ՏՏՀ/Չիչխան
ՉԻՉԽԱՆ, փշարմավ, ձիափշատ, երկտուն բույս է։ Բույսերի մի մասն ունի միայն իգական, մյուսները՝ արական բողբոջներ։ Երիտասարդ արական բույսերը շատ նման են իգականին, սակայն պտղաբերման շրջանում հեշտորեն տարբերվում են միմյանցից, իգական բույսերի բողբոջներն ավելի նեղ են, ձգված և սովորաբար պատված են երկու թեփուկներով, արականների բողբոջներն ավելի խոշոր են, կլորավուն և պատված են մի քանի թեփուկներով։ Փոշոտումը տեղի է ունենում ծաղկման շրջանում՝ քամու օգնությամբ։ Բնականոն փոշոտման համար բավական է հողամասում ունենալ մեկ արական և 4-5 իգական բույս։ Ավելի լավ է Չ. տնկել գարնանը և աշնանը։ Սովորաբար տնկում են երկամյա տնկիներ՝ 3x2 մ հեռավորության վրա։ Տնկափոսերը պետք է ունենան առնվազն 50 սմ լայնություն և խորություն։ Չ. լավ է աճում փուխր, ջրա- և օդաթափանց հողերում։ Եթե հողը ծանր է, կավային, տնկափոսի մեջ պետք է լցնել 10-15 կգ տորֆ, այն խառնել հողի վերին շերտի հետ, ավելացնել 40-60 գ ֆոսֆորական և 20-40 գ կալիումական պարարտանյութեր (ըստ ազդող նյութի)։ Տնկելուց հետո հողը պնդացնել, փոսիկներ անել, ջրել (1-2 դույլ ջուր) և ծածկել տորֆով կամ թեփով (5-6 սմ շերտով)։ Վեգետացիայի շրջանում կանոնավոր կերպով հեռացնել մոլախոտերը և հողը փխրեցնել։ Հողը մշակել զգուշորեն, որպեսզի չվնասվի մակերեսային արմատային համակարգը։ Մշակման խորությունը չպետք է գերազանցի 5-7 սմ միջբնային շրջանում և 10-12 սմ միջշարայինում։ Չորային տարիներին անհրաժեշտ է ամռանը և աշնանը ջրել (1 բույսին՝ 3-4 դույլ ջուր), պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով։ Երեք տարին մեկ անգամ պարարտացնել (գերադասելի է աշնանային վերափորի ընթացքում, 10 սմ խորությամբ) օրգանական (10 կգ բուսահող կամ կոմպոստ) և հանքային (1 մ²–ին՝ 30-50 գ ֆոսֆորական և 30 գ կալիումական, ըստ ազդող նյութի) պարարտանյութերով։ Ազոտական պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ արմատապալարներում գտնվող բակտերիաներով բույսը կարող է յուրացնել մթնոլորտային օդի ազոտը և դրանով հարստացնել հողը։ Չ. պտղաբերում է տնկումից 3-4 տարի անց։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ ՀՀ ստորին և միջին լեռնային գոտիներում, 1600-1900 մ բարձրություններում (Իջևան, Ապարան, Վանաձոր, Զանգեզուր, Մեղրի), գետերի, ջրամբարների ափերին, կիրճերի լանջերին կան դժնիկանման Չ-ի բուսուտներ։ Չ. աճեցվում է ավազուտների ամրացման, էրոզացված հողերի յուրացման, կանաչ ցանկապատերի համար։ Սևանա լճի ազատված հողերում (Մարտունի, Կամո, Վարդենիս) ստեղծվել են Չ-ի խոշոր տնկարկներ, կազմակերպվել է Չ-ի հյութի և յուղի արտադրություն։