կրակից վերցնել և թողնել մեկ օր (պտուղների վրա շրջած ափսե դնել, որպեսզի դրանք ամբողջովին ընկղմվեն շաքարաջրի մեջ)։ Ծիրանն օշարակից հանել, դնել քամիչի մեջ և կորիզները հանել (մատիտի հաստության փայտիկով)։ Օշարակը եռացնել, ծիրանը լցնել մեջը, անմիջապես կրակից վերցնել և թողնել ևս մեկ օր։ Հաջորդ օրը նկարագրված գործողությունը կրկնել և դարձյալ թողնել մեկ օր։ Օշարակը քամվելուց հետո ծիրանը շարել տախտակի, սկուտեղի կամ ցանցի վրա և չորացնել արևի տակ կամ ոչ տաք ջեռոցում (բաց դռնակով)։ Ամբողջական պտուղների մեջ կարելի է դնել ծիրանի կորիզի, նուշի կամ ընկույզի միջուկ։ Պատրաստի Շ. դասավորել տուփի մեջ (շերտերի արանքում թուղթ փռել)։
Սալորի և թզի Շ. պատրաստում են ծիրանի Շ-ի պես՝ ընկույզի փոխարեն պտղի մեջ դնելով մի կտոր նարնջի կամ կիտրոնի կեղև։
Նկարագրված եղանակով կարելի է պատրաստել խնձորի, դեղձի, սերկևիլի, բալի, սպիտակ կեռասի Շ.։
Ձմերուկի և դդմի կեղևի Շ. պատրաստելու համար նախ դրանցից եփում են մուրաբա (առանց կիտրոնաթթու ավելացնելու), ապա օշարակը քամում և Շ. չորացնում նկարագրված եղանակով։
ՇԻԼԱ, ըստ հեղուկի և ձավարի քանակի հարաբերակցության տարբերում են նոսր և թանձր Շ-ներ։ Շ. եփում են կորեկաձավարից, բրնձից, վարսակից, սպիտակաձավարից, վարսակի փաթիլներից (Հերկուլես), ալյուրից՝ ջրով կամ ջրով բացած կաթով։ Թանձր Շ-ներից պատրաստում են նաև ձավարի կոտլետներ և ջեռեփուկ։
Սպիտակաձավարից, բրնձից և կորեկաձավարից եփում են նաև քաղցր Շ–ներ, որոնք մատուցում են որպես աղանդեր՝ քաղցր սոուսների, կիսեփ, մուրաբայի, հատապտղի խյուսի և հարած սերուցքի հետ։
Ձավարը եփելուց առաջ ընտրում են և լվանում (սպիտակաձավարից և Հերկուլեսից բացի)։ Հատկապես խնամքով պետք է լվանալ կորեկաձավարը՝ դառնությունը վերացնելու համար։ Եթե կորեկաձավարը շատ դառնահամ է, այն լվանում են եռման ջրով, ապա նոր եփում։
Կաթով բրնձի քաղցր Շ. եփելիս շաքարն ավելացնում են վերջում՝ այն նախապես ջրի մեջ լուծելով։
Շ-ները լավ են յուրացվում օրգանիզմում և շատ սննդարար են, որի շնորհիվ լայնորեն օգտագործվում են մանկական և դիետիկ սննդում։
Խորհուրդ չի տրվում Շ. եփել արծնապատ ամանների մեջ, քանի որ ամանի տակն այրվում է, դժվարությամբ է մաքրվում, արծնաշերտը ճաքճքում է և կարող է խառնվել ուտելիքին։
Շ. բրնձով (կաթնով). գոլ ջրով լվացած բրինձը լցնել եռացող ջրի մեջ (1 բաժակ բրնձին՝ 2 բաժակ ջուր), եփել 8-10 րոպե, փլավքամիչով քամել և լցնել եռացող կաթով կաթսայի մեջ, աղ գցել և պարբերաբար խառնելով եփել մարմանդ կրակի վրա (10-15 րոպե)։ Կաթնովը մատուցել սառը՝ վրան դարչին և շաքարափոշի ցանած։
1 բաժակ բրնձին՝ 2 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ շաքարափոշի, մի պտղունց դարչին, աղը՝ ըստ ճաշակի։
Շ. քուֆտայի ջրով (բրնձով). բրինձը 1,5-2 ժամ թողնել գոլ աղաջրում, ապա լվանալ։ Քուֆտայի ջուրը քամել, լցնել կաթսայի մեջ և ավելացնել բրինձը։ Միջին կրակի վրա կիսաեփ անել, ապա կարագ ավելացնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա։
1 բաժակ բրնձին՝ 3 բաժակ քուֆտայի ջուր, 100 գ կարագ, աղը՝ ըստ ճաշակի։
