ՏՏՀ/Սրտամկանի ինֆարկտ
ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ, բնորոշվում է արյունամատակարարման սուր խանգարման հետևանքով սրտամկանում մեռուկացման (նեկրոզի) օջախի առաջացմամբ։ Մեծամասամբ Ս. ի. զարգանում է սրտի պսակային անոթների աթերոսկլերոզի դեպքում։ Հաճախ աթերոսկլերոզին միանում է թրոմբոզը ախտահարված անոթի հատվածում։ Ս. ի-ի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, նյարդահոգեկան գերլարվածությունը, ծխելը։ Որպես կանոն, հիվանդությունը զարգանում է կրծքային հեղձուկի նոպաների հաճախացման և ուժեղացման ֆոնի վրա, որն ուղեկցվում է նիտրոգլիցերինի բուժական արդյունքի փոքրացմամբ։ Այդ շրջանը կոչվում է նախաինֆարկտային վիճակ։ Անհապաղ բժշկի դիմելը և նրա խորհուրդները պարտադիր կատարելը (ընդհուպ մինչև հոսպիտալացում) հաճախ հնարավորություն են տալիս կանխելու Ս. ի-ի զարգացումը։
Մեծամասամբ Ս. ի. սկսվում է սրտի շրջանի կամ կրծոսկրի հետևի սուր, տևական ցավերով, որոնք ճառագայթվում են դեպի ձախ ձեռքը և թիակը, երբեմն ցավն ընդգրկում է ամբողջ կրծքավանդակը: Ցավը չի ընդհատվում նիտրոգլիցերին ընդունելուց հետո։ Որպես կանոն, նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն օրեր, ուղեկցվում է խիստ թուլությամբ, մահվան վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի գործունեության խանգարման այլ ախտանշաններով։ Երբեմն Ս.ի–ի սկզբնական ախտանշան կարող են լինել հևոցը՝ առանց ուժեղ արտահայտված ցավի (կրծքային հեղձուկի նոպաներ) կամ որովայնի ցավերը։
Ս. ի-ով հիվանդը կարիք ունի անհետաձգելի բժշկական օգնության, ուստի սրտի շրջանում ցավի նոպայի դեպքում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն հրավիրել (մանավանդ, եթե ցավը չի հանգստանում վալիդոլ կամ նիտրոգլիցերին ընդունելուց հետո)։
Մինչև բժշկի գալը հիվանդին հարկավոր է պառկեցնել։ Նիտրոգլիցերինը, եթե նույնիսկ ցավազրկող ազդեցություն չի թողնում, նպատակահարմար է ընդունել մի քանի անգամ։ Հիվանդի վիճակը նկատելիորեն թեթևացնում են ցավը մեղմացնող միջոցները. կրծքին մանանեխի ծեփուկներ, ոտքերին ջեռակ, ձեռքերի տաքացում։ Ս. ի-ով հիվանդների լիարժեք բուժումը հնարավոր է միայն հիվանդանոցային պայմաններում։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բուժումը շարունակվում է տանը։ Աշխատունակության վերականգնումը, ինչպես նաև կրկնակի ինֆարկտի կանխումը, հիմնականում կախված են հիվանդի վարքագծից։ Անհրաժեշտ է կանոնավոր կերպով դիմել բժշկի, խստորեն կատարել նրա նշանակած բուժումն ու պահպանել ռեժիմը։ Վերջինս սահմանվում է անհատականորեն։ Ս. ի. կրած յուրաքանչյուր անձ պետք է դադարեցնի ծխելը, բացառի ալկոհոլի օգտագործումը, կանոնավորի օրվա ռեժիմը։ Գերադասելի է ամեն օր վեր կենալ և պառկել նույն ժամին, քնել 7 ժամից ոչ պակաս։ Խորհուրդ է տրվում հետևել բժշկի նշանակած չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածությանը (10-15 րոպե առավոտյան մարմնամարզություն. վարժությունների համալիրը պետք է համաձայնեցվի բուժող բժշկի հետ) և օրվա մեջ ու քնից առաջ կատարել ոչ հոգնեցուցիչ (ըստ տևողության և արագության) զբոսանքներ։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել մաքուր օդում, արձակուրդը՝ սովորական կլիմայական պայմաններում։
Օրական պետք է սնվել 4 անգամ, բազմատեսակ, վիտամիններով հարուստ, բայց սահմանափակ կալորիականությամբ (օրական՝ մինչև 2500 կկալ)։ Վերջին անգամ պետք է ուտել քնելուց 2-3 ժամ առաջ։ Ընթրիքին ցանկալի է կաթնաշոռը, մածունը և օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող այլ սնունդ։ Խորհուրդ չի տրվում գիշերը խմել գրգռող ըմպելիք մուգ թեյ կամ սուրճ։ Քանի որ Ս.ի. կրած մարդը որոշ ժամանակ հարկադրված է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ուստի պայմաններ են ստեղծվում մարմնի զանգվածի ավելացման համար։ Այդ պատճառով հիվանդը պետք է չափավոր ուտի, սահմանափակի հեղուկները (ապուր, անուշապուր, մրգաջուր) մինչև 1,2-1,5 լ։
Արգելվում է ֆիզիկական և նյարդային գերլարված (գիշերային հերթափոխի, տաք արտադրամասերի) աշխատանքը։ Քանի որ նյարդային ցնցումները կրծքային հեղձուկի սրացման անմիջական պատճառ են դառնում, հիվանդն ինքը և նրան շրջապատող անձինք պետք է ընտանիքում և աշխատանքային կոլեկտիվում ստեղծեն հանգիստ պայմաններ։ Բուժման և վերականգնման համալիրի ճիշտ ընտրությունը հնարավորություն է տալիս Ս. ի. կրած հիվանդների մեծամասնությանը վերադառնալ աշխատանքի։