ՏՏՀ/Պտերներ
ՊՏԵՐՆԵՐ, խոտաբույսերի, հազվադեպ ծառանման բույսերի մեծ խումբ՝ լայնորեն տարածված երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում կարելի է աճեցնել շատ գեղեցիկ, նրբագեղ տերևներով ծաղկազարդ տեսակներ՝ կանաչի տարբեր երանգներով։ Սենյակային Պ. խոտաբույսեր են՝ լավ զարգացած, կարճ, ուղղաձիգ, հաճախ հորիզոնական սողացող կոճղարմատներով։
Այս խոնավասեր և ստվերադիմացկուն բույսերը չորությանը և շոգին բոլորովին չեն դիմանում։ Խոնավություն ապահովելու համար Պ. պետք է պահել կրկնակի թաղարների մեջ, իսկ միջթաղարային տարածությունը լցնել մամուռ, մանրախիճ կամ տորֆ և մշտապես խոնավացնել։
Գարնանը Պ. պետք է վերատնկել 2 մաս կավաճմային, 1 մաս թելատորֆային և 1/2 մաս ավազի հողախառնուրդի մեջ։ Եթե արմատներն ամբողջությամբ չեն զբաղեցնում թաղարը, ապա կարելի է փոխել հողի միայն վերին շերտը։ Պ. բազմանում են սպորներով (առաջանում են տերևների ստորին մակերեսի վրա), թփերի բաժանումով և միայն «կենդանածին» տեսակներին բնորոշ հավելյալ բողբոջներով։
Խոշոր Պ. (տարատերև, բնանման և «կենդանածին» ասպլեններ, մանգաղանման ցիտրոմիում, բարձր նեֆրոլեպիս և փշոտ պոլիստիխամ) ցանկալի է աճեցնել առանձին տակդիրներով՝ մեկական, կամ որպես կանթեղային բույսեր: Փոքր Պ. (ադիանտ՝ Վեներայի մազ, ճապոնական լիգոդիում, կրետական պտերիս, կլորատերև պելեյա և սովորական պոլիպոդիում) ավելի լավ է աճեցնել խմբերով կամ նրանցով ցայտերանգել գեղեցիկ ծաղկող բույսերը։ Պ-ով կարելի է կանաչապատել թույլ լուսավորված շինությունները։ Պ-ի կտրած տերևներն օգտագործում են նաև ծաղկեփնջերում։