Jump to content

ՏՏՀ/Պտղատու և հատապտղատու բույսերի վնասատուներ և հիվանդություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պտղատու և հատապտղատու բույսերի վնասատուներ և հիվանդություններ
Այգեգործական հողամաս

ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՑՈՒՆՆԵՐ, բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար կիրառում են քիմիական, մեխանիկական, ագրոտեխնիկական և կենսաբանական մեթոդներ։ Առավել արդյունավետ է դրանց համալիր կիրառումը։ Պայքարի քիմիական մեթոդի ժամանակ օգտագործում են թունաքիմիկատներ։ Ագրոտեխնիակական մեթոդը ներառում է վնասատուների և հիվանդությունների հարուցիչների բազմացումը սահմանափակող ագրոտեխնիկական միջոցառումներ։ Մեխանիկական մեթոդներից են. ձմեռային բների հեռացման աշխատանքները, վնասատուների ձվակույտերի, թրթուրների հավաքումը որսագոտիներով, թափված տերևների փոցխումը և այրումը։ Կենսաբանական մեթոդի էությունը վնասատուների բնական թշնամիներին (գիշատիչ և մակաբույծ միջատներ, միջատակեր թռչուններ, հիվանդածին մանրէներ) պայքարի նպատակով օգտագործելն է։

Վնասատուներ. առավել տարածված են պտղակերները, ծաղկակերները, բուկարկան, կազարկան, լվիճները, երկարակնճիթները, սղոցողները, սերմնակերները, խաղողի ողկուզակերները, տերևակերները, կեղևակերները, վահանակիրները, մայիսյան և այլ բզեզները։

Պտղակերներից վնասված պտուղները վաղաժամ հասունանում են և թափվում։ Կարևոր է թրթուրների զանգվածային սերնդատվության և վնասված պտղից առողջին անցնելու ժամանակ կատարել պաշտպանական միջոցառումներ։ Պտղակերի դեմ պայքարի արդյունավետ միջոց է կարբոֆոսը (10 լ ջրին՝ 20-30 գ) և 10 %-անոց բենզոֆոսֆատը (10 լ ջրին՝ 60 գ)։ Պտղակերների դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել նաև մեխանիկական միջոցներ՝ թափված որդնոտ պտուղների հավաքում, որսագոտիների կիրառում, թակարդներ։

Ծաղկակերների և այլ երկարակնճիթների դեմ պայքարելու համար կիրառում են քլորոֆոս (20 գ 80 %-անոց պատրաստուկը՝ 10 լ ջրին)։ Սրսկում են բողբոջների ուռչելու ժամանակ։ Լվիճների դեմ պայքարելու համար (մինչև բողբոջների ուռչելը) պետք է ծառերը սրսկել նիտրաֆենի լուծույթով (300 գ՝ 10 լ ջրին)։ Ծաղկաթափից հետո ծառերը կարելի է մշակել կարբոֆոսի էմուլսիայով (20-30 գ՝ 10 լ ջրին)։

Բալենու լորձնային սղոցողը վնասում է բալենին, կեռասենին, տանձենին, սալորենին, սերկևիլենին, սզնենին։ Թրթուրները սնվում են տերևաթիթեղով՝ թողնելով միայն ջղերը և ներքևի թափանցիկ թաղանթը։ Վնասված տերևները չորանում են։ Ձմեռող թրթուրների ոչնչացման համար հանձնարարվում է մերձբնային բաժակների աշնանային և գարնանային կրկնափոր։ Լավ արդյունք է տալիս սրսկումը ծխախոտի, մախորկայի, դառը օշինդրի (բարձվենյակի) թուրմերով։ Թրթուրների զանգվածային երևալու ժամանակ (նկատվում է բերքահավաքից հետո) ծառերը սրսկում են կարբոֆոսով (20-30 գ 10 լ ջրին)։

Հատապտղատու բույսերի վնասատուներից ավելի հաճախ հանդիպում են հաղարջենու բողբոջային տիզը, գետնամորու թափանցիկ տիզը, հաղարջենու ապակեթիթեռը, կոկռոշենու հրաթիթեռը, ազնվամորու, ելակի երկարակնճիթը, նեմատոդները։

