ՏՏՀ/Շփաբորբ
ՇՓԱԲՈՐԲ, մաշկի բորբոքում, զարգանում է մաշկածալքերի (հետույքի և հետանցքի շրջանի ծալքերի, գեր կանանց կաթնագեղձերի տակի, ոտքերի միջմատային տարածության, աճուկային ծալքերի, գեր երեխաների պարանոցի և այլն) իրար հպվող խոնավ մակերևույթների շփումից։ Շ-ի առաջացմանը նպաստում են քրտնա- և ճարպարտադրության ավելացումը, սպիտահոսությունը, անմիզապահությունը։ Առավել հաճախ Շ. առաջանում է տարվա շոգ եղանակին, բնորոշ է գեր մարդկանց, ինչպես նաև կրծքի երեխաներին՝ մաշկի խնամքի հիգիենայի կանոնները խախտելիս։ Շ-ի ժամանակ մաշկի ախտահարված հատվածը կարմրում է, այտուցվում, խոնավանում։ Անհանգստացնում է քորը, այրոցը, երբեմն՝ ցավը։ Շ-ի կանխման համար հարկավոր է պահապանել անձնական հիգիենայի կանոնները, պայքարել քրտնոտության դեմ, մաշկածալքերը լվանալ բորաթթվի (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ), կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթներով, այնուհետև լավ չորացնել։ Գեր մարդկանց և փոքր երեխաներին խորհուրդ է տրվում լվացումներից հետո մաշկածալքերը սրբել եռացրած բուսական յուղով, վազելինով և ցանել դիմափոշի կամ տալկ։