Jump to content

ՏՏՀ/Սիզամարգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍԻԶԱՄԱՐԳ, գազոն: Կանաչ Ս. ֆոն է՝ ծաղիկների և թփերի համար։ Ս. ստեղծելու համար պետք է հողը լավ նախապատրաստել. փորել բահով, մանրակրկիտ կերպով հանել մոլախոտերի արմատները և սոխուկները։ Հողը պետք է պարարտացնել օրգանական (բուսահող, կոմպոստ, գոմաղբ 4-6 կգ՝ 1 մ²–ին) կամ հանքային (լրիվ 30-40-50 գ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Եթե հողը լավորակ չէ, խորհուրդ է տրվում պարտեզի հող լցնել վրան։ Ս-ի տեղամասը պետք է հարթեցնել և ծառերի ու թփերի համար փոսեր փորել։ Մնացած մասում հարկավոր է ցանել միատեսակ հացազգի խոտերի կամ դրանց խառնուրդի և բակլազգիների սերմեր։ Կարելի է ստեղծել այսպես կոչված մավրիտանական Ս., որը կազմված է սիզամարգային խոտերի և գեղեցիկ ծաղկող բույսերի խառնուրդից (երիցուկ, կակաչ, հիրիկ, զանգակ, անմոռուկ ևն)։ Սերմերը հողի մեջ պետք է խցել փոցխերով, հարթեցնել և զգուշորեն ջրել, որպեսզի սերմերը չլվացատարվեն։

Ս. (բացի մավրիտանականից) պետք է կանոնավոր հնձել։ Թփակալումը բարելավելու համար խորհուրդ է տրվում առաջին անգամ հնձել, երբ ծիլերի բարձրությունը 6-8 սմ է։ Ամռանը Ս. պետք է հնձել մի քանի անգամ՝ թողնելով առնվազն 4-5 սմ, այլապես խոտաբույսը կնոսրանա։ Հնձելուց հետո խոտը պետք է անմիջապես հավաքել, իսկ Ս. առատ ջրել։ Ս. վաղ գարնանը պարարտացնում են օրգանական (բուսահող կամ կոմպոստ) կամ հանքային (ազոտական 10 գ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Արդյունավետ է փայտանյութի մոխիրը։

Ս-ի ֆոնի վրա գեղեցիկ են միայնակ կամ խմբերով տնկված ծաղիկները։ Առաջին դեպքում բույսը պետք է ունենա զարդարիկ, խոշոր վառ ծաղիկներ կամ գեղեցիկ տերևներ, լինի բավական բարձր, որպեսզի առանձնանա Ս-ի ֆոնի վրա (գեորգենի, բոցենի, զանգակածաղիկ, քաջվարդ ևն)։

Զարդարիկ բույսերը կարելի է տեղաբաշխել խմբերով։ Դրանց չափը և քանակը պայմանավորված է Ս-ի մակերեսով։ Տնկումների ուրվագծերը պետք է անել սահուն, ոլորուն՝ խուսափելով ձվաձև և խիստ համաչափ ձևերից։ Խմբի մեջ կարող է լինել բույսի մեկ տեսակ կամ սորտ կամ՝ մեկ տեսակ, բայց գույնով ներդաշնակ մի քանի սորտ։ Կարելի է կազմել խմբեր բույսերի մի քանի տեսակներից, ըստ որում զուգակցումներով, բայց ներդաշնակ գույներով, որպեսզի դրանք Ս-ի ֆոնի վրա բնական դիտվեն։