Հաղարջենու տիզը վնասում է հիմնականում սև հաղարջենին. առաջացնում է բողբոջների փքանք։ Վնասված բողբոջները չեն բացվում և ոչնչանում են։ Առավել արդյունավետ պայքարի միջոցներից է թփուտների սրսկումը ծծմբի 1 %-անոց կախույթով (100 գ՝ 10 լ ջրին) ծաղկումից առաջ և ծաղկման ավարտից անմիջապես հետո։ Տզերով թույլ վարակվածության դեպքում կարելի է փքված բողբոջները հեռացնել (մինչև ծաղկում), ուժեղ վարակվածության դեպքում՝ կտրել ճյուղերը։

Հաղարջենու ապակե թիթեռի թրթուրները ճյուղերի միջուկներում անցքեր են բացում, վնասված ընձյուղները և ճյուղերը թառամում ու չորանում են։ Չորացած ճյուղերը պետք է կտրել։

Ազնվամորու բզեզը որդնոտում է ազնվամորու և մոշի հատապտուղները։ Վնասված հատապտուղները վատ են զարգանում, գունազրկվում են, թառամում և փտում։ Բզեզները կրծում են կոկոնները։ Կոկոնակալման ժամանակ բույսերը կարելի է սրսկել կարբոֆոսով (75 գ 10 %-անոց պատրաստուկ՝ 10 լ ջրին)։

Հիվանդություններ։ Պտղատու և հատապտղատու բույսերին մեծ վնաս են հասցնում քոսը, կոկոմիկոզը, անտրաքնոզը, սպիտակ բծավորությունը (սեպտորիոզը), գանգրոտությունը, ծիրանենու ալրացողը, դեղձենու գոմոզը, կորիզավորների ծակոտկեն բծավորությունը, դեղձենու ալրացողը, գանգրոտությունը, սալորենու գրպանիկը, սերկևիլենու մոնիլային այրվածքը, խաղողի վազի միլդյուն, օիդիումը, պտղի փտումը և այլն։ Խնձորենու և տանձենու սնկային հիվանդություններից առավել տարածված է քոսը: Վնասված օրգանների (տերևներ, պտուղներ) վրա առաջանում են գորշ բծեր։ Վարակված այգիներում մինչև բողբոջների բացվելը պսակը և ծառի տակի հողը պետք է սրսկել նիտրաֆենով (300 գ՝ 10 լ ջրին) կամ միզանյութի 7 %-անոց լուծույթով։ Բողբոջների ուռչելու փուլում ծառերը պետք է մշակել (երկնագույն սրսկում) 3-4 %-անոց բորդոյան հեղուկով (300-400 գ պղնձարջասպ և 300-400 գ չհանգած կիր՝ 10 լ ջրին), բողբոջների բացման փուլում՝ 1 %-անոց բորդոյան հեղուկով (100 գ պղնձարջասպ և 150 գ կիր՝ 10 լ ջրին)։ Հաջորդ սրսկումը պետք է կատարել ծաղկումից անմիջապես հետո 1 %-անոց բորդոյան հեղուկով կամ ծծմբի 0,3 %-անոց կախույթով և բերքահավաքից հետո՝ միզանյութի 5 %-անոց լուծույթով։ Հիվանդության հարուցիչը ձմեռում է թափված տերևների վրա, այդ պատճառով պետք է աշնանը դրանք հավաքել և այրել կամ կույտեր անել կոմպոստավորման համար։

Ծակոտկեն բծավորությամբ առանձնապես ուժեղ են վարակվում ծիրանենին, դեղձենին, իսկ սալորենին, կեռասենին, բալենին, շլորենին՝ համեմատաբար թույլ։ Հիվանդությունն սկսում է արտահայտվել բողբոջները բացվելու շրջանում։ Հարուցիչը սունկն է, որը ձմեռում է թափված տերևների և պտուղների մեջ։ Ծիրանենու պտուղների վրա առաջանում են կարմրավուն բծեր, որոնք մեծանալով միաձուլվում են՝ առաջացնելով դարչնագույն բարձիկներ։ Ուժեղ վարակված ճյուղերն ու շիվերը չորանում են։

Պայքարի միջոցները. մայիսի առաջին տասնօրյակում ծիրանենին, դեղձենին և սալորենին սրսկել կուպրոզանի կախույթով (10 լ ջրին՝ 40 գ կուպրոզան) կամ կարբոֆոսով (10 լ ջրին՝ 20 գ)։

