Jump to content

ՏՏՀ/Պապլոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՊԱՊԼՈՐ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա, մանրասոխուկավոր, վաղ գարնանային բույսերի ցեղ։ Որոշ տեսակներ օգտագործվում են կանաչապատման մեջ (ալպյան բլրակներում, եզրազարդերում, սիզամարգերում)։ Ողկուզանման Պ. մինչև 20 սմ բարձրության բույս է։ Ծաղիկները մանր են, փոքր ատամիկներով, տակառիկաձև, խմբված են կլորավուն, վերևում թեթևակի նեղացած ողկույզ ծաղկաբույլերում։ Վերին ծաղիկները վառ կապույտ են, ստորինները՝ կապտամանուշակագույն։ Ծաղկում է մայիսին։

Թաթանման Պ. նախորդից բարձր է, վերին ծաղիկները մուգ մանուշակագույն են, ստորինները՝ գրեթե սև։

Պ. լավ է աճում պարտեզային հողերում, արևոտ և ստվերոտ վայրերում։ Առանձնակի խնամք չի պահանջում։ Վեգետացիայի շրջանում հողը պետք է փխրեցնել, մոլախոտերը քաղհանել, ծածկել բուսահողով կամ տորֆակոմպոստով, գարնանը պարարտացնել հանքային պարարտանյութերով։

Սոխուկները կարելի է տնկել օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Խոշոր սոխուկների սնուցման մակերեսը 10x10 սմ է, տնկման խորությունը՝ 7-8 սմ։ Տնկելուց հետո հողը ծածկել բուսահողով կամ տորֆակոմպոստով։

Պ. բազմանում է սոխուկ-սոխիկներով և սերմերով։ Աճեցրած սոխիկները մեկ տարի հետո կարելի է տնկել ծաղկանոցում։ Սերմերը հավաքելուց անմիջապես հետո պետք է ցանել մարգերում։ Սերմնաբույսերը ծաղկում են 3-րդ տարում։ Բույսերը հեշտորեն բազմանում են նաև ինքնացանքով։ Միևնույն տեղում առանց վերատնկելու, Պ. աճում է 4-5 տարի։ Սոխուկները հողից պետք է հանել տերևների թառամումից հետո, չորացնել և մինչև տնկելը պահել 15-18 ջերմաստիճանում։ Պ. ախտահարվում է ժանգով, սկլերոտինոգով (կարծրացումով), խայտաբղետությունով, պենիցիսոզով, ցողունային նեմատոդով և այլ հիվանդություններով։ Վնասում են արմատային սոխային տզերը։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։