ՏՏՀ/Ջերմատուն
ՋԵՐՄԱՏՈՒՆ, նախատեսված է ջերմասեր բանջարային բույսերի և հատապտուղների սածիլներ աճեցնելու համար։ Ի տարբերություն ծածկած գրունտով այլ շինությունների (տես Ջերմոց)՝ Ջ-անը օրվա ընթացքում պահպանվում է ջերմաստիճանի և խոնավության համեմատաբար փոքր տատանումներով որոշակի միկրոկլիմա։ Նման պայմաններ ստեղծում են ճիշտ ջեռուցումով և օդափոխումով։ Ջ-ներում կիրառում են արևային, կենսաբանական (կենսավառելիքով) և տեխնիկական (տաք ջուր, գոլորշի, էլեկտրականություն) ջեռուցում։ Օդափոխումը բնական է (օդանցքների կամ վերնափեղկերի միջոցով) կամ արհեստական։
Ջ-ների կառուցվածքը պայմանավորված է օգտագործվող շինանյութով, ջեռուցման տեսակով, շահագործման ժամկետով, նպատակով։ Տարբերում են միալանջ, երկլանջ և բլոկավոր Ջ-ներ։ Առավել տարածված են երկլանջ Ջ-ները, որոնց լուսաթափանցիկ հարթությունները պետք է ուղղված լինեն դեպի արևելք և արևմուտք։ Որպես ծածկ օգտագործում են ապակի կամ պոլիէթիլենային թաղանթ։ Սածիլներն աճեցնում են անմիջապես գրունտի կամ դարակաշարերի վրա։
Ջ-ները կառուցում են հարթ մակերևույթով կամ դեպի հարավ քիչ թեքությամբ հողակտորների վրա։ Բարձր մակարդակի գրունտային ջրերով (մակերևույթից 0,8 մ-ից պակաս) հողը պիտանի չէ Ջ-ներ կառուցելու համար։ Ջ-ները սառը քամիներից պաշտպանելու համար ցանկապատում կամ շուրջը տնկում են արագ աճող թփեր, ծառեր։
Սիրող բանջարաբույծներին խորհուրդ է տրվում կառուցել օդի փակ շրջանառությումբ կամարակապ Ջ.։ Նման Ջ-ներում տեղադրում են 25-30 Վտ հզորության էլեկտրական օդափոխիչ, որը կլանում է Ջ-ի օդը, այն անցկացնում հողի մեջ տեղադրված խողովակներով, որից հետո նորից օդը մղում Ջ.։ Օդափոխիչը և հողի միջով անցնող խողովակների ելքը Ջ-ի մի ծայրում միացված են ընդհանուր օդափոխման խուղակով, իսկ մյուս ծայրում խողովակները դուրս են գալիս գետնախորշ (նկ. 1)։ Այսպիսի շրջանառության ժամանակ արևից տաքացած օդն անցնում է հողի մեջ տեղադրված խողովակներով, ջերմությունը հաղորդում հողին, սառում (100 % հարաբերական խոնավությամբ) և նորից մտնում Ջ.։ Օդի փակ շրջանառության շնորհիվ Ջ-ի ջերմաստիճանը ցերեկը նվազում է մինչև օպտիմալ աստիճանը, իսկ հողի ջերմաստիճանը բարձրանում է։ Գիշերը տեղի է ունենում հակառակ երևույթը, հողում կուտակված ջերմությունը տաքացնում է Ջ-ի օդը և իջեցնում հարաբերական խոնավությունը։ Այսպիսի Ջ-ի կառուցվածքը ցույց է տրված նկ. 2-ում։ Հիմնակմախքը սարքում են 3x5 (կամ 4x6) սմ կտրվածքով ձողերից և ծածկում փայտե ճեղքակալներով ամրացված պոլիէթիլենային թաղանթով։ Ջ-ի պատվանդանը շինում են 18-22 սմ-ից ոչ պակաս տրամագծով գերաններից, աղյուսաշարից կամ 20-30 սմ հաստության միաձույլ բետոնից։ Հողի միջով անցնող 10-20 սմ տրամագծի ասբեստե կամ մետաղե խողովակները ծածկում են 20 սմ հաստության կավե շերտով, վրան լցնում 20-25 սմ հաստության սնուցող հող։ Խողովակների փոխարեն կարելի է օգտագործել հյուղակաձև դասավորված, 25-30 սմ լայնության թերթավոր կամ ալիքավոր ասբեստահերձաքարերի շերտեր։ Հիմքի հենասյուները 50-70 սմ խրում են գետնի մեջ։ Մարգերը (լայնությունը՝ 100-125, բարձրությունը՝ 40-45 սմ) նպատակահարմար է անել լցաթմբերով։ Ավազահողով և խոր ընկած գրունտային ջրով (ավելի քան 1,5 մ) հողամասերում լցաթմբեր չեն անում, այլ մարգերի միջև թողնում են 40-50 սմ խորության անցումներ։ Այս դեպքում Ջ-ի շուրջը փորում են ձնհալի և հեղեղաջրերի արտահոսի առուներ։ Դռները պատում են պոլիէթիլենային թաղանթով։
Օդափոխիչի շուրջօրյա աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը մեկ սեզոնի ընթացքում (մայիս-օգոստոս) կազմում է 80-90 կՎտ.ժ։ Գիշերը Ջ-ի օդի նվազագույն ջերմաստիճանը 4,55,0 °C–ով բարձր է, քան սովորական ծածկաթաղանթի տակ։