Jump to content

ՏՏՀ/Պարարտանյութեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պարարտանյութեր
Այգեգործական հողամաս

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, այգեբանջարանոցային բույսերը շատ պահանջկոտ են հողի բերրիության նկատմամբ, քանի որ բերքի հետ նրանք հողից կորզում են շատ սննդանյութեր։ Դրանց պակասը լրացվում է հողը պարբերաբար հարստացնելով օրգանական և հանքային Պ-ով։

Օրգանական պարարտանյութերից են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) հիմնական օրգանական պարարտանյութն է։ Պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում և միկրոտարրեր։ Բացի այդ, գոմաղբը զգալիորեն բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա- և ջրաթափանց։ Գոմաղբը պահում են սառը եղանակով խիտ դարսակույտերով։ Գոմաղբը փռում են 2 մ լայնության, 1,5 մ բարձրության ցանկացած երկարության դարսակույտով և լավ տոփանում։ Դարսակույտը ծածկում են տորֆի կամ հողի 20 սմ-անոց շերտով։ Գոմաղբը հասցնում են կիսափտած վիճակի և դրանով պարարտացնում այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը։ Դա արվում է աշնանը կամ գարնանը (1 մ²–ին՝ 4-6 կգ)։

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ ևն) քայքայումից։ Բուսահողը մյուս Պ-ից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ (1 մ²–ին՝ 2-3 կգ)։

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Դրանում ազոտը և կալիումը լուծված վիճակում են և բույսերի համար դյուրամատչելի։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1:5 հարաբերությամբ նոսրացած գոմաղբահեղուկ։ Այն կիրառվում է նաև տորֆագոմաղբահեղուկային կոմպոստ պատրաստելիս։ Գոմաղբահեղուկի լուծույթի սննդարժեքը բարձրացնելու համար դրան ավելացնում են ֆոսֆորական Պ. (1 դույլին՝ 30-50 գ սուպերֆոսֆատ)։


Աղյուսակ 1. Պարարտանյութերի խառնման թույլատրելիությունը

Պարարտանյութ Ամոնիումի բորակ Ամոնիումի սուլֆատ Միզանյութ (կարբամիդ) Հասարակ սուպերֆոսֆատ Հատիկավորված կրկնակի և չեզոքացված սուպերֆոսֆատ Կալիումի քլորիդ, կալիումական աղ Կալիումի սուլֆատ Կիր, դոլոմիտ, աղացած կավիճ Գոմաղբ, թռչնաղբ
Ամոնիումի բորակ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ
Ամոնիումի սուլֆատ ԿԽԱՍ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ՉԽ
Միզանյութ (կարբամիդ) ՉԽ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ՉԽ ԿԽՄԱ
Հասարակ սուպերֆոսֆատ ՉԽ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Հատիկավորված կրկնակի և չեզոքացված սուպերֆոսֆատ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կալիումի քլորիդ, կալիումական աղ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կալիումի սուլֆատ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ՉԽ ԿԽՆ
Կիր, դոլոմիտ, աղացած կավիճ ՉԽ ՉԽ ՉԽ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՄԱ ԿԽՆ ՉԽ
Գոմաղբ, թռչնաղբ ՉԽ ՉԽ ԿԽՄԱ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՆ ԿԽՄԱ ՉԽ ԿԽՆ

Պայմանական նշանակումներ. ՉԽ – չի կարելի խառնել, ԿԽՄԱ – կարելի է խառնել հող մտցնելուց առաջ, ԿԽՆ – կարելի է խառնել նախօրոք։

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող օրգանական պարարտանյութ է։ Թռչնաֆաբրիկաների թողարկած չոր թռչնաղբը սորուն, հատիկավոր պարարտանյութ է և, ի տարբերություն թացի, չի պարունակում մոլախոտերի ծլունակ սերմեր, հիվանդության հարուցիչներ, չունի սուր տհաճ հոտ։ Թարմ թռչնաղբը ևս պահում են սառը եղանակով, կոմպոստելով՝ 3:1 հարաբերությամբ (ըստ զանգվածի) խոնավություն կլանող նյութերով տորֆի փշրանքով, փայտի թեփով կամ ծղոտով։ Թռչնաղբն օգտագործում են հիմնական պարարտացման (բնական վիճակում) օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով (1 մ²–ին թաց թռչնաղբը՝ 500 գ, չորը՝ 200-300 գ)։ Հողի մակերևույթին հավասարաչափ ցրելուց անմիջապես հետո այն խցում են բահով։ Հեղուկ սնուցման համար թռչնաղբը նոսրացնում են ջրով (սնուցումից անմիջականորեն առաջ) 1:10 հարաբերությամբ և լավ խառնում։ Չոր թռչնաղբի ծախսման չափաքանակը կրկնակի անգամ փոքր է. սննդանյութերը լավ լուծվելու նպատակով այն նախապես նոսրացնում են։

