ՏՏՀ/Սեխ (աճեցումը)
ՍԵԽ (աճեցումը), ջերմասեր բույս է, լավ է աճում թեթև ավազախառն օրգանական նյութերով հարուստ հողերում, 26-28 °C–ում. ցրտահարվում է -0,5...–3 °C–ում։ Սերմերը ծլում են 12-13 °C–ից բարձր ջերմաստիճանի պայմաններում 4-6 օրում, 40-50 օր հետո բույսը ծաղկում է, բացվում են արական ծաղիկները, 7-10 օր հետո իգականները։ Ծաղկի բեղմնավորումից մինչև պտղի հասունացումը տևում է 30-45 օր։ ՀՀ-ում մշակվող սորտերից են Շալախը (վաղահաս, հասունանում է հուլիս ամսից և է տալիս է բարձր բերք), Սնեյվազը (միջահաս, գարնանը ցանելիս հասունանում է օգոստոսի երկրորդ կեսին, իսկ ամռանը ցանելիս՝ հոկտեմբերին, պահունակությունը բարձր է), Մասիս 2-ը (միջին ուշահաս, ստացվել է ընտրասերմամբ՝ Մասիս գյուղի տեղական սորտերից, պահունակությունը՝ բարձր), Կարմիր սեխը (միջահաս, ստացվել է Մասիս գյուղի տեղական սորտերից)։
Լավ նախորդներ են բազմամյա խոտերը։ Ս-ի համար հատկացված հողը վարում են աշնանը, վաղ գարնանը ցրտահերկը փոցխում են, հեռացնում մոլախոտերի մնացորդները։ Ջրովի բոստաններում մշակում են թմբերի վրա, ակոսային ջրումներով։ Թմբի լայնությունը՝ 2,8 մ, իսկ ջրակոսինը՝ 60 սմ։ Մ. ցանում են թրջած կամ ծլեցրած սերմերով։ Շարքերում միջբուսային հեռավորությունը պետք է լինի 40-50 սմ։ Ցանքը կատարում են բներով, յուրաքանչյուրում գցում 3-4 սերմ՝ 5-6 սմ խորությամբ։ Ծիլերը երևալուց 3-4 օր հետո ստուգում են և չծլած բների տեղը լրացնում։ Առաջին տերևների երևալուց հետո կատարում են առաջին նոսրացումը՝ ամեն մի բնում թողնելով 2-ական բույս։ 4-5 տերևներ առաջանալու ժամանակ ջրում են, կատարում խոր բուկլից և երկրորդ նոսրացումը՝ յուրաքանչյուր բնում թողնելով մեկ բույս։ Բուկլիցից 20-25 օր հետո և մինչև բերքահավաքը պետք է ջրել։ Պտղի հասունացումն սկսվում է հուլիսի վերջին և տևում մինչև սեպտեմբերի կեսը։