ՏՏՀ/Սպանախ (աճեցումը)
ՍՊԱՆԱԽ (աճեցումը), լավագույն սորտերն են Վիկտորիան, Շպինատայինը։ Ս. ցրտադիմացկուն է։ Սերմերը ծլում են +4 °C–ում, դիմանում –6 °C ցրտին։ Սպառողական հասունացումն սկսվում է ծիլերի երևալուց 30-45 օր հետո։ Ս. զգայուն է խոնավության նկատմամբ։ Հողը պետք է նախապատրաստել աշնանից։ Վերափորման ժամանակ 1 մ²–ին պետք է տալ 30 գ սուպերֆոսֆատ և 15 գ կալիումի քլորիդ։ Վաղ գարնանը փոցխելու ժամանակ 1 մ²–ին տալիս են 20 գ միզանյութ։ Թարմ օրգանական պարարտանյութեր չպետք է տալ. դրանք վատացնում են տերևների համային հատկությունները։ Թարմ Ս. ստանալու համար պետք է ցանել մի քանի ժամկետներում։ Ծլումն արագացնելու նպատակով սերմերը պետք է 1-2 օր թրջել տաք ջրով։ Ցանքից առաջ ուռած սերմերն անհրաժեշտ է թեթևակի չորացնել, որպեսզի չկպչեն իրար։ Ցանում են շարային եղանակով (միջշարային հեռավորությունը՝ 30 սմ, խորությունը՝ 2-3 սմ)։ Ցանքից հետո հողը հարթեցնում են։ Ծիլերի երևալուց հետո նոսրացնում են՝ թողնելով 8-10 սմ միջբուսային հեռավորություն։ Շոգ եղանակին առատ ջրում են։ Թույլ աճի դեպքում սնուցում են ազոտական պարարտանյութերով (10-15 գ միզանյութ)՝ 1 մ²–ին), ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ չպետք է կիրառել, որովհետև դրանք նպաստում են բույսերի ցողունավորմանը։ Բերքը հավաքում են, երբ առաջանում է 5-6 տերև։ Բերքահավաքը չպետք է ուշացնել, որովհետև գերաճած տերևները կոպտանում են և դառնում սննդի համար ոչ պիտանի։