Դեղձենու տերևների գանգրոտությունը վտանգավոր սնկային հիվանդություններից է։ Տերևները և մատղաշ ընձյուղները դառնում են մսալի, կարմրագորշ գույնի և թափվում են։ Պայքարի միջոցները. մարտ ամսին ծառերը սրսկել 80 %-անոց քլորոֆոսի և կուպրոզանի համակցված լուծույթով (10 լ ջրին՝ 20 գ քլորոֆոս և 40 գ կուպրոզան)։ Բողբոջների ուռչելու շրջանում սրսկել 1 %-անոց բորդոյան հեղուկով (10 լ ջրին՝ 100 գ կիր, 100 գ պղնձարջասպ)։ Կոկոմիկոզը բալենու և կեռասենու վտանգավոր հիվանդություն է։ Սունկը վնասում է տերևները և պտուղները։ Տերևների վերին մասում առաջանում են գորշագույն բծեր, ստորին մասում՝ կոնիդիումի սպիտակավարդագույն բարձիկներ։ Ուժեղ վարակվածության դեպքում տերևները դեղնում և վաղաժամ թափվում են։ Վնասված պտուղները վատ են զարգանում, ձևափոխվում։ Կոկոմիկոզի դեմ պայքարելու համար արդյունավետ են սրսկումները բորդոյան հեղուկով և դրա փոխարինիչներով՝ երկնագույն սրսկում կանաչ կոնով (3-4 %-անոց բորդոյան հեղուկով), ծաղկումից անմիջապես հետո (1 %-անոց բորդոյան հեղուկով), նախորդ սրսկումից 15-20 օր հետո (1 %-անոց բորդոյան հեղուկով) և բերքահավաքից հետո (միզանյութի 4-5 %-անոց լուծույթով)։ Սունկը ձմեռում է թափված տերևների վրա։

Անտրաքնոզը վնասում է խաղողի, հաղարջենու տերևները, որոնք պատվում են բծերով, գորշանում, չորանում և թափվում են։ Սունկը ձմեռում է վարակված թափված տերևների վրա։

Ալրացողը վարակում է կոկռոշենու և հաղարջենու տերևները, ընձյուղները և պտուղները։ Վնասված օրգանների վրա առաջանում է ալրանման փառ, որն աստիճանաբար մգանում է, տերևների և պտուղների աճը դադարում է և չորանում են, ընձյուղների ծայրերը չորանում են, սևանում և ոչնչանում։ Սունկը ձմեռում է բույսի վնասված մասերում։ Որպեսզի կանխվի վարակը, գարնանը (մինչև բողբոջների բացվելը) բույսերը պետք է սրսկել նիտրաֆենի լուծույթով (300 գ՝ 10 լ ջրին) կամ երկաթարջասպի 5 %-անոց լուծույթով (500 գ՝ 10 լ ջրին)։ Անտրաքնոզի, սեպտորիոզի և ժանգի դեմ հաղարջենու և կոկռոշենու ծաղկումից անմիջապես հետո պետք է սրսկել 10 %-անոց բորդոյան հեղուկով և կրկնել ծաղկումից 10-15 օր հետո։

Մոխրագույն փտումը ազնվամորու և ելակի հիվանդություն է։ Վնասում է ազնվամորու պտուղները և ելակի բոլոր վերգետնյա օրգանները։ Սովորաբար հիվանդությունը բռնկվում է խոնավ և ցուրտ եղանակներին։ Ելակի ալրացողն ավելի հաճախ վնասում է տերևները, որոնք կոշտանում և ոլորվում են, հատապտուղների վրա առաջանում է ալրանման փառ։ Սունկը ձմեռում է բույսի վնասված մասերի վրա։ Ազնվամորու անտրաքնոզը վնասում է տերևները, ընձյուղները և հատապտուղները։ Տերևների վրա առաջանում են կլորավուն բծեր՝ վառ կարմիր եզրով, վնասված ողկույզները ոչնչանում են, հատապտուղները՝ չորանում։ Հարուցիչը ձմեռում է վնասված ընձյուղների վրա։ Ազնվամորու և ելակի հիվանդությունների դեմ պայքարելու համար վաղ գարնանը (բողբոջների բացվելուց առաջ) բույսերի շուրջը և միջշարքերի հողը պետք է սրսկել նիտրաֆենի լուծույթով (200 գ՝ 10 լ ջրին)։ Այդ մշակումով ոչնչանում են հիվանդության հարուցիչները, որոնք ձմեռում են թափված տերևների և ընձյուղների վրա։ Կոկոնակալման ժամանակ և բերքահավաքից հետո ազնվամորին պետք է մշակել 1 %-անոց բորդոյան հեղուկով։ Ալրացողով վարակված ելակը կոկոնակալման սկզբում պետք է սրսկել ծծմբի կախույթով (100 գ 10 լ ջրին)։ Բերքահավաքի ժամանակ մոխրագույն փտումով վարակված հատապտուղները պետք է հավաքել առանձին տարաներում և ոչընչացնել (թաղել հողում 40-50 սմ խորությամբ)։

