, 220 Վ, 40 Վտ, կամ 220 Վ, 100 Վտ)։ Ցանկացած լամպի ծառայության ժամկետը մոտ 1000 ժամ է, եթե լարումն էլեկտրական ցանցում չի գերազանցում նախատեսվածը (220 Վ կամ 127 Վ)։ Իսկ եթե այս կամ այն պատճառով լարումը ցանցում բարձր է (կամ ժամանակ առ ժամանակ բարձրանում է, թեկուզև կարճ ժամանակով), լամպը կարող է արագորեն շարքից դուրս գալ։ Հաշվի առնելով այդ՝ արդյունաբերությունը թողարկում է նաև սովորականից ավելի բարձր լարման համար նախատեսված (լամպանոթի վրա համապատասխան նշումով, օրինակ, 235-245 Վ) լամպեր։
Լամպը հարկավոր է կոթառին հագցնել կիպ՝ խուսափելու համար թարթումներից և կոթառի տաքացումից։ Արգելվում է լամպը հանգցնել կոթառից պտուտահանելով, քանի որ այդ դեպքում հնարավոր է դիպչել լարման տակ գտնվող կոթառի մետաղյա մասերին կամ լամպակոթին, ինչը կարող է հանգեցնել էլեկտրական հոսանքի հարվածի։