Շ. սպիտակաձավարի. սպիտակաձավարը բարակ շիթով լցնել եռացող կաթի մեջ և անընդհատ խառնելով եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը (10-15 րոպե), ավելացնել շաքար, աղ և խառնել։ Մատուցել կարագով։
1 բաժակ սպիտակաձավարին՝ 5 բաժակ կաթ (կարելի է ջրով բացած), աղը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։
Շ. եգիպտացորենի. ձավարը լցնել աղ գցած ջրի մեջ և խառնելով եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը, ավելացնել կաթ, շաքար, կարագ և եփել այնքան, մինչև Շ. կրկին թանձրանա։ Այնուհետև կաթսան 30-40 րոպե պահել ջեռոցի մեջ։
1 բաժակ ձավարին՝ 2 բաժակ ջուր, 1 բաժակ կաթ, 2 թեյի գդալ շաքարավազ, 4 թեյի գդալ կարագ։
Խավիծ. ցորենի ալյուրը յուղով բովել այնքան ժամանակ, մինչև բաց դեղին գույն ստանա, ավելացնել շաքարաջուր և խառնելով եփել մինչև թանձրանալը։ Այնուհետև սերուցք լցնել և թողնել, որ եռա։
3/4 բաժակ ալյուրին՝ 2 ճաշի գդալ հալած յուղ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 բաժակ ջուր, 1 բաժակ սերուցք։
Խաշիլ. ցորենն ընտրել, թեթևակի բովել, սրճաղացով աղալ և մաղել։ Կաթսայում ջուր եռացնել, ըստ ճաշակի աղ ավելացնել, կաթսան կրակից վերցնել և ալյուրը (փոխինդ) խառնելով քիչ-քիչ լցնել ջրի մեջ, եփել մարմանդ կրակի վրա՝ մինչև թանձրանալը։
Մատուցում են ափսեով՝ հալած յուղով և բացած թանով. թանը լցնում են ափսեի մեջ (3 ճաշի գդալ), ապա խաշիլը, կենտրոնում փոսիկ բացում և լցնում հալած յուղը (1 ճաշի գդալ)։
1 լիքը բաժակ բոված ալյուրին (փոխինդ)՝ 2 բաժակ ջուր։
Հասութա. ցորենի ալյուրը յուղով բովել (պետք է դառնա մուգ դարչնագույն), ապա խառնելով ավելացնել ջրով բացած դոշաբ և եփել 5-7 րոպե։
3/4 բաժակ ալյուրին՝ 2 ճաշի գդալ հալած յուղ, 1 ճաշի գդալ դոշաբ (կարելի է նաև նույն քանակության մեղր կամ շաքարաջուր)։
ՇՆԻՑԵԼ, մսով կերակրատեսակ։ Հիմնականում պատրաստում են խոզի մսով։ Լինում են ծեծած և աղացած Շ-ներ։ Աղացած Շ-ի խճողակը պատրաստում են, ինչպես աղացած կոտլետինը, միայն առանց հացի։
Շ. ծեծած մսով. միսը լայն կտորներով կտրտել հյուսվածքաթելքերին ուղղահայաց, ծեծել, աղ և պղպեղ ցանել, թաթախել ձվի և թավալել աղացած պաքսիմատի մեջ։ Երկու կողմից յուղով տապակել մինչև վարդագույն կեղևի գոյանալը։ Խաշած կարտոֆիլը կեղևել, կտրտել բարակ շերտերով և յուղով տապակել։ Տապակած կարտոֆիլը և պատրաստի Շ. տեղավորել սկուտեղի մեջտեղում, վրան հալած կարագ լցնել, զարդարել կիտրոնի շերտերով և մաղադանոսով։
500 գ մսին՝ 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 1 ձու, 4 ճաշի գդալ հալած յուղ կամ հալած կարագ, 1/2 կիտրոն, մաղադանոսը և աղը՝ ըստ ճաշակի։
Շ. աղացած մսով. մսի ջլերը հանել, աղալ, աղ և պղպեղ ցանել, 0,5 սմ հաստության բլիթներ ձևավորել, թավալել աղացած պաքսիմատի մեջ, երկու կողմից տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։ Շ. տեղավորել ափսեի մեջ և վրան լցնել հալած կարագ։
Խավարտը՝ տապակած կարտոֆիլ կամ կարտոֆիլախյուս, կանաչ ոլոռ և այլ բանջարեղեն։
5-6 Շ-ի համար՝ 500 գ միս, 1/2 բաժակ աղացած պաքսիմատ, 2 ճաշի գդալ կարագ, 2 ճաշի գդալ հալած յուղ։
ՇՈԳԵԵՓՈՑ, սովորական կաթսայի մեջ դրվող հատուկ կաթսա կամ ցանց։ Օգտագործում են բանջարեղեն կամ այլ մթերք գոլորշիով եփելու համար։ Առավել