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Սակայն որպես պարարտանյութ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը (1 մ²–ին՝ 2 դույլ)։

Տորֆագոմադբային կոմպոստ պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60 %-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 3/4/։ 1 է։ Կոմպոստ պատրաստելու համար տորֆը և գոմաղբը հերթականությամբ շարում են դարսակույտերով։ Սկզբում նախատեսված տարածքի վրա 30-40 սմ շերտով փռում են տորֆ, այնուհետև 10-15 սմ շերտով գոմաղբ և այլն։ Վերջում դարսակույտը ծածկում են տորֆի շերտով (20 սմ)։ Դարսվածքը պետք է փխրուն լինի, որպեսզի ապահովի օդի մուտքը և նպաստի օրգանական նյութերի ավելի արագ քայքայմանը։ Չոր եղանակին դարսակույտի վրա լցնում են գոմաղբահեղուկ կամ ջուր։ Ամռանը դարսակույտը մի քանի անգամ բահով խառնում են։ 4-5 ամիս անց կոմպոստն արդեն պատրաստ է օգտագործման (1 մ²–ին՝ 3-4 կգ)։

Տորֆաֆեկալային կոմպոստը արագ ներգործող օրգանական պարարտանյութ է, պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում։

Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում են ազոտի կորուստները, վերանում է տհաճ հոտը, ստացվում սորուն, կիրառման համար հարմար Պ.։ Նման կոմպոստներ պատրաստելիս 1 տ ցածրավայրային տորֆի համար վերցնում են 0,5 տ, իսկ 1 տ բարձրավայրայինին՝ 2 տ ֆեկալ։

Կոմպոստը պատրաստում են տորֆի կույտի մեջ ձագարաձև փոս անելով և նշված հարաբերությամբ մեջը ֆեկալ լցնելով։ Վերջինիս կլանվելուց հետո վրան փռում են տորֆի շերտ (20 սմ)։ Կոմպոստի կույտը չեն պնդացնում, որպեսզի դրա ջերմաստիճանը բարձրանա (մինչև 70 °C)։ Բարձր ջերմաստիճանի տակ կոմպոստի մեջ ոչնչանում են ճիճուների ձվերը և հիվանդությունների հարուցիչները։ Ավելի ուշ, համասեռ զանգված ստանալու համար, կոմպոստը մի քանի անգամ բահով խառնում են և երկու տարի հետո պարարտացնում հողը (1 մ²–ին՝ 2-3 կգ)։ Խորհուրդ չի տրվում դրանով պարարտացնել թարմ օգտագործվող գետնաելակը և բանջարեղենը։

Հանքային պարարտանյութեր, ազոտական պարարտանյութեր։ Ամոնիակային բորակը (ազոտաթթվական ամոնիում, ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35 % ազոտ։ Թողարկվում է սպիտակ հատիկների տեսքով։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Օժտված է բարձր խոնավածծությամբ և երկար պահելու դեպքում քարանում է, այդ պատճառով այն պահում են չոր տեղում։ Տորֆի, փայտաթեփի, հարդի և այլ օրգանական նյութերի հետ այդ պարարտանյութը չի կարելի խառնել, քանի որ այն կարող է ինքնաբռնկվել։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում (1 մ²–ին՝ 15-25 գ)։ Միզանյութը (կարբամիդ) խտացված ազոտական պարարտանյութ է, պարունակում է 46 % ազոտ։ Լավ լուծվում է ջրում, երկար պահելուց պնդանում է, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Առաջին դեպքում պարարտացման չափաքանակը 1 մ²–ին՝ 10-20 գ է, երկրորդ դեպքում 10 լ ջրում լուծում են 50 գ և այդ լուծույթով 100 մ² տարածքի վրա սրսկում են բույսերը։

Ամոնիումի սուլֆատը (ծծմբաթթվական ամոնիում) սպիտակ կամ գորշ բյուրեղային նյութ է, պարունակում է 20,5-21 % ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, այդ պատճառով այն որպես հիմնական պարարտանյութ հող են մտցնում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը հողը թթվեցնում է, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը (1 մ²–ին՝ 30-50 գ)։

Կալցիումի բորակը (կալցիումի նիտրատ, ազոտաթթվական կալցիում) թողարկում են հատիկների տեսքով, պարունակում է 15,5 % ազոտ։ Հիմնային, խոնավածուծ պարարտանյութ է (1 մ²–ին՝ 30-40 գ)։

Ֆոսֆորական պարարտանյութեր. սուպերֆոսֆատը լուծվող պարարտանյութ է, թողարկվում է բաց մոխրագույն փոշու և հատիկների տեսքով, պարունակում է 19 % ապատիտի և 11 % ֆոսֆորիտի յուրացվող ֆոսֆորական թթու։ Սուպերֆոսֆատը հողի թթվայնությունը չի բարձրացնում, քանի որ այն պարունակում է ծծմբաթթվական կալցիում (գիպս) (1 մ²–ին՝ 40-60 գ)։ Ֆոսֆորիտային ալյուրը մուգ մոխրագույն կամ դարչնագույն դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30 % լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։ Արգելվում է այն կրի հետ նույն ժամկետում հող մտցնել։

