Jump to content

ՏՏՀ/Ոսպնյակի մթագնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ոսպնյակի մթագնում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 324
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՈՍՊՆՅԱԿԻ ՄԹԱԳՆՈՒՄ, կատարակտա, աչքի հիվանդություն, երբ խոչնդոտվում է լույսի ճառագայթների թափանցումը աչքի մեջ և ընկնում տեսողության սրությունը։ Տարբերում են ոչ առաջադիմող, մասնակի (սովորաբար բնածին) և առաջադիմող (ձեռքբերովի) Ո. մ-ներ, երբ ոսպնյակն աստիճանաբար ամբողջովին մթագնում է։ Դա առանձնապես բնորոշ է, այսպես կոչված, ծերունական Ո. մ-մանը, որը երբեմն զարգանում է 50 տարեկանից հետո։ Հիվանդության զարգացմանը նպաստում են շաքարախտը, աչքի երկարատև հիվանդությունները (անոթաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի շերտազատում, ուժեղ կարճատեսություն, գլաուկոմա և այլն), աչքի վնասվածքները, ինչպես նաև առանց համապատասխան պաշտպանական միջոցների բարձր ջերմաստիճանի պայմաններում (հալոցային վառարանների մոտ) կամ իոնացնող ճառագայթների ներգործության տակ երկարատև աշխատելը։

Նոր սկսվող Ո.մ–ման զարգացումը կանխելու համար բժիշկը նշանակում է բուժիչ դեղանյութեր։ Եթե հիվանդությունն առաջադիմում է, ապա դիմում են վիրահատական միջամտության։ Վիրահատությունից հետո ոսպնյակից զրկված աչքն ընդունակ չէ լույսի ճառագայթները բեկել բնականոն աչքի չափ, ուստի տեսողությունը մնում է թույլ։ Այն վերականգնվում է ակնոցի օգնությամբ (նշանակվում է վիրահատությունից 1,5-2 ամիս հետո)։ Ո.մ–ով հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել յուղալի և աղի սնունդ։ Օգտակար են վիտամիններով հարուստ մրգերն ու բանջարեղենը՝ գազարը, կաղամբը, շաղգամը, կիտրոնը, խնձորը և այլն։