Jump to content

ՏՏՀ/Ոլոռ (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՈԼՈՌ (աճեցումը), տարբերում են Ո-ի երկու խումբ՝ կճպվող և շաքարային։ Կճպվող սորտերի ունդերը նուրբ են, քաղցր, բայց պետք է կճպել, որովհետև պտղափեղկերն ունեն կաշեկերպ (պերգամենտի) շերտ։ Շաքարային սորտերի ունդերը մսալի են, հյութալի, նուրբ և կանաչ վիճակում օգտագործվում են ուտելու համար։ Հասուն հատիկը լինում է հարթ և կնճռոտ։ ՀՀ-ում Ո. մշակում են կենտրոնական, Լոռի-Փամբակի, Շիրակի, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Ապարան-Հրազդանի գոտիներում, ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված և ունդեր ստանալու համար։ Սերմ ստանալու համար մշակում են Վիկտորիա Մանդորֆյան, կանաչ զանգվածի համար՝ Չեռնիգովի 190 (Սևանի ավազան) սորտերը։

Ո-ի աճեցման համար ընտրում են բաց արևոտ հողամաս։ Հողի ռեակցիան պետք է լինի չեզոք։ Լավ բերք է ստացվում հողը օրգանական (0,5 դույլ՝ 1 մ²-ին) և հանքային (30-40 գ սուպերֆոսֆատ և 20-30 գ կալիումի քլորիդ) պարարտանյութերով աշնանը պարարտացնելիս։

Գարնանը ցանքից առաջ պետք է տալ ազոտական պարարտանյութեր (15-20 գ միզանյութ կամ 20-30 գ ամոնիակային բորակ՝ 1 մ²–ին)։ Ցանում են վաղ գարնանը՝ 7,5 կամ 15 սմ միջշարային տարածությամբ և 6-8 սմ խորությամբ։ Ո-ի ցողունները կառչող են, ուստի շարքերի երկարությամբ դրսի կողմից, պետք է դնել թեք հենակներ։ Ցածրաճ սորտերի համար հենակների երկարությունը 50-70 սմ, իսկ բարձրաճների համար 1,5-2 մ է։ Ունդերը միաժամանակ չեն հասունանում, ուստի հավաքում են ըստ հասունացման։ Ունդերի համար աճեցվող Ո. պահանջում է հաճախակի ջրում։ Բերքի հասունացման ժամկետը երկարացնելու համար ամռանը (հատկապես չոր եղանակին) ջրում են մի քանի անգամ։