Պտղի փտումը սովորաբար վնասում է միայն հնդավորները՝ խնձորենին և տանձենին։ Պտղամաշկի վնասված տեղում առաջանամ է ոչ մեծ դարչնագույն բիծ, որն աստիճանաբար մեծանում և ընդգրկում է ամբողջ պտուղը։ Պտղամիսը դառնում է փուխր, ոչ ուտելի։ Մաշկի վրա առաջանում են սպորատու բաց մոխրագույն բարձիկներ։ Փտումով վնասված պտուղներն անհրաժեշտ է հավաքել և ոչնչացնել։

Մոնիլային այրվածքը կամ մոխրագույն պտղափտումը առավելապես կորիզավորների հիվանդություն է։ Վնասում է պտուղները, ծաղիկները, ընձյուղները, ճյուղերը։ Վնասված ճյուղերը էտում են, պտուղները հավաքում և այրում։ Հիվանդության ուժեղ տարածվածության դեպքում սրսկում են 1 %-անոց բորդոյան հեղուկով ծաղկումից առաջ, անմիջապես ծաղկումից և 12-15 օրը մեկ երկրորդ մշակումից հետո։

Բորդոյան հեղուկի պատրաստումը։ Բորդոյան հեղուկը կիրառում են սնկային հիվանդությունների դեմ։ Այն ստանում են պղնձարջասպի լուծույթի և կրի խառնուրդից։ Խառնուրդն օգտագործում են պատրաստման օրը։ Բորդոյան հեղուկը կարելի է պահպանել 24 ժամ, եթե նրան ավելացնենք շաքար (5-10 գ՝ 10 լ-ին)։ Բորդոյան հեղուկ պատրաստելիս հանձնարարվում է օգտագործել չհանգած կիր (CaO)՝ կնձերի կամ թեփիկների ձևով։ Հեղուկի պատրաստման ընթացքում չհանգած կիրը պետք է մարել (Ca(OH)2

Ուռչած բողբոջներին երկնագույն սրսկման համար օգտագործում են 3 %-անոց բորդոյան հեղուկ (300 գ պղնձարջասպ և 300-450 գ չհանգած կիր կամ 600-900 գ կրային խմոր՝ 10 լ ջրին)։ Պղնձարջասպը և կիրը առանձին֊առանձին լուծել 2-3 լ տաք ջրում, հետո յուրաքանչյուր լուծույթի ծավալը հասցնել 5 լ՝ օգտագործելով սառը ջուր։ Կրի լուծույթը քամել երկտակ թանզիֆով և անընդհատ խառնելով դրա մեջ շիթով լցնել պղնձարջասպի լուծույթը։ Խառնուրդը պետք է լինի երկնագույն և չպարունակի պղնձի ավելցուկ։ Ստուգման համար կարելի է օգտագործել լակմուսի թուղթ՝ լակմուսի դեղին թուղթը պետք է ներկվի կապույտ, ոչ թե կարմիր գույնի։ Կարելի է օգտվել մաքուր մեխից. եթե լուծույթում թեթևակի կարմրում է, նշանակում է կա պղնձի ավելցուկ, որը վերացնում են կրով։

Բացի կրի որակից, բորդոյան հեղուկի վրա ներգործում է նաև ջերմաստիճանը. խառնելիս որքան սառն են լուծույթները, այնքան լավ, որովհետև այս դեպքում առաջանում են քիմիկատի ավելի մանր բյուրեղիկներ։ Պատրաստի բորդոյան հեղուկը չի կարելի նոսրացնել ջրով։ Խառնելուց առաջ պղնձարջասպի լուծույթը և կրակաթը պետք է հասցվեն վերջնական խտության։ Բորդոյան հեղուկի պատրաստման համար հանձնարարվում է օգտագործել սինթետիկ, արծնապատ, ապակե, փայտե տարաներ։

