Jump to content

ՏՏՀ/Սուֆլե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍՈՒՖԼԵ, եփած և տրորած մթերքը հարած սպիտակուցի հետ խառնած և ջեռեփած ուտեստ։ Հաճախ պատրաստում են մրգով, հատապտղով և կակաոյով անուշահամ Ս.։

Ս. խնձորով. խնձորը լվանում են, կեղևում, բաժանում 4 մասի, հեռացնում միջուկը և կորիզները, լցնում սաճի կամ ոչ խոր կաթսայի մեջ, մի քիչ ջուր ավելացնում, եփում ջեռոցում, ապա հովացնում և տրորելով անցկացնում մաղով։ Խնձորի խյուսին ավելացնում են շաքարավազ, անընդհատ խառնելով եփում մինչև թանձրանալը, ապա խառնելով ավելացնում ծվի հարած սպիտակուցը։ Տապակը յուղում են, լցնում զանգվածը, դանակով հավասարեցնում և եփում տաք ջեռոցում։

Մատուցելուց առաջ վրան ցանում են շաքարափոշի։ Ս-ի հետ կարելի է մատուցել սառը կաթ կամ սերուցք։

6 ձվի սպիտակուցին՝ 300 գ խնձոր, 1 բաժակ շաքարավազ, 1 ճաշի գդալ կարագ, 2 ճաշի գդալ շաքարափոշի, 3/4 բաժակ կաթ կամ սերուցք։

Ս. վանիլով. կարագը հալեցնում են, ավելացնում ալյուր, աղ և խառնում։ Անընդհատ խառնելով քիչ-քիչ ավելացնում են տաք կաթ, շաքարավազ, դնում կրակին և անընդհատ խառնելով եփում մինչև թանձրանալը։ Դեղնուցն ու վանիլը հարում են և անընդհատ խառնելով ավելացնում տաք զանգվածին, ապա 15 րոպե պահում սառնարանում։ Տապակը կամ կաղապարը յուղում են և շաքարավազ ցանում։ Սպիտակուցը հարում են՝ մինչև փրփուր առաջանալը, զգուշորեն ավելացնում զանգվածին, խառնում, ապա լցնում կաղապարի մեջ, դնում նախապես տաքացրած ջեռոցի մեջ և եփում 30-35 րոպե։

5 ձվին՝ 3 ճաշի գդալ կարագ, 3 ճաշի գդալ ցորենի ալյուր, 3/4 բաժակ տաք կաթ, 3/4 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլ. աղը՝ ըստ ճաշակի։

Ս. պատրաստում են նաև հավով, ձկով, բանջարեղենով (դդմիկ, պոմիդոր, կարտոֆիլ ևն), պանրով, լոռով։