Jump to content

ՏՏՀ/Տաբատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՏԱԲԱՏ, կարում են բամբակե, բրդե, մետաքսե և տրիկոտաժե գործվածքներից։

Կանացի Տ. (նկ. 1). սպորտային ոճի, ազատ, դեպի ներքև նեղացող և կցակարված գոտիով։ Առաջամասը գոտուն է միացված փոթկարով։ Փողքերի ներքևի եզրերը հավաքված են ռետինաքուղով:

Գործվածքի ծախսը. 2 մ 32 սմ՝ 80 սմ լայնքի դեպքում: Չափսը՝ 164-88-96:

Բրդե գործվածքից տղամարդու Տ. (նկ. 2). դասական ոճի, ուղիղ, կցակարված գոտիով: Առաջամասում՝ գոտու կարից սկսվող ծալքեր, հետնամասում՝ 2 սեղմոն: Ունի կողքի գրպաններ և հետնամասի կտրովի գրպան:

Գործվածքի ծախսը. 1 մ 15 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 170-100–88։

Տ. կարելու առանձնահատկությունները։ Անհրաժեշտ ձև տալու համար Տ–ի առաջամասը և հետնամասը ենթարկում են խոնավաջերմային մշակման։

1. Հետնամասի 2 դետալը շիտակ երեսով դնում են իրար վրա (նկ. 3, ա)։ Խիտ և հաստ գործվածքից դետալները առանձին-առանձին են մշակում։ Ալիքավոր գծերով նշված մասերը լավ թրջում են ջրով և ձգելով արդուկում (մինչև չորանալը) քայլքի գծով (երկարացնելով 1 սմ) և փողքի ներսի կտրվածքով (երկարացնելով 1,5-2 սմ)։ Շոգեմշակումից դետալները ձևափոխվում են (նկ. 3, բ)։

2. Դետալները նշված ծալագծով ծալում են, աղեղներով նշված մասերը լավ թրջում ջրով և գործվածքը նստատեղի մասում և ծնկագծից ներքև կուչ ածելով (նստեցնելով) արդուկում (նկ. 4)։ Արդուկում են զգուշորեն, որպեսզի գործվածքը չճմրթվի և ծալքեր չառաջանան։ Շոգեմշակածից հետնամասը ձևափոխվում է և ընդունում նկ. 4 ա-ում բերված տեսքը։

3. Առաջամասի 2 դետալը շիտակ երեսով դնում են իրար վրա, նշված ծալագծով ծալում և շոգեմշակում ծնկագծից ներքև։ Շոգեմշակումից առաջամասն ընդունում է նկ. 5 բ-ում բերված տեսքը։

Լայն Տ-ի դեպքում շոգեմշակում են միայն նկ. 5 ա-ում նշված մասը։

Կանացի և տղամարդու Տ. մշակում են նույն կերպ։