Jump to content

ՏՏՀ/Շրջազգեստի համար գործվածք ընտրելիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇՐՋԱԶԳԵՍՏԻ համար գործվածք ընտրելիս, հաշվի են առնում կնոջ կազմվածքը, տարիքը, նորաձևության պահանջները։

Անջրանցիկ գործվածքից մարզական ոճի Շ. (նկ. 1), ուղիղ ձևվածքի, առաջամասում կոճկվող փոքր ծալովի օձիքով։ Կոճկվածքը զոլակով է՝ հավասարաչափ բաշխված կոճակներով։

Գործվածքի ծախսը. 2 մ 20 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-112-120։

Մետաքսե գործվածքից Շ. (նկ. 2), ուղիղ ձևվածքի, ներկարված թևքերով (ուսաբարձիկներով), առաջամասի մի կողմից ուսակարից մինչև կոնքագիծը հասնող թակալած դարսերով։

Գործվածքի ծախսը. 4 մ 06 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-104։

Բրդե գործվածքից Շ. (նկ. 3), գոտկամասում կտրված։ Ծալովի օձիքը բաղկացած է 2 մասից։ Կոճկվում է հետևից։ Կրծքամասը և թիկնամասը դրվագակտորի տակից թեթևակի փոթավորված են։ Գոտկատեղից ներքև Շ. ուղիղ է, 2 կարով։

Գործվածքի ծախսը. 3 մ 55 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-100։

Վելվետից Շ. (նկ. 4), ուղիղ ձևվածքի, «անգլիական» օձիքով, երկշար կոճկվածքով։ Առաջամասում և վրադիր գրպաններին դրվագաշերտեր են կարված։

Գործվածքի ծախսը. 3 մ 70 սմ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-112-120։

Մետաքսե գործվածքից Շ. (նկ. 5), ուղիղ ձևվածքի, կտրված գոտկատեղով, ներկարված թևքերով, կապվող կանգուն օձիքով։ Առաջամասը դրվագակտորի տակից թեթևակի փոթավորված է։ Գոտկատեղից ներքև ուղիղ է՝ ձախ կողմից հանդիպակաց կրկնակի դարսով։

Գործվածքի ծախսը. 2 մ 75 սմ՝ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-104։