Jump to content

ՏՏՀ/Շնիցել

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇՆԻՑԵԼ, մսով կերակրատեսակ։ Հիմնականում պատրաստում են խոզի մսով։ Լինում են ծեծած և աղացած Շ-ներ։ Աղացած Շ-ի խճողակը պատրաստում են, ինչպես աղացած կոտլետինը, միայն առանց հացի։

Շ. ծեծած մսով. միսը լայն կտորներով կտրտել հյուսվածքաթելքերին ուղղահայաց, ծեծել, աղ և պղպեղ ցանել, թաթախել ձվի և թավալել աղացած պաքսիմատի մեջ։ Երկու կողմից յուղով տապակել մինչև վարդագույն կեղևի գոյանալը։ Խաշած կարտոֆիլը կեղևել, կտրտել բարակ շերտերով և յուղով տապակել։ Տապակած կարտոֆիլը և պատրաստի Շ. տեղավորել սկուտեղի մեջտեղում, վրան հալած կարագ լցնել, զարդարել կիտրոնի շերտերով և մաղադանոսով։

500 գ մսին՝ 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 1 ձու, 4 ճաշի գդալ հալած յուղ կամ հալած կարագ, 1/2 կիտրոն, մաղադանոսը և աղը՝ ըստ ճաշակի։

Շ. աղացած մսով. մսի ջլերը հանել, աղալ, աղ և պղպեղ ցանել, 0,5 սմ հաստության բլիթներ ձևավորել, թավալել աղացած պաքսիմատի մեջ, երկու կողմից տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։ Շ. տեղավորել ափսեի մեջ և վրան լցնել հալած կարագ։

Խավարտը՝ տապակած կարտոֆիլ կամ կարտոֆիլախյուս, կանաչ ոլոռ և այլ բանջարեղեն։

5-6 Շ-ի համար՝ 500 գ միս, 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 2 ճաշի գդալ կարագ, 2 ճաշի գդալ հալած յուղ։