Կալիումական պարարտանյութեր. կալիումի քլորիդը մոխրագույն նրբերանգներով սպիտակ կամ վարդագույն բյուրեղային փոշի է, պարունակում է մոտ 60 % կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հող մտցնել աշնանը (1 մ²-ին՝ 15-20 գ)։

Կալիումական աղը կալիումի քլորիդի և աղացած սիլվինիտի խառնուրդն է։ Պարունակում է 30-40 % կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը (1 մ²–ին՝ 40-80 գ)։

Կալիումի սուլֆատը խտացրած կալիումական պարարտանյութ է, դեղնավուն նրբերանգով սպիտակ, սորուն բյուրեղային փոշի է։ Լավ լուծվում է ջրում, պարունակում է 48 % կալիումի օքսիդ։ Այն լավ են յուրացնում կաղամբազգիների ընտանիքի բանջարային բույսերը՝ կաղամբ, գոնգեղ, ամսաբողկ, շաղգամ (1 մ²–ին՝ 20-25 գ)։

Կալիումի բորակը մուգ մոխրագույն բյուրեղային փոշի է, պարունակում է 44 % կալիումի օքսիդ և 14 % ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։

Աղյուսակ 2. Միկրոպարարտանյութերը հողի մեջ մտցնելու եղանակներն ու չափաքանակները, 1 լ ջրին՝ գ-ով

Միկրոպարարտանյութեր Ցանքից առաջ սերմերի մշակումը Ոչ արմատային լրացուցիչ սնուցում Հողի մեջ մտցնելը
Ծծմբաթթվական ցինկ 0,3 0,2 0,1
Մանգանաթթվական կալիում 0,2 1,0 0,1
Բորաթթու 0,1 0,2 0,05
Ծծմբաթթվական պղինձ (պղնձարջասպ) 0,05 0,1 0,03
Ամոնիումի միլիբդատ 0,2 0,3 0,03
Ծծմբաթթվական երկաթ (երկաթարջասպ) 0,1 0,5 0,1

Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է, պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և բազմաթիվ միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակության առկայությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Մոխիրը լավ պարարտանյութ է կարտոֆիլի, արմատապտղավորների, կաղամբի, հաղարջի և այլ բույսերի համար (1 մ²–ին՝ 800 գ բուսական, 700 գ փայտի և 1 կգ տորֆի մոխիր)։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութեր։ Պարունակում են 2 և ավելի հիմնական սննդատարրեր, երբեմն դրանց ավելացնում են և միկրոտարրեր։ Հող են մտցնում գարնանը վեգետացիայի փուլում, որպես օժանդակ սնուցում։

Ամոֆոսը պարունակում է 44-52 % յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11 % ազոտ։ Թողարկում են հատիկների և փոշու տեսքով (1 մ²–ին՝ 20-30 գ)։

Նիտրոամոֆոսկան պարունակում է 13-17 % ազոտ, 17-19 % ֆոսֆորական թթու և 17-19 % կալիումի օքսիդ (1 մ²–ին՝ 50-60 գ)։

Նիտրոֆոսկան պարունակում է 11 % կալիումի օքսիդ (1 մ²–ին՝ 70-80 գ)։

Պարարտացնող խառնուրդներ։ Բանջարանոցային խառնուրդում պարունակվում է 6 % ազոտ, 9 % ֆոսֆորական թթու, 9 % կալիումի օքսիդ, պտղահատապտղային խառնուրդում համապատասխանաբար՝ 6 %, 9,6 %, 0,75 %: Որպես հիմնական պարարտանյութեր դրանք նպատակահարմար է հող մտցնել գարնանը, իսկ որպես լրացուցիչ հեղուկ սնուցում՝ բույսերի վեգետացիայի շրջանում։ Հիմնական մշակման ժամանակ 1 մ²–ի չափաքանակը 80-100 գ է, լրացուցիչ հեղուկ սնուցման դեպքում 10 լ ջրում լուծում են 20-40 գ խառնուրդ՝ կախված բույսերի տարիքից։ Պարարտացնող խառնուրդները պետք է պահել չոր տեղում։

Միկրոպարարտանյութերի ազդող նյութերն են բորը, պղինձը, երկաթը, մանգանը, ցինկը և այլն, որոնք հողի մեջ գտնվում են աննշան քանակությամբ։ Դրանք ակտիվացնում են բույսերի մեջ ընթացող գործընթացները։ Միկրոպարարտանյութերը կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոտարրերի մաքուր կուլտուրաներից կազմված պատրաստուկներ են։ Դրանք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում են բույսերի աճի և զարգացման պայմանները։ Սրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն։