ՏՏՀ/Պատշգամբ
ՊԱՏՇԳԱՄԲ, ժամանակակից բնակարանները, որպես կանոն, ունեն Պ. կամ խորշապատշգամբ (շենքի ներս ընկած, բաց ճակատամասով շինություն)։ Ամռանն այնտեղ կարելի է հանգստանալ։ Պ-ում կարելի է տեղադրել մթերապահարաններ, լվացք չորացնել՝ առանց շենքի արտաքին տեսքը խաթարելու։
Քամուց, անձրևից, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար կախում են սահովի վարագույրներ, ինչպես նաև կալունակի վրա ձգված ծալվող կամ փաթաթվող (դեպի վեր) վրանածածկ (այսպես կոչված արևկալ)։
Խորշապատշգամբը և Պ. կարելի է ծածկապատել փաթաթվող բույսերով, որոնք միաժամանակ զարդարում են շենքի ճակատը։ Պ. հաճախ ապակեպատում են և օգտագործում որպես բնակելի տարածություն։
Պ-ում հանգստանալու համար հարմար է ունենալ ննջաթոռներ, փայտե կամ մետաղե կմախքով բացովի բազկաթոռներ, ծալովի մահճակալ։ Սեղանի դեր կարող է կատարել մթերապահարանի հետգցովի դռնակը։ Պ-ում դրվող պահարանները պետք է պաշտպանակից ցածր լինեն։ Ցանկալի է, որ Պ-ի կահույքը պատված լինի բաց գույնի խոնավակայուն ներկով կամ լաքով։ Կան նաև կախովի (բարձակային) Պ-ներ, որոնք հիմնականում շենքի արտաքին ճակատը ձևավորելու դեր են կատարում։