Jump to content

ՏՏՀ/Որդանման ելունի բորբոքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որդանման ելունի բորբոքում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 324
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՈՐԴԱՆՄԱՆ ԵԼՈՒՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ապենդիցիտ, կույր աղիքի որդանման ելունի (ապենդիքս) բորբոքային հիվանդություն։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուր բորբոքումը, որպես կանոն, սկսվում է հանկարծակի` պորտի, սրտագդալի շրջանի կամ որովայնի ցավերով, որոնք այնուհետև տեղակայվում են որովայնի աջ կեսի ստորին քառորդում (աջ զստաշրջան, պորտից աջ և ցած)։ 1-2 ժամվա ընթացքում ցավն ուժեղանում է և ուղեկցվում մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (մինչև 37,8-38,5 °C), երբեմն սրտխառնոցով, փսխումներով, փորկապությամբ։ Երեխաների և տարեց մարդկանց Ո. ե. բ-ման դեպքում սովորաբար ցավը թույլ է արտահայտված։

Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալիս որքան հնարավոր է անհապաղ պետք է դիմել բժշկի և մինչև նրա գալը որևէ բուժական միջոցառում չձեռնարկել։ Հիվանդին չի կարելի կերակրել, տալ լուծողական և ցավազրկող դեղանյութ, օգտագործել ջեռակ, կատարել հոգնա։ Որովայնի ցավոտ կետերի շրջանում կարելի է սառը դնել։ Անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և լրիվ հանգիստ։

Որդանման ելունի քրոնիկական բորբոքումը սովորաբար սուր բորբոքման հետևանք է։ Բուժում են վիրաբուժական եղանակով։

Երեխաների Ո. ե. բ. հաճախ սկսվում է որպես աղիքային խանգարում։ Եթե այն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ, փսխումով և որովայնի ցավերով, հարկավոր է անհապաղ բժիշկ հրավիրել։