ՏՏՀ/Սառնախցիկ կենցաղային
ՍԱՌՆԱԽՑԻԿ կենցաղային, նախատեսված է սննդամթերքի արագ սառեցման և այդ վիճակում երկար ժամանակ պահելու համար։ Օրինակ, միսը Ս-ում կարելի է առանց էական որակական փոփոխության պահել 6-8 ամիս, ձուկը՝ 2-3, բանջարեղենն ու միրգը՝ 8-12։
Ս-ի և սեղմումային տեսակի սովորական սառնարանի աշխատանքի սկզբունքը նույնն է. տարբերությունը գլխավորապես Ս-ի զգալիորեն ավելի մեծ սառնարտադրությունն է, որը հնարավորություն է տալիս մթերքը սառեցնել մինչև -25 և պահել -18 °C –ից ոչ բարձր ջերմաստիճաններում։ Ս-ում ստացվող մինուսային ջերմաստիճանի առավելագույն չափը նշվում է դռան արտաքին կողմին (Ս-ի մոդելի անվանման կողքին) կամ սառեցնող խցիկի ներքին դռնակի վրա՝ աստղանիշերով (ձյունափաթիլներով). մեկ աստղիկը նշանակում է –6 °C, երկուսը՝ -12 °C ևն։ Գույնով մյուսներից տարբերվող մեկ մեծ աստղիկը ցույց է տալիս սառեցման այն առավել ցածր ջերմաստիճանը, որը կարելի է ստանալ ցածրջերմաստիճանային բաժանմունքում Ս-ի ուժգնացված ռեժիմով աշխատանքի պայմաններում, այսինքն՝ անընդմեջ աշխատող ճնշակով։
Մթերքը Ս-ում տեղավորելուց առաջ հարկավոր է խնամքով փաթեթավորել անջրանցիկ նյութով (օրինակ, պոլիէթիլենային թաղանթով կամ ծրարով, նրբաթիթեղով, ցելոֆանով), մթերքը սառեցված վիճակում երկար ժամանակ պահելու դեպքում խոնավության սառնախտացումից խուսափելու համար։ Մթերքը ուժեղ սառեցնելու համար նախ անհրաժեշտ է տեղավորել Ս-ի վերին ցածրջերմաստիճանային բաժանմունքում։ Սառչելուց հետո մթերքը տեղափոխում են Ս-ի ներքևի բաժանմունք (դատարկ թողնելով վերևի խցիկը) և սարքը բերում աշխատանքի բնական ռեժիմի։ Սառեցնող խցիկում ջերմաստիճանը կարգավորվում է ջերմակարգավորիչով, որն ունի հաստատուն լարք և ավտոմատ կերպով պահպանում է տրված ջերմաստիճանը։
Ս-ի տեղակայումը և օգտագործման ձևը գործնականում չեն տարբերվում սեղմումային տեսակի կենցաղային սառնարաններին ներկայացվող պահանջներից։ Ս-ի տարբեր մոդելներ իրարից տարբերվում են սառեցնող խցիկների տարողությամբ և եզրաչափքով։