Jump to content

ՏՏՀ/Սպիտակեցնող միջոցներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ, լվացքի սպիտակեցման նյութեր։ Ս. մ-ի բաղադրիչներն ուժեղ օքսիդիչ (ջրածնի գերօքսիդ, նատրիումի հիպոքլորիտ, կարբոնատ, բորատ, միզանյութի գերհիդրատ) կամ վերականգնիչ (նատրիումի հիդրոսուլֆատ, ռոնգալիտ) ներգործությամբ օժտված քիմիական նյութեր են։ Ս. մ-ի զգալի մասը պարունակում է նաև օպտիկական սպիտակարարներ՝ նյութեր, որոնք ամուր նստում են գործվածքի թելքերին և ստեղծում են ճերմակության տպավորություն։ Ս. մ. վերականգնում են գործվածքի ճերմակությունը, ախտահանում, հաղորդում թարմություն, մաքրում բորբոսահետքերը և բծերը։ Այդ պատրաստուկներով մշակումը, միևնույն ժամանակ, փոքր-ինչ թուլացնում է գործվածքի ամրությունը, այդ պատճառով էլ Ս. մ. թույլատրվում է օգտագործել ոչ հաճախ, քան 2-3 լվանալը մեկ՝ պահպանելով հանձնարարականները։ Ս. մ. լինում են փոշիանման, հաբերով և հեղուկ։

Գործվածքները կարելի է սպիտակեցնել ջրածնի գերօքսիդով։ Դրա համար 10 լ եռման ջրին պետք է ավելացնել 30 գ 3 %-անոց ջրածնի գերօքսիդի լուծույթ և մեկ թեյի գդալ անուշադրի սպիրտ: Լվացած սպիտակեղենը լուծույթի մեջ թողնում են 20 րոպե: Այնուհետև սպիտակեղենը ցայում են տաք, ապա սառը ջրով։ Վուշե և բամբակե սպիտակեղենը կարելի է սպիտակեցնել ժավելաջրով. 10 լ համարյա եռման ջրին ավելացնում են 250 գ ժավելաջուր, լուծույթի մեջ ընկղմում լվացած սպիտակեղենը և թողնում 20 րոպեից մինչև 2 ժամ։ Այնուհետև սպիտակեղենը ցայում են սկզբում տաք, ապա սառը ջրով։

Սպիտակեղենը պետք է սպիտակեցնել ալյումինե, արծնապատ և ցինկապատ ամանի (ժանգազերծ) մեջ։ Նախապես պետք է նկատի ունենալ, որ մետաքսե, բրդե և սինթետիկ գործվածքների սպիտակեցումը թույլատրվում է 50–60 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Բծեր չունեցող իրերը լավ սպիտակում են քիմիական սպիտակարարներ պարունակող սինթետիկ լվացամիջոցներով լվանալիս (տես նաև Լվացամիջոցներ):