Բուսական պատրաստուկների կիրառումը վնասատուների դեմ։ Գործարանային եղանակով պատրաստված թունաքիմիկատների բացակայության դեպքում վնասատու միջատների դեմ կարելի է օգտագործել բուսական պատրաստուկներ։ Դրանք նվազ արդյունավետ են, քան քիմիկատները, բայց հաճախ շատ թունավոր և վտանգավոր են մարդու համար, դրանց հետ աշխատելիս պետք է պահպանել նախազգուշական միջոցառումներ։ Պատրաստուկները, խտացրած եփուկները և թուրմերը պետք է պահպանել խիստ վտանգավոր թույների նման և երեխաներից հեռու պահել։

Ծխախոտ. օգտագործում են ծխախոտի փոշին և մախորկան։ Լվիճների, պղնձաբզեզների դեմ պայքարելու համար բույսերը փոշեպատում կամ ծխահարում են ծխախոտի փոշիով։ Ավելի հաճախ կիրառում են ծխախոտի կամ մախորկայի եփուկը և թուրմը։ 10 լ թուրմ ստանալու համար 300-400 գ ծխախոտի կամ մախորկայի փոշու վրա պետք է լցնել 5 լ տաք ջուր և թրմել 1-2 օր (երբեմն խառնելով)։ Հետո թուրմը լցնել ուրիշ ամանի մեջ, քամել երկտակ թանզիֆով և ջրով նոսրացնել մինչև 10 լ։ Սրսկումից առաջ ավելացնել 40 գ մանրած օճառ։ 10 լ եփուկ պատրաստելու համար վերցնել 250 գ ծխախոտի կամ մախորկայի փոշի, լցնել 2,5 լ ջուր և եփել 30 րոպե (ավելացնելով գոլորշացող ջուրը)։ Եփուկը թողնել (24 ժամ) մինչև պարզվի, լցնել ուրիշ ամանի մեջ, ֆիլտրել (ծծանցել), նոսրացնել ջրով մինչև 10 լ, ավելացնել 40 գ օճառ։

Պիրեթրում կովկասյան. դալմաթյան և պարսկական երիցուկների աղացած ծաղիկները։ Կիրառում են լվիճների, պղնձաբզեզների և մանր թրթուրների դեմ պայքարելու համար (փոշեպատում են բույսերը)։ Կարելի է օգտագործել նաև երիցուկի թուրմը. 10 լ ջրում լցնել 20 գ պատրաստուկ և թրմել 12 ժամ՝ խառնելով հեղուկը։ Ապա թուրմը լցնել այլ ամանի մեջ, իսկ մնացած թրջված պիրեթրումը նոսրացնել 5 լ ջրում և նորից թողնել 12 ժամ։ Երկրորդ թրման ժամկետը լրանալուց հետո 2 թուրմերը խառնել և ավելացնել 60 գ օճառ (40 գ՝ 10 լ թուրմին)։

Օշինդր դառը. օգտագործում են տերևակեր թրթուրների և խնձորենու պտղակերների դեմ։ Բույսը մթերում են ծաղկման շրջանում։ Եփուկ պատրաստելու համար 1 կգ օշինդրը պետք է եռացնել 5 լ ջրում 10-15 ր, սառեցնել, լցնել այլ ամանի մեջ և նոսրացնել ջրով։

Նախազգուշական միջոցառումներ թունաքիմիկատներով աշխատելիս։ Յուրաքանչյուր թունաքիմիկատը, թունավոր խոտերը, թուրմերը, եփուկները և ամանեղենը պետք է պահել առանձին տեղում, սննդամթերքից, կերից, խոհանոցային ամանեղենից հեռու։ Կտրականապես արգելվում է թույնի տարան օգտագործել մթերքներ, ջուր պահելու, կենդանիներին կերակրելու համար։ Թունաքիմիկատներով աշխատելու ժամանակ չի կարելի ուտել, ծխել։

Մեղուների և ծաղիկների թունավորումից խուսափելու համար քիմիական մշակումն արգելվում է կատարել ծաղկման փուլում։ Անհրաժեշտության դեպքում ներքևի հարկի պտղատու և հատապտղատու բույսերը պետք է ծածկել թաղանթով, ամուր թղթով, մոմլաթով։

Աշխատանքից հետո ձեռքերը և երեսը լավ լվանալ տաք ջրով և օճառով։

Վերջին քիմիական մշակումը պետք է կատարել բերքի հասունացումից առնվազն 20-30 օր առաջ։ Ելակը և ազնվամորին առաջին անգամ մշակում են մինչև ծաղկումը, այնուհետև՝ հատապտուղների հավաքից հետո։

Ժամկետանց թունաքիմիկատները պետք է ոչնչացվեն տարայի հետ։ Թաղում են գետնի մեջ։