ՏՏՀ/Սպիտականերկ
ՍՊԻՏԱԿԱՆԵՐԿ, սպիտակ գունանյութ, որը օլիֆի, ձեթի և այլ կապակցանյութերի հետ խառնելիս դառնում է սպիտակ ներկ։ Տարբերում են տիտանի, ծծմբի (լիթոպոն), ցինկի, կապարի Ս.։
Տիտանի Ս . (տիտանի երկօքսիդ) լայնորեն օգտագործվում է արտաքին և ներքին հարդարման աշխատանքներում կիրառվող մթնոլորտակայուն արծնաներկեր պատրաստելու համար։ Տիտանի երկօքսիդն ունի մեծ ծածկունակություն (1 մ² ներկվող մակերեսի համար նյութի ծախսը), չեզոք է և կարող է ավելացվել բոլոր տեսակի թաղանթագոյացնող նյութերի (լաք, օլիֆ) մեջ։ Պատրաստի Ս-ի ծածկունակությունը 50-70 գ է, անդրադարձման գործակիցը (ճերմակությունը)՝ 98,9 %:
Ծծմբի Ս. (լիթոպոն) նուրբ փոշի է, կիրառվում է ներքին հարդարման աշխատանքներում օգտագործվող արծնաներկի պատրաստման համար։ Մթնոլորտակայուն ծածկանյութեր պատրաստելու համար պիտանի չէ՝ լուսակայուն չլինելու պատճառով (լույսի ազդեցությամբ սևանում է)։ Լիթոպոնի ծածկունակությունը 110 գ է, անդրադարձման գործակիցը՝ 97,8 %:
Ցինկի Ս . օգտագործում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում կիրառվող արծնաներկեր պատրաստելու համար։ Ունի մեծ մթնոլորտա- և լուսակայունություն, ծածկունակությունը 100-110 գ է, անդրադարձման գործակիցը՝ 99,7 %: Ցինկի Ս. խորհուրդ չի տրվում խառնել մեծ թթվային թիվ ունեցող լաքերի հետ (ներկի թանձրացումից խուսափելու համար)։ Լիթոպոնի և ցինկի Ս-երը թողարկվում են թանձրալեսած կամ օգտագործման պատրաստ ներկերի տեսքով։ Թանձրալեսած Ս. բացում են ձիթալաքով և բնական օլիֆով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «Օքսոլ» օլիֆը, որը ներկաթաղանթին հաղորդում է դեղնավուն երանգ։ Ցինկի Ս-ով պատված մակերևույթի ճերմակությունը վերականգնելու համար պետք է սրբել ջրածնի գերօքսիդով թրջած լաթով։
Կապարի Ս. խիստ թունավոր լինելու պատճառով վաճառքի չի հանվում։